copy image url
Հայտարարագիր Ներքին 1 ժամ առաջ - 22:30 02-07-2026

Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ալեն Սիմոնյանը հեռանում է խորհրդարանից․ նա չի վերցնելու իր պատգամավորական մանդատը։

Սիմոնյանը հավակնում էր նաև նոր խորհրդարանի խոսնակի պաշտոնին, սակայն օրերս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հաստատեց ոչ թե նրա, այլ ԱԺ-ի ներկայիս փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։

Oragir.News-ն ուսումնասիրել է Սիմոնյանի և նրա նախկին կնոջ՝ Մարիամ Մարգարյանի, 2025 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը, որոնք ներկայացնում է իր ընթերցողների դատին։ Նշենք, որ Ալեն Սիմոնյանը նախորդ տարվա հուլիսին ամուսնալուծվել էր, իսկ տարեվերջին նշանադրվել էր երիտասարդ մոդել Անելյա Գուբրյանի հետ։ Սակայն նրա նախկին կինը՝ Մարիամ Մարգարյանը, 2025 թվականին եղել է նրա հետ համատեղ բնակվող անձանց թվում և հայտարարագիր է ներկայացրել, որն էլ այժմ ներկայացնում ենք ձեզ։

Որպես անշարժ գույք՝ Ալեն Սիմոնյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որը գնել է 2019 թվականի օգոստոսի 15-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։

Ալեն Սիմոնյանը 2025 թվականին 90 օրից ավելի տիրապետել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող մի առանձնատան, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա չի հայտարարագրել։

Ալեն Սիմոնյանը 53 մլն 806․000 դրամ փոխառություն է ունեցել «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից, որն էլ հենց կառուցում է «Բյուրեղ» բնակելի թաղամասը և պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին։

Սիմոնյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1972 դրամ և 209․9 դոլար, տարեվերջին՝ 654․933,3 դրամ և 79․8 դոլար։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 26 մլն 150 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 26․5 մլն դրամ։

2025 թվականի հաշվետու տարում Ալեն Սիմոնյանի եկամուտները կազմել են 27 մլն 917․879 դրամ, որից 23 մլն 556․920 դրամը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է, 4 մլն 360․959 դրամը՝ եկամտային հարկի վերադարձը։ Բացի այդ, նա մեկ այլ եկամուտ էլ է ունեցել, որը, սակայն, նախընտրել է հանրությունից գաղտնի պահել։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 63 մլն 399․810 դրամ։

Սիմոնյանն իր դրամական միջոցներից 3 մլն 80 հազար դրամ ուղղել է հանգստի համար կատարված ճանապարհածախսին, 13 մլն 606․404 դրամ էլ՝ վարկի մարմանը։

Ալեն Սիմոնյանի նախկին կինը՝ Մարիամ Մարգարյանը, որպես անշարժ գույք, հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որը գնել է դեռևս 2014 թվականի նոյեմբերի 7-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։

Մարիամ Մարգարյանը հայտարարագրել է 1 հատ 50 հազար դրամ, 1 հատ 10 հազար դրամ արժողությամբ բաժնեմասեր, ինչպես նաև 1 հատ 10 հազար դրամ արժողությամբ փայ՝ չհստակեցնելով, թե դրանք ինչ են իրենցից ներկայացնում։

Վերջինս նույնպես իր հայտարարագրում նշել է 53 մլն 920․000 դրամ փոխառությունը՝ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից, ինչպես նաև տարվա ընթացքում «Քեյ Վայբս» ՍՊԸ-ին 1․5 մլն դրամ փոխառություն է տրամադրել, որը տարեվերջին պահպանվել է։

Մարիամ Մարգարյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1 մլն 115․949 դրամ և 776․72 դոլար, տարեվերջին՝ 240․544 դրամ և 636․68 դոլար։ Վերջինիս կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 12 մլն 700 հազար դրամ և 1500 դոլար, իսկ տարեվերջին՝ 15 մլն 800 հազար դրամ և 1300 դոլար։



2025 թվականին Մարիամ Մարգարյանի եկամուտները կազմել են 28 մլն 105․620 դրամ, որից 19․500 դրամը՝ «ԷՖԷՄԷՖ ԳՐՈՒՊ»-ից ստացած աշխատավարձը, 11 մլն 124․013 դրամը՝ շահաբաժինը, 7 մլն 200 հազար դրամը՝ Free News-ից ստացած աշխատավարձը, 7 մլն 92 հազար դրամը՝ Լիզա Սահակյանից վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցումը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 42 մլն 368․841 դրամ։

Ալեն Սիմոնյանի նախկին կինն իր եկամուտներից 6 մլն 480․027 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։