Ներքին 5 տարի առաջ - 18:10 13-06-2021

Նոր գործընթաց է սկսվել, որի արդյունքում բոլոր գերիները վերադառնալու են. Փաշինյան

Ադրբեջանից տասնհինգ գերիների վերադարձը իրադարձություն չէ, դա գործընթաց է. մի նոր գործընթաց է սկսվել, որի արդյունքում մեր բոլոր եղբայրները վերադառնալու են։ Այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն՝ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակում հանդիպելով Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչների հետ։

Փաշինյանը նշեց. «Հայաստանի հանրության 98 տոկոսը հունիսի 12-ին վերջապես վայելեց 15 հայ գերիների վերադարձը»։

Նա հավելեց, որ իր միտքն արդեն մյուս գերիների և նրանց ընտանիքների հետ է, որոնք դեռ չեն վերադարձել։ «Մեր 15 գերիների վերադարձը իրադարձություն չէ, դա գործընթաց է։ Եվ ես կարող եմ արձանագրել, որ մի նոր գործընթաց է սկսվել, որի արդյունքում մեր բոլոր եղբայրները վերադառնալու են։ Բայց ես էլի ուզում եմ ասել, որ դա մենք իրար հետ ենք անելու»,- նկատեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ դիմելով ներկաներին։

Փաշինյանի բնորոշմամբ՝ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններն այդ առումով շատ կարևոր են. «Ես չեմ բացառում, որ կան ուժեր, որոնք ամենատարբեր խոչընդոտներ են հարուցել այս ընթացքում, որ սառեցվի գերիների վերադարձի գործընթացն, այդ թվում՝ ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալու նկատառումով։ Բայց ընտրությունների արդյունքներով մենք մեր միակամությունը պետք է արձանագրենք, պետք է ցույց տանք, որ մենք հաստատակամ ենք այդ դժվարությունները հաղթահարելու՝ հանուն մեր նպատակների»։

Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի կողմից Ադրբեջանին՝ այդ երկրի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքների ականապատման քարտեզների տրամադրմանը՝ վերահաստատելով, որ «քարտեզը չենք փոխանակել գերիների հետ, մենք քայլին քայլով ենք պատասխանել, կառուցողական քայլով կառուցողական քայլով ենք պատասխանել»։

«Մենք մի ռեգիոնի քարտեզ ենք տվել, ընդ որում, ցավոք սրտի, այդ ականադաշտերը մեզ և նրանց արդեն չեն բաժանում։ Դա իրանց թիկունքում է։ Մենք իրենց թիկունքի քարտեզները տվել ենք, բայց էլի ոչ թե փոխանակության համար»,- հավելեց Փաշինյանն՝ ընդգծելով. «Երբ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ասաց, դուք պատրաստ եք քայլ անել, եթե իրենք քայլ անեն, ես ասացի՝ այո, մենք պատրաստ ենք»։ Ի՞նչ քայլ եք պատրաստ անել։ Ես ասացի, որ մեր ունեցած քարտեզների մի մասը կտանք»։

Նա հավաստեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել այդ պրոցեսը, որովհետև հայ գերիներ կան Ադրբեջանում և հայկական կողմն ունի ականադաշտերի քարտեզներ։ «Ընդ որում, ես ասում եմ, որ մենք դեռ դեկտեմբերին կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար փոքր-փոքր թվերով տվել ենք այդ քարտեզներից»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ հայկական կողմը դադարեցրել է քարտեզների տրամադրումն այն ժամանակ, երբ Ադրբեջանը դադարեցրել է հայ գերիների վերադարձի գործընթացը։ «Բայց մենք պատրաստ ենք իրենց թիկունքում գտնվող բոլոր ականադաշտերի քարտեզները տալ։ Բայց մեր հանրությունը չի հասկանա, եթե մենք այնտեղ գերիներ ունենալու պայմաններում միակողմանի վերադարձնենք»,- շեշտեց վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից կառուցողականության առաջին քայլը երևաց, երբ նրանք վերադարձրին մոլորված հայ զինվորին։

Հանարահավաքից հետո տեղի ունեցավ երթ։

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
16:18 Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը
14:35 Դու կնոջը չես նայում իր ինտելեկտի համար, այլ իր բաց հագնվածի. Կարեն Հովհաննիսյանի սկանդալային հայտարարությունը
23:25 Փամբակ գետում որոնվող քույրերը Արցախից են. նրանց դեռ չեն գտել
20:00 Անուշը չի կորի, Արտգրակը չի կորի, ափսոս են ուսանողները, որոնցից խլում են ոչ թե պարզապես մի ամբիոն, այլ պատուհան՝ դեպի աշխարհ. Արտակ Ալեքսանյան
13:02 Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու