copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:00 09-09-2021

Խնդիրներ հաշմանդամության կարգավիճակի սահմանման ու բողոքարկման գործընթացում. տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր խորհրդի նիստ

Սեպտեմբերի 7-ին հրավիրվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստ։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված քննարկման հիմնական թեման վերաբերել է հաշմանդամության կարգավիճակի սահմանման չափորոշիչների և բժշկասոցիալական փորձաքննության արդյունքների բողոքարկման հետ կապված հիմնախնդիրներին։

Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ը:

Արման Թաթոյանը բացման խոսքում նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումներն ու բողոքների ուսումնասիրությունը վկայում են, որ հաշմանդամության կարգավիճակի սահմանման հիմնախնդիրները համակարգային բնույթի են: Դրանց պատճառով են խախտվում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:

«Հաշմանդամության կարգավիճակ սահմանելու նպատակով նշանակված բժշկասոցիալական փորձաքննությունների ընթացքում չի իրականացվում անձի օբյեկտիվ զննություն, հաշվի չեն առնվում անձի կենսագործունեության իրական հնարավորությունները, չի իրականացվում իրական կարիքների գնահատում, փոխարենը հանձնաժողովի կողմից ուշադրություն է դարձվում միայն ներկայացված բժշկական փաստաթղթերում կատարված տերմինաբանական նշումներով արտացոլվող ախտորոշումներին՝ առանց դրանք համադրելու անձի կարիքների և հնարավորությունների հետ: Այս դեպքում խնդիրն այն է, որ բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներն ու բժշկասոցիալական փորձաքննության միջոցով հաշմանդամության կարգավիճակի, խմբերի սահմանման չափորոշիչները հստակ չեն և հաճախ տարաբնույթ մոտեցումների կիրառման պատճառ են դառնում»,- նշել է Արման Թաթոյանը:

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ մարդիկ իրենց մտահոգությունն են հայտնում, որ հաշմանդամության կարգավիճակի սահմանումից հետո իրենք իրենց կյանքի որակը, կենսակերպը շարունակում է մնալ նույնը, իսկ որոշ դեպքերը էլ հայտնվում են էլ ավելի ծանր վիճակում: Խնդիրն էլ ավելի է խորանում կարիքահեն համայնքային ծառայությունների սղության, իսկ որոշ դեպքերում (օրինակ, հազվադեպ հանդիպող ախտորոշումների համար) առհասարակ բացակայության պատճառով։ Արդյունքում, անձը զրկվում է ոչ միայն ստեղծված իրավիճակում կենսակերպն ինքնուրույն ապահովելու հնարավորությունից, այլև առաջացած խնդիրների լուծման հարցում բախվել է աջակցող հնարավորությունների և ծառայությունների բացակայությանը։

Հաշմանդամության կարգավիճակի սահմանման կամ հաշմանդամության խմբի փոփոխման հետ կապված խնդիրներն էլ ավելի են խորանում հանձնաժողովների որոշումների վերաբերյալ վարչական ակտերի բողոքարկման գործող ընթացակարգերի արդյունավետ չլինելու պատճառով։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումները փաստում են, որ վարչական ակտի բողոքարկման պարագայում հաճախ կատարվում է վարչական ակտի մակերեսային ուսումնասիրություն և որոշումը հիմնականում մնում է անփոփոխ, չի կատարվում ամբողջական՝ անձի գանգատների, տեղեկությունների վերլուծություն և փաստաթղթային զննություն։

Այդ դեպքում էլ մարդիկ նշում են, որ ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով, չնայած իրենց առողջական վիճակի փաստացի վատթարացմանը, նոր բժշկական փաստաթղթեր ստանալու նպատակով հետազոտություններ չեն կարողանում անցնել, ինչի պատճառով էլ չեն կարող բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներին վերափորձաքննություն անցնելու նպատակով:

Հաշմանդամության սահմանման ֆունկցիոնալության գնահատման մոդելին անցնելու նպատակով 2021 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքը, սակայն օրենքի կիրառումն ապահովող գործիքակազմ, ընթացակարգեր դեռևս ներդրված չեն:

Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստին բարձրացվել են տարաբնույթ հարցեր կապված հաշմանդամության կարգավիճակի սահմանման չափորոշիչների և բժշկասոցիալական փորձաքննության արդյունքների բողոքարկման անարդյունավետության հետ։

Բարձրացված հարցերը կամփոփվեն, ըստ իրավասության գրություններ կուղարկվեն իրավասու մարմիններին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ