copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:54 01-10-2021

Սաակաշվիլին գտնվում է Տրուսկավեցում. ԶԼՄ-ներ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որն այսօր հայտարարել է, որ ժամանել է Վրաստան և գտնվում է Բաթումում, իրականում չի լքել Ուկրաինան: Այս մասին հաղորդել է վրացական Imedi հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ սեպտեմբերի 25-ին Սաակաշվիլին Ամստերդամից ժամանել է Ուկրաինա, որից հետո մեկնել է Լվովի մարզի Տրուսկավեց, որտեղ և գտնվում է արդեն չորս օր: Հենց այս քաղաքում է այսօր-վաղը տեղի ունենալու «Ժողովրդի ծառա» խմբակցության ժողովը՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ:

Այն, որ Սաակաշվիլին Վրաստանի տարածքում չէ, հայտարարել է նաև երկրի ՆԳՆ-ն:

«Մենք ունենք ակտիվ շփում ուկրաինական կողմի հետ: Նրանց անունից կարող եմ վստահաբար և միանշանակ ասել, որ Միխեիլ Սաակաշվիլին չի հատել Ուկրաինայի պետական ​​սահմանը»,- ասել է Վրաստանի ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն:

Իր հերթին, Սաակաշվիլիի Միացյալ ազգային շարժումը պնդում է, որ նա հայտնվել է Վրաստանում, և քաղաքացիները կարող են նրա հետ շփվել հոկտեմբերի 2-ին տեղական ընտրությունների քվեարկության ավարտից անմիջապես հետո:

Ամենից շատ դիտված