copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:38 28-09-2021

Լարվածությունը ոչ մեկի համար շահաբեր չէ․ Միչոտակիսը՝ թուրք-հունական հարաբերությունների մասին

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միչոտակիսը ծավալուն հարցազրույց է տվել, որում գնահատել է 2021թ. ընթացքում հույն-թուրքական հարաբերությունները և դրանց ապագան:

Միչոտակիսը նշել է, որ Արևելյան Միջերկականում այս տարի բավականին խաղաղ է անցել: Այս համատեքստում նա հույս է հայտնել, որ Թուրքիան արդեն հասկացել է, որ այնտեղ ստեղծված լարվածությունը ոչ մի կողմի համար շահաբեր չի լինելու:

Հունաստանի վարչապետը հնարավոր է համարել Թուրքիայի հետ համագործակցությունն այնպիսի համընդհանուր խնդիրներում, ինչպիսիք են կլիմայի գլոբալ տաքացումը, միգրացիայի հարցը: Երկկողմ տնտեսական համագործակցության վերաբերյալ Միչոտակիսը նշել է, որ դա հնարավոր է բարիդրացիական հարաբերությունների և փոխադարձ հարգանքի շրջանակներում:

Երկու երկրների միջև խնդիրների՝ մասնավորապես Արևելյան Միջերկականում և Էգեյան ծովում խնդիրների մասին խոսելիս Միչոտակիսն ընդգծել է, որ դրանց միակ լուծումը տալիս է միջազգային իրավունքը:

«Մենք Իտալիայի և Եգիպտոսի հետ կնքած պայմանագրերի օրինակով ցույց տվեցինք, որ հնարավոր է նման համաձայնության գալ: Հստակ եմ ասելու, որ կարող են ձեռք բերվել համաձայնություններ, որոնք հանուն բոլորի համար ձեռնտու լուծումների, պահանջում են որոշ հարցերում փոխադարձ զիջումներ»,- նշել է Միչոտակիսը:

Նա նաև անդրադարձել է Հունաստանի բանակի արդիականացման հարցին՝ նշելով, որ այն պարզապես անհրաժեշտություն է: «Հունաստանը Թուրքիայի հետ սպառազինության մրցավազքի մեջ մտնելու մտադրություն չունի»,- ընդգծել է Հունաստանի վարչապետը:

Հիշեցնենք, որ թուրք-հունական հարաբերությունները լարվել էին, երբ Թուրքիան սկսել էր էներգետիկ ռեսուրսների որոնման, ապա նաև հորատման աշխատանքներ իրականացնել Արևելյան Միջերկրականի այն հատվածներում, որոնք միջազգայնորեն ճանաչված են որպես Կիպրոսի բարձրագույն տնտեսական գոտի:

Ձեզ գուցե հետաքրքրի