Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:38 04-03-2022

Հայաստան է ժամանել ՌԴ գլխավոր զինվորական դատախազ Վալերի Պետրովը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ, գլխավոր զինվորական դատախազ Վալերի Պետրովի գլխավորած պատվիրակությանը: Վերջինիս կազմում էր նաև ՌԴ հարավային ռազմական շրջանի զինվորական դատախազ Վլադիսլավ Պրիխոդկոն, որի ենթակայությամբ են գործում ռուսական խաղաղապահ ուժերի շրջանակում Արցախում տեղակայված ՌԴ դատախազության ներկայացուցիչները:

Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

Արթուր Դավթյանը նախ շնորհակալություն է հայտնել այս կարևոր այցը ՌԴ-ի համար ներկայիս դժվարին պահին իրականացնելու համար: Նա արժևորել է ՀՀ և ՌԴ դատախազական համակարգերի միջև հաստատված և օրստօրե ավելի խորացող հարաբերությունները: Համագործակցությունը զարգացնելու երկուստեք շահագրգռությունը, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, նպաստել է իրավական փոխօգնության, մարդկային ռեսուրսների կատարելագործման և անդրազգային հանցավորության դեմ պայքարի ոլորտներում համատեղ շոշափելի արդյունքների ապահովմանը: Նա ընդգծել է ՌԴ իր գործընկերոջ՝ Իգոր Կրասնովի անձնական ներդրումը հետպատերազմյան շրջանում կուտակված հումանիտար հիմնահարցերի լուծման նախաձեռնություններում, շեշտել հատկապես կողմերի միջև հաղորդակցության, տեղեկատվության փոխանակման ձևաչափեր ապահովելու, երկխոսության մթնոլորտ ձևավորելու հարցում ՌԴ դատախազության դրսևորած հետևողականությունը:

ՌԴ գլխավոր զինվորական դատախազ Վալերի Պետրովը նշել է, որ ՀՀ և ՌԴ դատախազությունները հաջողությամբ գործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակող ձևաչափերով, ինչի համար կարևոր նախադրյալ է ապահովում նախընթաց ժամանակահատվածում ձևավորված հարուստ իրավապայմանագրային բազան, ունեցած ընդհանուր պատմությունն ու ավանդույթները:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության, հանցավորության միտումների վրա հակամարտությունների ազդեցության վերաբերյալ:

Երկուստեք կարևորվել է Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի և Սյունիքում սահմանապահ ծառայություն իրականացնող ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների դերը տարածաշրջանային կայունության, լարվածության թուլացման հարցում: Արթուր Դավթյանն նշել է, որ Հայաստանում և Արցախում տեղակայված ՌԴ ԶՈՒ ուժերը ՀՀ ԶՈՒ և ԱրՀ պաշտպանության բանակի հետ միասին անվտանգության երաշխիքներ են ստեղծում հայ ազգաբնակչության համար, ապահովում բնականոն կենսագործունեությունը հատկապես շփման գծին մերձ բնակավայրերում:

Ընդգծվել է, որ Արցախում գտնվող ՌԴ դատախազության ներկայացուցիչների գործունեությունը նպաստում է ռուսական ռազմական կոնտիգենտի շրջանում իրավակարգի ապահովմանը, ազգաբնակչության հետ հարաբերություններում փոխվստահության բարձրացմանը:

Արթուր Դավթյանը հյուրերին մանրամասն տեղեկացրել է այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից բխող՝ հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց ՀՀ-ին անվերապահորեն վերադարձնելու հումանիտար պարտավորությունները, ավելին, շարունակվում են նրանց նկատմամբ անհիմն և ապօրինի քրեական հետապնդումները և դատական գործընթացները: Բացի այդ, արձանագրվել են հրադադարի ռեժիմն Ադրբեջանի ԶՈւ կողմից խախտելու բազմաթիվ դեպքեր, որոնք զինծառայողների և քաղաքացիական բնակչության շրջանում հանգեցրել են զոհերի, բազմաթիվ գույքերի վնասման: Այդ միջադեպերի մասին տեղեկատվության փաթեթը փոխանցվել է ռուսական կողմին՝ հույս հայտնելով, որ դրանք կքննարկվեն ադրբեջանական կողմի հետ հետագա հաղորդակցության ընթացքում:

Արթուր Դավթյանը ՌԴ գործընկերների ուշադրությունը հրավիրել է այն իրողության վրա, որ ադրբեջանական կողմի խուսափողական վարքագծի պատճառով գործնականում ցածր արդյունավետություն ունի նաև շփման գոտում խախտումների և միջադեպերի վերաբերյալ ՀՀ-ի, ՌԴ-ի և ԱՀ-ի միջև տեղեկատվության փոխանակման, բոլոր դեպքերը պատշաճ քննության առարկա դարձնելու շուրջ երեք երկրների գլխավոր դատախազների ձեռք բերած պայմանավորվածությունների կատարումը:

Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը երկուստեք բարձրացված հարցերի շուրջ:

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
09:55 Հաղթանակ չի լինի. Զելենսկին հայտարարել է Պուտինին կանգնեցնելու միակ միջոցի մասին
09:34 Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. իրար են բախվել մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. կա զոհ
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
22:45 Քիչ էր մնում վիրահատեին. ինֆլուենսեր Աքսաննան ահազանգել է եղունգների լիցքից հետո առաջացած սարսափելի խնդրի մասին