Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:03 05-10-2021

ԵՄ-ն Pfizer-ի և Moderna-ի խթանող դեղաչափեր է առաջարկում

Դեղամիջոցների եվրոպական գործակալության (EMA) մարդու համար նախատեսված դեղամիջոցների կոմիտեն Pfizer-ի և Moderna-ի COVID-պատվաստանյութերի խթանող դեղաչափեր է խորհուրդ տալիս թույլ իմունիտետով անձանց: Այս մասին հաղորդել է EMA-ի մամուլի ծառայությունը:

Հետազոտությունների համաձայն, պատվաստանյութի երկրորդ ներարկումից 28 օր հետո երրորդ դեղաչափի ներարկումը մեծացնում է օրգանների փոխպատվաստման ենթարկված, թուլացած իմունային համակարգ ունեցող հիվանդների վիրուսի նկատմամբ հակամարմիններ արտադրելու ունակությունը:

Միևնույն ժամանակ, չկա ուղղակի ապացույց, որ հակամարմիններ արտադրելու ունակությունը այս հիվանդներին պաշտպանում է COVID-19-ից: Այնուամենայնիվ, ակնկալվում է, որ խթանող դեղաչափը կբարձրացնի առնվազն որոշ հիվանդների դիմադրողականությունը:

«EMA-ն կշարունակի հետևել դրա արդյունավետության վերաբերյալ ցանկացած տվյալի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կարևոր է նաև տարբերակել երրորդ դեղաչափի ներարկման նշանակությունը թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց և նորմալ իմունային համակարգ ունեցող մարդկանց համար, շեշտել են EMA-ում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջինների մոտ հակամարմինների մակարդակի զգալի աճ է գրանցվում, երբ խթանող դեղաչափի ներարկումը կատարվում է երկրորդից մոտավորապես 6 ամիս անց:

«Այս տվյալների հիման վրա կոմիտեն եզրակացրել է, որ կրկնակի պատվաստումը կարող է ցուցվել 18-ից բարձր տարիքի անձանց՝ երկրորդ դեղաչափի ներարկումից առնվազն 6 ամիս հետո», - եզրափակել է EMA-ն: