copy image url
Ներքին 5 տարի առաջ - 18:01 24-05-2021

Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղին արդիականացվել է

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող՝ Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղին ամբողջությամբ արդիականացվել է:

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ ներդրվել են մուտքի և ելքի ավտոմատ կառավարման, վճարման և տեսահսկման համակարգեր:

«Նախկինում ավտոկայանատեղի մուտք գործելիս անհրաժեշտ էր սեղմել կոճակը և վերցնել կտրոնը, որտեղ գրանցված էր մուտքի ժամը և ելք կատարելիս պետք էր ներկայացնել կտրոնը, որտեղ ժամն էր նշված, հենց դրա հիման վրա էլ կատարվում էր հաշվարկ և տեղում միայն կանխիկ վճարում էր իրականացվում»,- նշում է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը:

Այժմ տեղադրված հատուկ տեսախցիկը պատկերի վերլուծությամբ գրանցում է պետհամարանիշը և արձանագրում մուտքի ժամը: Համակարգը սկսում է հաշվարկել մեքենայի համար վճարվելիք գումարը, և անցարգելն ինքնաշխատ բացվում է: Վարորդներն այսուհետ կայանելու համար պետք է վճարեն ինքնասպասարկման թերմինալներով: Ավտոկայանատեղիի երեք հարկերում տեղադրված վեց թերմինալները վճարային տարբեր եղանակների հնարավորություն ունեն:

«Կարող են վճարումը կատարել թե կանխիկ, որի ժամանակ նաև մանրադրամն է վերադարձվում, հնարավոր է վճարել բանկային քարտով, ինչպես նաև NFC համակարգով՝ բջջային հեռախոսով»,- ասում է Սարգիս Մանուկյանը:

«Այստեղ երևում է այս երկու օրերի ընթացքում մեքենաների շարժը, և կարող ենք փաստել, որ արդեն իսկ թերմինալներով վճարել են մեր վարորդների 50 տոկոսից ավելին»,- նկատում է ընդհանուր աշխատանքների կազմակերպման ծառայության պետ Արտյոմ Գալստյանը:

Շուրջ 500 մեքենայի համար նախատեսված համայնքային ավտոկայանատեղիում գործում են տարբեր սակագներ, նաև ամսական բաժանորդագրության հնարավորություն կա:

«Առավոտյան 9-ից մինչև 24:00-ը մեկ ժամի արժեքը 200 դրամ է, 24:00-ից մինչև առավոտյան 9:00-ը մեկ ժամի արժեքը՝ 100 դրամ, սակայն, եթե ամբողջ գիշեր է մեքենան կայանում, ապա՝ 500 դրամ: Գոյություն ունի նաև ամսական բաժանորդագրություն, որի արժեքը 20 հազար դրամ է: Ի դեպ, համեմատականով եթե նայենք, կենտրոնի այլ ստորգետնյա ավտոկայանատեղիների համեմատ շատ մատչելի է. մյուս տեղերում մոտ երկու անգամ ավելի թանկ է», -նշում է սպասարկող ընկերության աշխատակից Սարգիս Աբրահամյանը:

«Հաշվետվողականությունն է մեծացել, արդեն հստակ է, թափանցիկ, որևէ շեղում հնարավոր չէ: Այստեղ մեկ կարևոր հանգամանք էլ կա. եթե նախկինում ունեինք միջնորդ սպասարկող՝ վճարահաշվարկային ընկերություն, որն այստեղից հավաքում էր դրամը և մուտք անում գանձապետական հաշվին, այժմ այդ միջնորդը բացառվել է, սյսինքն՝ թերմինալում վճարված գումարները միանգամից մուտք են արվում գանձապետական հաշվին: Մեկ օղակի պակասելն արագացրել է նաև համայնքային բյուջեի գումարների մուտքը»,-ասում է Սարգիս Մանուկյանը:

Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիում, ի դեպ, նաև էլեկտրական ավտոմեքենաների համար լիցքավորման կայաններ են տեղադրվել, որոնք հնարավորություն են տալիս կայանելուն զուգընթաց ավտոմեքենան անվճար լիցքավորել: Կայանները տեղադրվել են «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի կողմից իրականացվող Plug.am ծրագրով։ Երևանում էլեկտրական ավտոմեքենա ձեռք բերելու ցանկության խթանումը տարբեր նախաձեռնություններով կրելու է շարունակական բնույթ:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
23:46 Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատի կառուցումը
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին