latest_news
copy image url
Ներքին Խոսք 7 часов назад - 18:00 13-09-2026

Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին

Բակունցագետ Թեհմինա Մարությանը, խախտելով երկու տարվա լռությունը, պատմել է Գորիսի պետական համալսարանում իր նկատմամբ հալածանքների, իրեն նախ պրոռեկտորի, ապա գիտական քարտուղարի պաշտոնից և դասախոսի աշխատանքից զրկելու, բուհում ձևավորված արատավոր երևույթների, իր մասնագիտական գործունեության և ունեցած ներդրման մասին:

- Տիկի՛ն Մարության, օգոստոսի 31-ին Դուք Գորիսի պետական համալսարանից ստացել եք հերթական մերժումը․ համալսարանը կրկին Ձեզ դասաժամեր չի տրամադրում։ Շուրջ երկու տարի Դուք լռել եք Ձեր նկատմամբ տեղի ունեցածի մասին։ Ի՞նչ է կուտակվել այս ընթացքում, որ այսօր որոշել եք բացել փակագծերը։

– Այո՛, նախ մի փոքր նախապատմություն տամ, որպեսզի հասկանալի լինի նաև այսօրվա պատասխանի նշանակությունը։ Շուրջ երկու տարի առաջ ես ազատվեցի ԳՊՀ գիտական քարտուղարի պաշտոնից և դրանից անմիջապես հետո հանիրավի զրկվեցի նաև իմ դասախոսական աշխատանքից, որը որևէ կապ չուներ վարչական պաշտոնի հետ և որն իրականացրել էի շուրջ 24 տարի։

Ընդ որում՝ գիտական քարտուղարի պաշտոնից ազատվելու դիմումը ես չեմ ներկայացրել իմ ազատ կամքով կամ պարզապես վարչական պաշտոնից հեռանալու ցանկությամբ։ Դրան նախորդել էր տևական ու հետևողական ճնշումների մի ամբողջ շրջան․ նոր կարգված ռեկտորը աշխատանքային հարաբերությունները միտումնավոր հասցվել էր այնպիսի աստիճանի, որ դարձել էին գրեթե անտանելի։ Վիրավորանքներ, նվաստացուցիչ վերաբերմունք, հոգեբանական ճնշում, ընդհուպ՝ իմ հասցեին հայհոյանքների տեղատարափ։
Ես, ի վերջո, այդ դիմումը գրեցի բազմաթիվ ճնշումներից հետո՝ արդեն անտանելի դարձած աշխատանքային հարաբերությունների պայմաններում, և Տիգրան Վանդունցի այն հստակ հավաստիացումից հետո, որ գիտական քարտուղարի պաշտոնից իմ հեռանալը որևէ կերպ չի անդրադառնա դասախոսական աշխատանքիս, և ես կշարունակեմ դասավանդել համալսարանում։

Այդ ժամանակ իմ հիմնական աշխատանքը գիտական քարտուղարի պաշտոնն էր, իսկ դասախոսական աշխատանքս իրականացնում էի ներքին համատեղությամբ։ Այսինքն՝ վարչական պաշտոնից ազատվելուց հետո փոխվում էր նաև իմ՝ համալսարանում հիմնական աշխատող լինելու կարգավիճակը։ Եվ հենց այդ հանգամանքից էլ Տիգրան Վանդունցը օգտվեց՝ ինձ ոչ միայն գիտական քարտուղարի պաշտոնից հեռացնելու, այլև համալսարանում շուրջ 24 տարի իրականացրած դասախոսական աշխատանքից զրկելու համար։

Եթե ես իմանայի, որ իմ դիմումը գրելու հաջորդ հետևանքը լինելու է նաև դասախոսական աշխատանքիս դադարեցումը, ես այդ դիմումը չէի գրի, որքան էլ դժվար էր դիմադրել նրա կողմից սանձազերծված աշխատանքային անառողջ պայմաններին։ Հենց դրա համար էլ նրա կողմից ինձ տրված հավաստիացումը վճռորոշ նշանակություն ուներ։ Ես համաձայնել էի թողնել վարչական պաշտոնը, ոչ թե համալսարանը, առավել ևս՝ ոչ իմ մասնագիտությունը։
Բայց ստացվեց այնպես, որ նախ ինձ ճնշումների պայմաններում հասցրին վարչական պաշտոնից ազատվելու դիմում գրելուն, իսկ հետո օգտվեցին հենց այդ դիմումով ստեղծված իրավական-աշխատանքային իրավիճակից՝ դադարեցնելով նաև ներքին համատեղությամբ իրականացվող դասախոսական աշխատանքս։

Այս տարվա օգոստոսի 7-ին Տիգրան Վանդունցին ներկայացրած պաշտոնական դիմումում ես հատուկ արձանագրել եմ, որ գիտական քարտուղարի պաշտոնից ազատվել եմ նրա առաջարկությամբ և այն հավաստիացմամբ, որ իմ դասախոսական գործունեության շարունակման համար որևէ խոչընդոտ չի ստեղծվի, և որ առանց այդ հավաստիացման, որը փաստորեն խաբեություն էր, ես վարչական պաշտոնից ազատվելու դիմում չէի ներկայացնի։
Դրանից հետո փորձել եմ վերադառնալ իմ մասնագիտական աշխատանքին։ Նախորդ անգամ իմ դիմումին ի պատասխան պատճառաբանվեց, որ այն ուշ է ներկայացվել։ Այս տարի դիմեցի ուսումնական տարվա մեկնարկից առաջ, որպեսզի այդ պատճառաբանությունն այլևս չլինի։ Եվ օգոստոսի 31-ին ստացա Տիգրան Վանդունցի ստորագրությամբ ցինիկ պատասխան, ըստ որի՝ ամբիոնն ունի բավարար մասնագիտական ներուժ, առկա դասախոսական կազմի միջև հնարավոր է բաշխել նախատեսված ծանրաբեռնվածությունը, ուստի համալսարանը հնարավորություն չունի ինձ մասնագիտական դասաժամեր տրամադրելու և ինձ հետ աշխատանքային պայմանագիր կնքելու:

Այսինքն՝ մի տարի՝ «ուշ եք դիմել», հաջորդ տարի՝ «հնարավորություն չկա»։ Պատճառաբանությունները փոխվում են, արդյունքը՝ ոչ։
Եվ այստեղ ուզում եմ հստակ ասել՝ այս հարցազրույցը ես չեմ տալիս մի քանի դասաժամ չստանալու պատճառով։ Այսօրվա պատասխանը պարզապես առիթ դարձավ ևս մեկ անգամ ամբողջությամբ նայելու անցած տարիների շղթային և հասկանալու, որ իմ երկարատև լռությունը ոմանք, կարծես, բոլորովին այլ կերպ են ընկալել։

Երկու տարի ես գրեթե չեմ խոսել։ Չեմ հրապարակել այն ամենը, ինչ գիտեմ, չեմ հանրայնացրել իմ ձեռքի տակ եղած նյութերը, չեմ պատասխանել իմ հասցեին հնչած ու ինձ հասած ամեն խոսքի։ Դա արել եմ առաջին հերթին Գորիսի պետական համալսարանի հանդեպ ունեցած վերաբերմունքից։ ԳՊՀ-ն ինձ համար սովորական աշխատավայր չէ։ Այն իմ ալմա մատերն է, իմ մասնագիտական կյանքի շուրջ քառորդ դարը։ 1998-ին այնտեղ եմ մտել որպես ուսանող, 2001-ից՝ դեռ ուսանողական տարիներից, սկսել եմ աշխատել, 2003-ից դասախոսել եմ և շուրջ 24 տարի եղել լսարանում։

Այդ համալսարանում լաբորանտից անցել եմ դասախոսի, ամբիոնի վարիչի, ֆակուլտետի դեկանի, գիտական քարտուղարի, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի ճանապարհը, մի որոշ ժամանակահատված կատարել նաև ռեկտորի պարտականությունները։ Այնտեղ եմ կայացել որպես գիտնական, պաշտպանել թեկնածուական ատենախոսություն, ստացել դոցենտի գիտական կոչում, կազմակերպել գիտաժողովներ, իրականացրել գիտական ծրագրեր, խմբագրել գիտական ժողովածուներ, ներկայացրել համալսարանը տարբեր գիտական հարթակներում, ունեցել իմ ներդրումը համալսարանի զարգացման գործում:
Բայց լռությունն էլ սահման ունի։ Հատկապես երբ տեսնում ես, որ որոշ մարդիկ սկսել են մոռանալ ոչ միայն այն, թե ինչ են արել ուրիշների հետ, այլև՝ ովքեր են իրենք, որտեղից են եկել և ինչ ճանապարհով են հանկարծ հասել այն դիրքին, որից այսօր այդքան հեշտությամբ մարդկանց ճակատագրեր են տնօրինում։

Կարծում եմ՝ ժամանակն է այդ ամենը հիշեցնել։ Իրերն իրենց անուններով, ամսաթվերով, փաստերով։ Թերևս իմ երկար լռությունը ոմանց մոտ այն թյուր տպավորությունն է ստեղծել, թե մենք մոռացել ենք իրենց անցած ճանապարհը։ Չենք մոռացել։ Գիտենք՝ ով որտեղից է սկսել, ում հովանավորությամբ և ինչ հանգամանքներում է առաջ գնացել, ինչպես են կառուցվել որոշ պաշտոնեական ու գիտական կենսագրություններ, ինչպես և ինչ հանգամանքներում են ձեռք բերվել գիտական աստիճաններն ու կոչումները։ Չենք մոռացել նաև ամբիոնի որոշ տխրահռչակ վարիչների ու դասախոսների անցած ճանապարհը, որոնք այսօր պարզվում է, արդեն որոշում են՝ ինձ համար այդ ամբիոնում դասաժամ կա՞, թե՞ չկա։ Ժամանակը, իհարկե, զարմանալի շրջադարձեր է ունենում․ երբեմն մարդիկ այնքան արագ են ընտելանում իրենց այսօրվա աթոռներին, աստիճաններին ու կոչումներին, որ սկսում են կարծել՝ ոչ ոք այլևս չի հիշում, թե ինչպես և ինչ ճանապարհներով են դրանք հայտնվել իրենց կենսագրության մեջ։

Այդ պատճառով էլ պետք է շատ ավելի հետ գնամ։ Որովհետև միայն այդպես կարելի է հասկանալ՝ որտեղից սկսվեց իմ նկատմամբ այս հաշվեհարդարը, ինչ փուլերով իրականացվեց և ովքեր ու ինչ հանգամանքներ են կանգնած դրա հետևում:

– Այդ դեպքում գնանք պատմության սկզբին։ Ի՞նչ էր կատարվում Գորիսի պետական համալսարանում դեռ այն ժամանակ, երբ այսօրվա իրավիճակի հիմքերն էին դրվում, և ինչպե՞ս սկսվեց այն գործընթացը, որը Դուք այսօր անվանում եք Ձեր դեմ հաշվեհարդար։

– Այո՛, այստեղ պետք է սկսեմ շատ ավելի վաղ շրջանից՝ առնվազն 2016–2017 թվականներից։
Որովհետև հետագայում տեղի ունեցածը պատահական իրադարձությունների շարք չէր։ Մարդիկ, հարաբերություններ, խմբավորումներ, շահեր ու հակադրություններ կային դեռ շատ ավելի վաղ, և հենց այդ տարիներին են ձևավորվել այն գործընթացների հիմքերը, որոնց հետևանքները ես ամբողջ ծանրությամբ զգացի արդեն Տիգրան Վանդունցի՝ 2022 թվականի հունիսին ռեկտոր դառնալուց հետո։

2016-ին Գորիսի պետական համալսարանում ռեկտորի փոփոխություն եղավ։ Յուրի Սաֆարյանից հետո համալսարանը ղեկավարեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը։ Ես այդ շրջանում նոր վերակազմակերպված՝ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատարն էի։ Վերակազմակերպման արդյունքում նախկինում առանձին գործող ֆակուլտետները միավորվել էին, և բնականաբար, նորաստեղծ ֆակուլտետը պետք է ունենար մեկ դեկան։ Այդ պաշտոնում պրոռեկտորի առաջարկությամբ նշանակվեցի ես։ Թվում է՝ սա սովորական կառուցվածքային փոփոխություն էր․ երկու ֆակուլտետ միավորվում են, մեկ միասնական ֆակուլտետ է ստեղծվում, հետևաբար մեկ դեկան պետք է մնա։ Բայց իմ նշանակվելու պահից ես, փաստորեն, դարձա նախկին դեկանի անձնական թշնամին՝ կարծես ես էի վերացրել նրա ղեկավարած ֆակուլտետը կամ նրանից խլել պաշտոնը։ Կառուցվածքային փոփոխությունը շատ արագ վերածվեց անձնական հակադրության, որի հետևանքները հետագայում արդեն դուրս եկան մեկ անձի վիրավորված հավակնությունների շրջանակից և միահյուսվեցին համալսարանում ձևավորվող ավելի լայն հակադրություններին։

Նոր ղեկավարության օրոք փորձ արվեց վերանայել տարիներով ձևավորված մի շարք գործելակերպեր, այդ թվում՝ կառավարման և ֆինանսատնտեսական հարաբերությունների ոլորտներում։ Ես աջակցում էի այդ փոփոխություններին։ Եվ հենց այդ պահից համալսարանի ներսում ձևավորված հակադրությունների մեջ ես այլևս չընկալվեցի որպես «չեզոք» մարդ։

Արտուշ Ղուկասյանի դեմ ձևավորվեց բավական կոշտ ընդդիմացող շրջանակ։ Ես այն ժամանակ արդեն հասկանում էի, որ այդ հակադրության մեջ միայն գաղափարական կամ ակադեմիական տարաձայնություններ չկան։ Կային նաև նախկին ազդեցություններ, պաշտոններ, անձնական շահեր, մարդիկ, որոնք փոփոխությունների արդյունքում կորցնում էին իրենց նախկին կոռուպցիոն դիրքերը։
Ես աջակցել եմ այն գործընթացներին, որոնք համարել եմ ճիշտ համալսարանի զարգացման համար։ Եվ հետագայում դրա համար վճարել եմ բավական բարձր գին։

– Տիգրան Վանդունցն այդ ժամանակ հակադրության ո՞ր կողմում էր։

– Տիգրան Վանդունցն Արտուշ Ղուկասյանի ղեկավարության նկատմամբ ակնհայտ հակադիր դիրք ուներ։ Եվ սա կարևոր հանգամանք է, որովհետև հետագայում տեղի ունեցածը հասկանալու համար պետք է հիշել՝ ով որտեղ էր կանգնած դեռ այն ժամանակ, երբ Տիգրան Վանդունցը ԳՊՀ ռեկտոր չէր։

Ընդհանրապես, սխալ կլինի կարծել, թե Տիգրան Վանդունցը համալսարանական և հատկապես համալսարանի շուրջ ձևավորված քաղաքական գործընթացներում հանկարծ հայտնվեց 2022 թվականին, մասնակցեց ռեկտորի մրցույթին ու դարձավ ռեկտոր։ Ո՛չ։ Նա ուներ իր կապերը, իր քաղաքական անցյալը և այն մարդկանց ու ազդեցիկ շրջանակների հետ հարաբերությունների շրջանակը, որոնց միջավայրում տարիներ շարունակ ձևավորվել էր նաև նրա հանրային ու պաշտոնեական անխոչընդոտ ճանապարհը։

Ես հիմա չեմ ուզում մեկ-երկու ածականով բնութագրել այդ ճանապարհը։ Շատ ավելի խոսուն են փաստերը։ Գորիսում և Սյունիքում շատերը հիշում են Սերժ Սարգսյանի կլանի և ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչ Տիգրան Վանդունցի քաղաքական կենսագրությունը, Սյունիքում Հանրապետական կուսակցության երիտասարդական կառույցների հետ նրա գործունեությունը, նախկին իշխանությունների տարիներին Սյունիքի ազդեցիկ քաղաքական շրջանակների, մասնավորապես Սուրիկ Խաչատրյանի հետ ունեցած կապերը, որի հոգեզավակն էր, այն միջավայրը, որտեղ ձևավորվել և առաջ է ընթացել նրա օդային կարիերան։
Եվ այստեղ ուզում եմ շատ հստակ լինել․ մարդու՝ որևէ կուսակցության անդամ լինելը կամ որևէ քաղաքական ուժի հետ աշխատելն ինքնին ես մեղադրանք չեմ համարում։ Խնդիրը բոլորովին այլ տեղ է։

Խնդիրը սկսվում է այն ժամանակ, երբ քաղաքական համակարգերի փոփոխությանը զուգահեռ մարդիկ զարմանալի արագությամբ փոխում են նաև իրենց դիրքավորումները։ Երբ նախկին իշխանությունների տարիներին մի համակարգի ազդեցիկ շրջանակների հետ կապված մարդը իշխանափոխությունից հետո նույն հաջողությամբ վերադասավորվում է նոր իրողություններին, նոր կապեր է ձևավորում, դառնում նոր իշխանության համար ընդունելի, կառավարելի և, ի վերջո, հասնում պետական համալսարանի ռեկտորի պաշտոնին, ես, որպես քաղաքացի և այդ համալսարանի երկարամյա աշխատակից, առնվազն իրավունք ունեմ հարցնելու՝ ինչպե՞ս և ի՞նչ չափանիշներով է տեղի ունեցել այդ փոխակերպումը։

Եվ այստեղ արդեն մեկ այլ, շատ ավելի սկզբունքային հարց է առաջանում․ պետական համալսարանի ռեկտոր դառնալու համար ի՞նչն է իրական չափանիշը՝ մարդու անցած մասնագիտական ճանապարհը, գիտական ձեռքբերումները, ակադեմիական հեղինակությունն ու կառավարման երկարամյա փորձը, թե՞ քաղաքական միջավայրերին հարմարվելու բացառիկ ճկունությունը, ժամանակին ճիշտ կողմում հայտնվելու և յուրաքանչյուր նոր իշխանության համար ընդունելի ու կառավարելի դառնալու կարողությունը։ Եթե երկրորդն է, ապա ես իսկապես նման մրցակցության մեջ առավելություն չունեի։ Եվ, բարեբախտաբար, չունեի այն հատկանիշները, որոնք այդպիսի ճանապարհով առաջ գնալու համար, ըստ երևույթին, ավելի օգտակար են, քան մասնագիտական կենսագրությունը։
Գուցե հենց այստեղ էլ պետք է փնտրել այն հարցի պատասխանը, թե ինչու մեկի համար տասնամյակների գիտական, դասախոսական ու կառավարման փորձը բավարար փաստարկ չէ, իսկ մյուսի համար քաղաքական միջավայրերին զարմանալիորեն անսխալ հարմարվելու ունակությունը կարող է շատ ավելի հեռուն տանող «արժանիք» դառնալ։

Ես երբեք որևէ կուսակցության անդամ չեմ եղել։ Իշխանություններ են փոխվել, ռեկտորներ են փոխվել, բայց ես համալսարանում իմ տեղը չեմ կառուցել կուսակցական պատկանելության կամ քաղաքական հովանավորության վրա։ Իմ մասնագիտական կենսագրության հիմքը եղել է աշխատանքը՝ դասախոսական, գիտական և վարչական։ Հետևաբար, երբ ինձ փորձում են ներկայացնել այս կամ այն քաղաքական ճամբարի մարդ կամ «հակաիշխանական», ես իրավունք ունեմ հարցնելու՝ իսկ այդ պիտակը կպցնողի սեփական քաղաքական կենսագրությունն ի՞նչ է պատմում։

– Եվ այստեղ հասնում ենք 2022 թվականի ռեկտորի ընտրությանը։ Դուք ևս ռեկտորի թեկնածու էիք։ Ինչպե՞ս ընթացավ այդ ընտրությունը, և ինչո՞ւ ի վերջո ինքնաբացարկ հայտնեցիք։

Այո, լինելով ռեկտորի պաշտոնակատար՝ ես նույնպես մասնակցում էի ԳՊՀ ռեկտորի մրցույթին։ Բայց գործընթացի ընթացքում, ստեղծված իրավիճակից և Սյունիքի ներկայիս մարզպետ, համալսարանի խորհրդի նախագահ Ռոբերտ Ղուկասյանի հետ ունեցած խոսակցությունից հետո, ինձ համար պարզ դարձավ, որ Տիգրան Վանդունցն իշխանության նախընտրած թեկնածուն է, իսկ հայտարարված մրցույթը իրական մրցակցության հնարավորություն այլևս չի տալիս։ Ռեկտորի հարցը փաստացի որոշված էր մի հարթությունում, որտեղ մասնագիտական ծրագրերով մրցակցելն այլևս իմաստ չուներ։ Եվ ես ինքնաբացարկ հայտնեցի։

Դա պարտություն չէր և առավել ևս իմ մասնագիտական կարողությունների նկատմամբ անվստահություն չէր։ Այդ պահին ես համալսարանում արդեն ավելի քան երկու տասնամյակի ճանապարհ էի անցել՝ լաբորանտից մինչև դասախոս, ամբիոնի վարիչ, դեկան, գիտական քարտուղար, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր և ռեկտորի պարտականությունները կատարող։ Ես համալսարանը ներսից գիտեի՝ իր կրթական, գիտական և կառավարման համակարգերով։ Ուստի մրցույթից դուրս եկա ոչ այն պատճառով, որ մասնագիտական մրցակցության մեջ ասելիք չունեի, այլ որովհետև հասկացա՝ մրցակցությունը մասնագիտական հարթությունում չէ։

Ինքնաբացարկ տվեցի նաև ավելորդ առճակատումից և համալսարանի շուրջ անիմաստ լարվածությունից խուսափելու համար։ Եթե արդեն հասկանում ես, որ արդյունքը որոշվելու է ոչ այն հարթությունում, որտեղ դու կարող ես մրցակցել գիտական վաստակով, կառավարման փորձով, կատարած աշխատանքով և համալսարանի զարգացման ծրագրով, ի՞նչ իմաստ ունի այդ գործընթացին մինչև վերջ մասնակցելը։

Եվ հենց այդ ժամանակ ինձ համար շատ ավելի տեսանելի դարձավ պետական բուհերի կառավարման մի արատավոր երևույթ․ երբեմն մասնագիտական ճանապարհը, գիտական վաստակը, կառավարման փորձը և համալսարանում տարիներով կատարած աշխատանքը կարող են երկրորդական դառնալ, իսկ շատ ավելի կարևոր՝ քաղաքական ընդունելիությունը, վերևների համար «յուրային» լինելու կարողությունը, ժամանակին ճիշտ կողմում հայտնվելու և փոփոխվող իշխանական իրողություններին հարմարվելու բացառիկ ճկունությունը։
Ցավոք, կան հատկանիշներ, որոնք նման իրավիճակներում շատ ավելի օգտակար են, քան գիտական ու մասնագիտական կենսագրությունը։ Եվ բարեբախտաբար՝ ես այդ հատկանիշները չունեմ։
Գուցե հենց դա էլ իմ «թերությունն» է եղել․ ես երբեք չեմ սովորել քաղաքական քամու ուղղությամբ փոխել դիրքավորումս, ժամանակին ճիշտ մարդկանց հավատարմություն ցուցադրել կամ սեփական մասնագիտական ճանապարհը կառուցել ազդեցիկ մարդկանց բարեհաճության վրա։

Ավելին՝ ինքնաբացարկից հետո ես պատրաստ էի աշխատել նորընտիր ռեկտորի հետ։ Այսինքն՝ ես ոչ միայն առճակատման չգնացի, այլ գիտակցաբար մի կողմ քաշվեցի՝ համարելով, որ համալսարանի բնականոն աշխատանքը շատ ավելի կարևոր է, քան անձնական հավակնությունները։ Եթե Վանդունցն ընտրվել է ռեկտոր, ես պատրաստ էի շարունակել իմ աշխատանքը և կատարել իմ պարտականությունները, այսինքն՝ պրոռեկտորի աշխատանքը:
Բայց հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ իմ ինքնաբացարկը հակադրությունը չվերացրեց։
Եվ այստեղ ժամանակագրությունն արդեն ինքնին բավական խոսուն է։

Տիգրան Վանդունցի ռեկտոր ընտրվելուց շատ չանցած սկսվեց իմ՝ պրոռեկտորի պաշտոնից հեռացման գործընթացը։ Ես այդ ժամանակ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորն էի, որի վրա դրված էին ռեկտորի պարտականությունները։ Շատ արագ ինձ հասկացվեց, որ նոր ռեկտորը չի ցանկանում, որ ես շարունակեմ այդ պաշտոնում։ Նրա հիմնավորումը, ըստ էության, այն էր, որ ինքը նոր ռեկտոր է և պետք է «ձևավորի իր կաբինետը»։ Ես այդ ձևակերպումը շատ լավ եմ հիշում, որովհետև այն ժամանակ էլ ինձ համար տարօրինակ էր, հիմա էլ է տարօրինակ։ Պետական համալսարանի ռեկտորը քաղաքական պաշտոնյա չէ, որ իշխանության գալուց հետո «կաբինետ» ձևավորի։ Համալսարանն էլ կառավարություն կամ կուսակցական շտաբ չէ։ Բուհում մարդիկ պետք է աշխատեն իրենց մասնագիտական կարողությունների, փորձի, աշխատանքի արդյունքների և տվյալ պաշտոնին համապատասխանության հիման վրա, ոչ թե այն սկզբունքով, թե նոր ղեկավարն ում է համարում «իր մարդը» և ում՝ ոչ։

Բայց ինձ հետ հենց այդ տրամաբանությամբ էլ սկսեցին վարվել։ Խոսքը սովորական աշխատանքային վերադասավորման կամ իմ աշխատանքի վերաբերյալ մասնագիտական դժգոհության մասին չէր։ Ինձ երբևէ չէր ներկայացվել այնպիսի հիմնավորում, թե ես չեմ կատարել իմ պարտականությունները, թերացել եմ աշխատանքում կամ մասնագիտական առումով չեմ համապատասխանում զբաղեցրած պաշտոնին։ Պարզապես նոր ռեկտորը ցանկանում էր այդ պաշտոնում տեսնել մեկ ուրիշի՝ նախկին պրոռեկտորին՝ «իր մարդուն», իսկ ես պետք է ազատեի տեղը։

Եվ երբ ես կամավոր չէի շտապում դա անել, սկսվեցին ճնշումները։ Դրանցից մեկը նույնիսկ իմ ամենամյա արձակուրդի հարցն էր։ Ես հասկացա, որ չեմ կարողանալու օգտվել ինձ հասանելիք արձակուրդից, եթե չհամաձայնեմ պաշտոնից հեռանալու առաջարկին։ Փաստացի ստեղծվել էր մի իրավիճակ, երբ ինձ ասում էին՝ եթե ուզում ես արձակուրդ գնալ, նախ պետք է համաձայնես այլ աշխատանքի անցնել և համապատասխան դիմում գրես։
Այսինքն՝ պայմաններն այնպես էին դրված, որ իրականում ընտրություն չունեի։ Ես պիտի կամ շարունակեի մտնել ամենօրյա հակադրության մեջ նորանշանակ ռեկտորի հետ, կամ ընդունեի նրա պահանջը և ազատեի պրոռեկտորի պաշտոնը։

Ի վերջո համաձայնեցի անցնել գիտական քարտուղարի աշխատանքի և նոր ստացա երկարատև արձակուրդ։ Եվ այստեղ ևս կարևոր է մի բան ընդգծել․ ես չէի հեռանում համալսարանից և չէի հրաժարվում իմ մասնագիտական գործունեությունից։ Ես ընդամենը ընդունեցի վարչական մեկ պաշտոնից մյուսին անցնելու առաջարկը՝ փորձելով չխորացնել այն հակադրությունը, որն արդեն ակնհայտորեն ձևավորվում էր։
Բայց եթե ռեկտորը համալսարան է մտնում «իր կաբինետը» ձևավորելու տրամաբանությամբ, հաջորդ հարցն անխուսափելի է՝ իսկ ի՞նչ է լինում նրանց հետ, ովքեր այդ «կաբինետի» մարդիկ չեն։

Իմ դեպքում պատասխանը տրվեց փուլ առ փուլ։
Սկզբում՝ պրոռեկտորի պաշտոնը։
Ես գնացի զիջման՝ կարծելով, որ դրանով հարցը կփակվի։ Անցա գիտական քարտուղարի աշխատանքի և շարունակեցի նաև դասավանդել։ Բայց որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ խնդիրը միայն պրոռեկտորի աթոռը չէր։ Ճնշումների հաջորդ փուլն արդեն սկսվեց գիտական քարտուղարի պաշտոնում։

Եվ այս անգամ իրավիճակը շատ ավելի ծանր էր։ Աշխատանքային հարաբերությունները հետևողականորեն հասցվեցին ինձ համար գրեթե անտանելի վիճակի՝ վիրավորական ու նվաստացուցիչ վերաբերմունք, հոգեբանական ճնշումներ, նաև հայհոյանքներ, որի ձայնագրությունը շուտով կհանրայնացնեմ։ Թող լսեն նրա հովանավորներն ու հանրությունը և իրենք գնահատեն՝ ինչպիսի վարքագիծ է դրսևորում պետական համալսարանի ռեկտորը, ինչպես է հաղորդակցվում իր աշխատակցի հետ և որքանով է այդ բառապաշարը տեղավորվում ոչ միայն ակադեմիական, այլև տարրական մարդկային էթիկայի սահմաններում։
Ինձ հետևողականորեն մղում էին մեկ բանի՝ դիմում գրել և ազատել գիտական քարտուղարի պաշտոնը։ Ընդ որում՝ ինձ բազմիցս և բավական բաց տեքստով ասվել էր նաև պատճառը՝ այդ պաշտոնի համար նա արդեն «իր մարդն» ուներ։ Այսինքն՝ խնդիրը կրկին իմ մասնագիտական աշխատանքի որակը, կարողությունները կամ պաշտոնին համապատասխանությունը չէր։

Պարզապես կար նախապես ընտրված մարդ, որի համար պետք էր ազատել տեղը։ Իսկ երբ աշխատողը կամավոր չի ազատում այդ տեղը, սկսվում է այնպիսի աշխատանքային միջավայրի ստեղծումը, որ նա ի վերջո ստիպված լինի դիմումը գրել սեփական ձեռքով։
Ու այստեղ պատմությունը կրկնվեց, բայց արդեն շատ ավելի ծանր հետևանքով։ Եթե առաջին անգամ ես զիջեցի պրոռեկտորի պաշտոնը և անցա գիտական քարտուղարի աշխատանքի, երկրորդ անգամ ինձ արդեն առաջարկվում էր հրաժարվել իմ հիմնական աշխատանքից։ Այդ պահին գիտական քարտուղարի պաշտոնն իմ հիմնական աշխատանքն էր, իսկ դասախոսական գործունեությունս իրականացնում էի ներքին համատեղությամբ։
Հենց դրա համար էլ ինձ համար սկզբունքային էր՝ ի՞նչ է լինելու դասախոսական աշխատանքիս հետ։ Տիգրան Վանդունցն ինձ ոչ թե պարզապես հավաստիացրեց, այլ գրեթե երդման հասնող համոզվածությամբ վստահեցրեց, որ գիտական քարտուղարի պաշտոնից հեռանալը որևէ կերպ չի անդրադառնա իմ դասախոսական աշխատանքին, և ես շարունակելու եմ դասավանդել։ Այդ հավաստիացումն ինձ համար վճռորոշ էր։ Եթե այն չլիներ, ես դիմում չէի գրի։

Եվ հետո տեղի ունեցավ այս ամբողջ պատմության ամենաանպարկեշտ դրվագներից մեկը։ Ես ճնշումների պայմաններում գրում եմ հիմնական՝ գիտական քարտուղարի պաշտոնից ազատվելու դիմումը՝ վստահ լինելով, որ շարունակելու եմ դասավանդել, իսկ դրանից հետո օգտագործվում է հենց այն հանգամանքը, որ դասախոսական աշխատանքս ներքին համատեղությամբ էր, և ես զրկվում եմ նաև դրանից։

Այսինքն՝ սկզբում ինձ համոզում են հրաժարվել հիմնական վարչական պաշտոնից՝ հավաստիացնելով, որ դասախոսական աշխատանքս պահպանվելու է, իսկ երբ դիմումն արդեն գրված է, ստեղծված աշխատանքային իրավիճակն օգտագործվում է նաև ինձ լսարանից դուրս թողնելու համար։
Ես համաձայնել էի թողնել վարչական պաշտոնը, ոչ թե համալսարանը։ Առավել ևս՝ ոչ իմ մասնագիտությունը։

Ահա թե ինչու ես այսօր այս ամենին չեմ նայում որպես իրարից անկախ կադրային որոշումների։ Սկզբում՝ պրոռեկտորի պաշտոնից հեռացում՝ «իմ կաբինետը ձևավորելու» պատճառաբանությամբ։ Ես զիջում եմ։ Հետո՝ ճնշումներ արդեն գիտական քարտուղարի պաշտոնում։ Կրկին դիմում գրելու պահանջ։ Հավաստիացում, որ դասախոսությունս պահպանվելու է։ Դիմումը գրում եմ։ Հետո զրկվում եմ նաև դասախոսությունից։
Իսկ այսօր՝ երկու տարի անց, իմ հերթական դիմումին ի պատասխան՝ նույն ռեկտորի ստորագրությամբ պաշտոնապես հայտնում են, որ համալսարանը հնարավորություն չունի ինձ դասաժամեր տրամադրելու և ինձ հետ աշխատանքային պայմանագիր կնքելու։

– Իսկ այդ նույն տարիներին ինչպիսի՞ն էր Ձեր մասնագիտական ճանապարհը Գորիսի պետական համալսարանում։

– Իմ ճանապարհը Գորիսի պետական համալսարանում սկսվել է ոչ թե որևէ ղեկավար պաշտոնից, քաղաքական հովանավորությունից կամ ազդեցիկ մեկի աջակցությունից, այլ համալսարանի ամենաստորին օղակից։

1998 թվականին ընդունվել եմ Գորիսի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության բաժին։ Դեռ ուսանող էի, երբ 2001 թվականին աշխատանքի անցա նույն համալսարանում՝ որպես հայոց լեզվի և գրականության ամբիոնի լաբորանտ։ Համալսարանն ավարտելուց հետո շարունակեցի աշխատել որպես դասախոս։ 2004 թվականին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանեցի թեկնածուական ատենախոսությունս, ստացա բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2007 թվականին՝ դոցենտի գիտական կոչում։

Այսինքն՝ իմ մասնագիտական ճանապարհը կառուցվել է աստիճանաբար՝ ուսանողից ու լաբորանտից մինչև դասախոս, ապա՝ վարչական պատասխանատվություն կրող աշխատակից։ Այդ ամբողջ ընթացքում դասավանդել եմ, զբաղվել գիտական աշխատանքով, կազմակերպել գիտաժողովներ, խմբագրել ժողովածուներ, հեղինակել գիտական աշխատություններ, ներկայացրել համալսարանը հանրապետական և միջազգային գիտական հարթակներում։

Հետագայում համալսարանում զբաղեցրել եմ տարբեր վարչական պաշտոններ՝ եղել եմ գրականության ամբիոնի վարիչ, հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, գիտական քարտուղար, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, իսկ 2021 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի հունիսը ինձ վրա դրվել էին նաև ռեկտորի պարտականությունները, քանի որ լրացել էր գործող ռեկտորի պաշտոնավարման ժամկետը։

Այդ տարիները համալսարանի համար ամենևին էլ հանգիստ տարիներ չէին։ Համավարակ, արտակարգ դրություն, ապա՝ պատերազմ, ռազմական դրություն, հետպատերազմյան ծանր իրավիճակ։ Կրթական բնականոն գործընթացը խաթարված էր, և շատ կարճ ժամանակում անհրաժեշտ էր ամբողջ ուսումնական գործընթացը վերակազմակերպել, անցնել հեռավար ուսուցման, ապահովել դրա անընդհատությունը, համակարգել դասախոսների ու ուսանողների աշխատանքը և այդ ամենի հետ միասին պահպանել համալսարանի բնականոն կառավարումը։

Ես այդ շրջանում ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորն էի, և այդ հսկայական աշխատանքի ու պատասխանատվության զգալի մասն իմ անմիջական գործառույթների շրջանակում էր։ Եվ այդ ամենին զուգահեռ համալսարանն անցնում էր իր համար առանցքային մեկ այլ գործընթացով՝ ինստիտուցիոնալ հավատարմագրմամբ, որի պատասխանատուն ես էի։ 2021 թվականին՝ համավարակի, պատերազմի և հետպատերազմյան չափազանց բարդ պայմաններում, այդ գործընթացն իրականացվեց, և համալսարանը ստացավ չորս տարի ժամկետով հավատարմագրում։ Դրա հետևում հսկայական աշխատանք էր՝ ինքնավերլուծություն, փաստաթղթային բազայի պատրաստում, համալսարանի տարբեր ստորաբաժանումների աշխատանքի համակարգում, փորձագիտական այցի նախապատրաստում և ամբողջ գործընթացի կազմակերպում։

Ես սա չեմ պատմում իմ աշխատանքը հերոսացնելու համար։ Պարզապես երբ այսօր նույն համալսարանից ինձ պատասխանում են գրեթե այնպես, կարծես դրսից պատահաբար դիմած մի մարդ եմ, որը մի քանի դասաժամ է խնդրում, անհրաժեշտ եմ համարում հիշեցնել նաև այս ճանապարհը։
Այդ համալսարանի ամենածանր տարիներին ես ոչ միայն այնտեղ էի, այլև պատասխանատվություն էի կրում նրա կրթական գործընթացի, կառավարման և հավատարմագրման առանցքային ուղղությունների համար։

Երբ 2022 թվականի հունիսին ավարտվեց իմ՝ ռեկտորի պարտականությունները կատարելու շրջանը, հաջորդ ղեկավարությանը թողնվեց մոտ հազար ուսանող ունեցող, հավատարմագրված համալսարան։ Եվ սա հատկապես կարևոր է այսօր հիշել, երբ արդեն կարելի է համեմատել ոչ թե խոսքերը, այլ կառավարման արդյունքները։

Իսկ ի՞նչ ունենք այսօր՝ չորս տարի անց։ Կառավարման արդյունքներն ի՞նչ են ցույց տալիս։
Այսօր մենք ունենք էապես կրճատված ուսանողական համակազմով բուհ, որը հերթական հավատարմագրման արդյունքում ստացել է արդեն պայմանական հավատարմագրում, և որի կրթական ծրագրերի իրականացման վերաբերյալ նույնպես արձանագրվել են խնդիրներ։ Եվ այդ համատեքստում առանձնապես տարօրինակ է, երբ հենց այսօրվա ղեկավարությունն է որոշում իմ մասնագիտական ներուժի անհրաժեշտ կամ ոչ անհրաժեշտ լինելը։

Ավելին՝ երբ այսօր հետևում եմ համալսարանի գործունեությանը, երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես պետական բուհը վերածվել է մի մեծ հասարակական կազմակերպության, որի ղեկավարության գործունեության առավել տեսանելի մասը տարատեսակ ոչ ֆորմալ կրթական ծրագրերն են, միջազգային անհասկանալի դրամշնորհներն ու արտասահմանյան լայնածավալ շրջագայությունները:
Ես միջազգային համագործակցության կամ արտասահմանյան ծրագրերի դեմ ոչինչ չունեմ. դրանք համալսարանին անհրաժեշտ են։ Բայց համալսարանի ղեկավարի աշխատանքի չափանիշը նրա արտասահմանյան այցերի աշխարհագրությունը չէ։ Չափանիշը համալսարանի վիճակն է՝ քանի ուսանող ունի, ինչ կրթական որակ է ապահովում, ինչպես են իրականացվում կրթական ծրագրերը, ինչ գիտական ու ակադեմիական միջավայր է ձևավորվել, ինչ մասնագետներ են ներգրավվում կամ, հակառակը, դուրս մղվում այդ միջավայրից, և վերջապես՝ ինչ արդյունքներով է բուհը ներկայանում հավատարմագրման։

Երբ համալսարանին անհրաժեշտ էր ծանր պատասխանատվություն վերցնել, ճգնաժամային պայմաններում կրթական գործընթացը չկանգնեցնել, պատերազմական ու հետպատերազմյան պայմաններում կառավարում իրականացնել, հավատարմագրման ամբողջ ծանր գործընթացը տանել՝ իմ մասնագիտական և կառավարչական ներուժը պետք էր։ Իսկ այսօր, երբ ես որևէ վարչական աթոռ չեմ պահանջում և ընդամենը ուզում եմ վերադառնալ իմ բուն մասնագիտությանը՝ դասախոսությանը, պարզվում է՝ համալսարանն ինձ համար դասաժամ չունի։

Ահա սա է ամենախոսուն հակադրությունն ու թշնամանքը:
Վարչական պաշտոնները երբեք իմ մասնագիտական ինքնության հիմքը չեն եղել։ Դրանք ժամանակավոր պատասխանատվություն են։ Իմ հիմնական աշխատանքը միշտ եղել է դասախոսությունն ու գիտությունը։ Այդ պատճառով էլ ինձ համար ամենացավալին ոչ թե այս կամ այն վարչական պաշտոնից հեռանալն է, այլ այն, որ շուրջ 24 տարի նույն համալսարանում դասավանդած մարդուն այսօր փորձում են դուրս թողնել հենց իր մասնագիտությունից։

Իմ գնահատմամբ՝ սա անձնական թշնամանքի ու քինախնդրության հետևանք է, որը տարիների ընթացքում վերածվել է ինձ համալսարանից հետևողականորեն դուրս մղելու գործընթացի։

– Դուք այս ամենի վերաբերյալ դիմել եք նաև Հակակոռուպցիոն կոմիտե։ Ի՞նչ ընթացք ունեցավ Ձեր դիմումը և ինչո՞ւ եք կարծում, որ այդ գործը պատշաճ քննություն չստացավ։

– Այո՛, դիմել եմ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե։ Ներկայացրել եմ, թե ինչ պայմաններում եմ ստիպված եղել դիմում գրել, ինչ ճնշումների ու վերաբերմունքի եմ ենթարկվել, ներկայացրել եմ նաև իմ ունեցած ձայնագրությունները՝ ինձ վրա ակնհայտ ճնշումների փաստերով։ Հետագայում գործն ուղարկվեց Գորիս և քննվեց այստեղ։

Անկեղծ ասած՝ քննության հենց սկզբից ինձ համար ակնհայտ էր քննիչի կանխակալ վերաբերմունքը։ Ես ամբողջ ընթացքում այն զգացողությունն ունեի, որ ոչ թե փորձում են պարզել՝ իրականում ինչ է կատարվել, այլ հնարավորինս արագ հասնել մի արդյունքի, որով գործը կփակվի։ Եվ այդպես էլ եղավ՝ գործը կարճվեց։

Ավելին ասեմ․ ես շատ լուրջ կասկածներ ունեմ, որ այդ քննության ընթացքի վրա ազդեցություն է եղել։ Տիգրան Վանդունցին և նրա գործելաոճը տարիներ շարունակ ճանաչելով՝ գրեթե համոզված եմ, որ նա գործի է դրել վերևներում ունեցած իր կապերն ու հնարավորությունները՝ գործընթացն իր համար ցանկալի ուղղությամբ տանելու համար։
Սա իմ գնահատականն է, և ես պատրաստ եմ դրա համար պատասխան տալ։ Որովհետև իմ ճանաչած Տիգրան Վանդունցի ամբողջ ճանապարհին ես բազմիցս տեսել եմ նույն գործելաոճը՝ խնդիրները լուծել ոչ այնքան մասնագիտական կամ ինստիտուցիոնալ ճանապարհով, որքան անհրաժեշտ կապերը, հարաբերություններն ու ազդեցության հնարավորություններն օգտագործելով։ Հենց դրա համար էլ այդ քննության արդյունքն ինձ համար ոչ համոզիչ էր, ոչ վստահություն ներշնչող։

Ի դեպ, մի հանգամանք էլ կա, որն իմ կասկածները միայն խորացրել է․ իմ գործը կարճելուց անմիջապես հետո այդ քննիչը հեռացավ աշխատանքից։ Ես չեմ պնդում, որ այս երկու հանգամանքների միջև հաստատ պատճառահետևանքային կապ կա։ Բայց ամբողջ քննության ընթացքում նրա վարքագիծը տեսնելուց հետո դա ևս ինձ համար հարցական մնաց։
Գործը կարճվելուց հետո խորհրդակցեցի շատ փորձառու փաստաբանի հետ։ Նա ծանոթացավ նյութերին և իր մասնագիտական գնահատմամբ ասաց, որ քննության մեջ ակնհայտ խնդիրներ ու բացեր կան, և որոշումը պետք է բողոքարկել։ Նա պատրաստ էր ստանձնել գործը և այն առաջ տանել։

Բայց այդ ժամանակ ես արդեն հայտնվել էի ֆինանսապես շատ ծանր վիճակում։ Աշխատանքից զրկված էի, երկու անչափահաս երեխաներիս ամբողջ հոգսն իմ վրա էր, և ես պարզապես ի վիճակի չէի վճարել փաստաբանի ծառայությունների համար։ Դրա համար էլ իրավական պայքարն այն ժամանակ չշարունակեցի։

Բայց այդ գործն ինձ համար փակված չէ։ Ես հիմա արդեն մտադիր եմ իրավական քայլեր ձեռնարկել՝ գործի նյութերը նորից վերցնելու, մասնագետների հետ ուսումնասիրելու և դրա վերաբացման կամ կարճման որոշման վերանայման հնարավորությունը պարզելու համար։ Որովհետև այս անգամ ուզում եմ մինչև վերջ հասկանալ ոչ միայն՝ ինչու կարճվեց գործը, այլև՝ ինչպես է այն քննվել, ինչ նյութեր են իրականում ուսումնասիրվել, որոնք՝ ոչ, և որքանով է այդ քննությունը համապատասխանել անաչառ ու լիարժեք քննության պահանջներին։
Եթե դրա համար անհրաժեշտ լինի նորից դիմել համապատասխան մարմիններին, ես դա անելու եմ։ Այս հարցը ես այլևս կիսատ թողնելու մտադրություն չունեմ։

– Տիգրան Վանդունցի այդ կադրային ջարդը ուրիշ աշխատակիցների նկատմամբ էլ դրսևորվե՞լ է։

– Այո՛, դրսևորվել է, այսպես ասած՝ «նախկին ռեկտորի» կամ «իմ կադրերի» նկատմամբ։ Դեպքերը տարբեր էին, ձեռագրերը՝ երբեմն տարբեր, բայց տրամաբանությունը նույնն էր՝ եթե «իր մարդը» չես, դառնում ես անցանկալի։

Ավելին՝ հենց պաշտոնը ստանձնելուց հետո երբ նա ինձ ասում էր, որ պետք է «իր կաբինետը ձևավորի», և այդ պատճառաբանությամբ ինձ ստիպում էր ազատել պրոռեկտորի պաշտոնը, որպեսզի այնտեղ նշանակի իր նախընտրած մարդուն, արդեն պարզ էր, որ դա պարզապես անհաջող արտահայտություն չէր, այլ կառավարման մտածողություն։ Եթե մարդը համարվում էր «նախկին ռեկտորի կադր», նրա նկատմամբ արդեն անվստահություն էր ձևավորվում՝ անկախ նրանից, թե ինչ մասնագետ էր, քանի տարի էր աշխատել համալսարանում և ինչպես էր աշխատել։

Եվ այդ մտածողությունից տուժել եմ ոչ միայն ես։ Կան կոնկրետ մարդիկ և կոնկրետ դեպքեր, երբ աշխատողի նկատմամբ վերաբերմունքի հիմքում դրվել է հենց այն, թե նա ում «կադրն» է համարվում։ Դրանցից մի քանիսի մասին կարող եմ խոսել նաև անուններով ու փաստերով։
Երբ պետական բուհում մասնագիտական արժանիքից ավելի կարևոր է դառնում՝ «ո՞ւմ մարդն ես» և վայելո՞ւմ ես արդյոք ռեկտորի անձնական վստահությունը, դա արդեն կառավարման սկզբունք է։

– Կարո՞ղ եք կոնկրետ օրինակներ բերել։ Ովքե՞ր են, բացի Ձեզանից, հայտնվել այդ վերաբերմունքի թիրախում։

– Օրինակները, ցավոք, շատ են։ Եվ եթե դրանցից յուրաքանչյուրին մանրամասն անդրադառնամ, առանձին հարցազրույցի նյութ կդառնա։

Սկսեմ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի նախկին դեկանից, որ նշանակվել էր նախկին ռեկտորի օրոք՝ Սվետլանա Մանուչարյանից։ Նա երկարամյա դասախոս էր, լեզվաբան, բարբառագետ, տարիներ շարունակ ղեկավարել էր ֆակուլտետը։ Դեկանի մրցույթից առաջ նրան, ըստ էության, հասկացրել էին, որ չդիմի․ նա Վանդունցի «վստահելի անձանց» շրջանակից չէր։ Մինչ այդ արդեն ձևավորվել էր ֆակուլտետի խորհուրդը, և Վանդունցն ուներ իր նախընտրած թեկնածուն։

Եվ ոչինչ, որ խոսքը հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի մասին էր, իսկ նրա «վստահելի» թեկնածուն քիմիական գիտությունների թեկնածու էր։ Ստացվում է՝ մասնագիտական համապատասխանությունից ու երկարամյա փորձից ավելի ծանրակշիռ չափանիշ էր ռեկտորի անձնական վստահությունը։ Սվետլանա Մանուչարյանն ի վերջո հեռացավ համալսարանից և իր մասնագիտական գործունեությունը շարունակեց Երևանում։

Մյուս շատ ցցուն դեպքը երիտասարդ պատմաբան Հարութ Դավթյանինն է։ Նա մեր համալսարանի շրջանավարտն էր, աշխատել էր համալսարանում, հետո մեկնել զինվորական ծառայության։ Վերադառնալուց հետո, երբ փորձել էր օրենքով սահմանված կարգով շարունակել աշխատանքը, ռեկտորից լսել էր հենց այն բառապաշարը, որի մասին խոսում եմ՝ «դու իմ մարդը չես», «նախկին ռեկտորի ու պրոռեկտորի կադրն ես, հաստիքն էլ հատուկ քեզ համար է ստեղծվել»։ Սա, կարծում եմ, որևէ մեկնաբանության կարիք չունի։ Երիտասարդ մասնագետը բանակից վերադառնում է, իսկ ռեկտորի համար քննարկման առարկան ոչ թե նրա մասնագիտական կարողություններն են, այլ՝ ում «կադրն» է նա։ Եվ որից, բնականաբար, շատ արագ ազատվում է:

Հետագայում աշխատանքից հեռացվեցին նաև նրա իսկ գործավար-օպերատորը, ուսումնական մասի աշխատակիցներ, աշխատակազմի կառավարման բաժնի ղեկավարը և ուրիշներ։ Դեպքերը տարբեր էին, մեթոդներն էլ՝ տարբեր։
Յուրաքանչյուր անցանկալի աշխատակցի համար ընտրվում էր ճնշումների իր առանձին «փաթեթը»՝ մինչև մարդը դիմում գրեր ու հեռանար։

Եվ այստեղ ամենահետաքրքիրն ուրիշ բան է։ ԳՊՀ-ն ֆինանսական հսկայական հնարավորություններ ունեցող համալսարան չէ։ Տրամաբանական կլիներ պահպանել արդեն աշխատող, փորձ ունեցող մարդկանց, եթե նրանց աշխատանքի հետ կապված մասնագիտական խնդիր չկար։ Բայց մարդկանց հեռանալուն զուգահեռ դրսից նոր մարդիկ էին ընդունվում։ Այսինքն՝ խնդիրը միայն հաստիքների կրճատումը կամ ֆինանսական խնայողությունը չէր։ Պետք էին նոր մարդիկ՝ մարդիկ, որոնց ռեկտորը համարում էր իրեն վստահելի։

Երբեմն ինձ թվում է՝ նախկին կուսակցական մտածողությունից նրա մեջ մնացած «մերոնք–ձերոնք» բաժանումն այնքան խորն էր նստած, որ տեղափոխվել էր նաև համալսարան։ Եվ իր գալուց հետո աշխատողը պետք է ապացուցեր իր անձնական հավատարմությունը նոր ղեկավարին։

– Դուք ասացիք, որ Գորիսի պետական համալսարանը նախորդ՝ 4 տարվա լիարժեք հավատարմագրումից հետո այս անգամ ստացել է 4 տարվա պայմանական հավատարմագրում։ Դուք օրերս Ձեր ֆեյսբուքյան էջում անդրադարձել եք այս փաստին և նաև այն ձևին, որով համալսարանի ղեկավարությունը ներկայացրել է հավատարմագրման արդյունքը։ Ի՞նչ խնդիր եք այստեղ տեսնում։

– Նախ՝ փաստը շատ պարզ է։ ԳՊՀ-ն ստացել է ոչ թե պարզապես 4 տարվա հավատարմագրում, այլ 4 տարվա պայմանական հավատարմագրում։ Իսկ համալսարանի պաշտոնական հաղորդագրության մեջ «պայմանով» բառը պարզապես չկար։

Սա ինձ համար սկզբունքային հարց է, որովհետև ես ինքս տարիներ շարունակ զբաղվել եմ համալսարանում որակի ապահովման գործընթացներով և 2021 թվականի հավատարմագրման պատասխանատուն եմ եղել։ Գիտեմ՝ ինչ է նշանակում այդ մեկ բառը և ինչ տարբերություն կա սովորական ու պայմանական հավատարմագրման միջև։

2021 թվականին, չափազանց ծանր պայմաններում՝ համավարակից ու պատերազմից հետո, մենք համալսարանով անցանք այդ գործընթացը և ստացանք 4 տարվա լիարժեք հավատարմագրում։ Չորս տարի հետո տրամաբանական կլիներ սպասել առնվազն նույն արդյունքը, իսկ լավագույն դեպքում՝ առաջընթաց և 6 տարվա հավատարմագրում։ Փոխարենը բուհը ստացել է 4 տարվա պայմանական հավատարմագրում։ Ավելին՝ փորձագիտական գնահատման մեջ խնդիրներ են արձանագրվել հենց մասնագիտության կրթական ծրագրերի՝ ՄԿԾ-ների իրականացման մասով, ինչը գնահատվել է անբավարար։ Իսկ բուհի հիմնական արդյունքը հենց կրթական ծրագիրն է, ոչ թե հուշագիրը, գործուղումը կամ գեղեցիկ ֆոտոշարքը։

Բայց ինձ համար ամենախոսունը նույնիսկ սա չէ։ Ամենախոսունը երկակի չափանիշն է։ 2018 թվականին, երբ համալսարանը ստացել էր պայմանական հավատարմագրում, այսօրվա ղեկավար կազմում գտնվող որոշ մարդիկ դա ներկայացնում էին որպես այն ժամանակվա ղեկավարության ձախողում։ Իսկ երբ այսօր իրենց ղեկավարած համալսարանն է ստանում պայմանական հավատարմագրում, «պայմանով» բառը պաշտոնական հաղորդագրությունից անհետանում է, և արդյունքը ներկայացվում է որպես ձեռքբերում։
Այսինքն՝ պայմանական հավատարմագրումը վատ է, երբ ռեկտորը ուրիշն է, և հաջողություն է, երբ ռեկտորը դու՞ ես։

Ես հենց այս մոտեցման դեմ եմ։ Համալսարանը գիտական ու կրթական հաստատություն է, և այստեղ առաջին պահանջը պետք է լինի ակադեմիական ազնվությունը։ Եթե անկախ մարմնի որոշման մեջ գրված է «պայմանով», այդ բառը չի կարելի պաշտոնական հաղորդագրությունից պարզապես հանել՝ ավելի բարենպաստ ու կեղծ պատկեր ստեղծելու համար։

Եվ ես նորից նույն հարցին եմ վերադառնում․ բուհի իրական հաջողությունը չափվում է ոչ թե արտասահմանյան գործուղումների, հուշագրերի ու ֆեյսբուքյան լուսանկարների քանակով, այլ կրթության որակով, ուսանողների թվով, կրթական ծրագրերի վիճակով և այն գնահատականով, որը բուհին տալիս է անկախ հավատարմագրող մարմինը։
Փաստերը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, բայց դրանք «խմբագրել»՝ ըստ նրա, թե ով է տվյալ պահին ռեկտորի աթոռին, արդեն ուրիշ բան է։

– Այս ամբողջ գործընթացն ի վերջո ի՞նչ հետևանք ունեցավ Ձեզ համար՝ մասնագիտական և մարդկային առումով։

– Հետևանքը շատ կոնկրետ է․ այսօր ես փաստացի հիմնական աշխատանք չունեմ։ Ավելի քան երկու տասնամյակ նույն համալսարանում աշխատած, դասավանդած, գիտական ու վարչական տարբեր պատասխանատվություններ ստանձնած մարդը այսօր իր իսկ համալսարանում զրկված է անգամ դասավանդելու հնարավորությունից։

Եվ սա ինձ համար միայն աշխատանք կորցնելու պատմություն չէ։ Դրա հետևում ընտանիք է, երկու անչափահաս երեխա, ամենօրյա հոգսեր ու պարտավորություններ։ Երբ մարդուն զրկում ես աշխատանքից, դու պարզապես նրա անունը հաստիքացուցակից չես հանում․ դու այդ որոշման հետևանքները տանում ես նաև նրա տուն ու ընտանիք։

Բայց ավելի ցավալին այն է, որ համալսարանից ինձ դուրս մղելով՝ այդ մարդկանց վերաբերմունքը չի ավարտվել։ Ես շարունակում եմ զգալ մասնագիտական նախանձի, անհանդուրժողականության և մարդկային թշնամանքի դրսևորումներ։ Երբեմն այնպիսի տպավորություն է, որ նրանց համար նույնիսկ այն, որ ես այլևս համալսարանում չեմ աշխատում, բավարար չէ։ Բայց այդ ամենի մասին էլ ժամանակի ընթացքում կխոսեմ՝ ոչ թե ընդհանուր գնահատականներով, այլ կոնկրետ դեպքերով ու փաստերով։

Եվ այստեղ կա մի հանգամանք, որն ինձ համար հատկապես սկզբունքային է։ Նախկին ռեկտոր Արտուշ Ղուկասյանի հետ շատ լուրջ տարաձայնություններ ունեին նաև մարդիկ, որոնք այսօր համալսարանի ղեկավար կազմում են կամ մասնակցում են որոշմանը՝ ես պե՞տք եմ այդ համալսարանին, թե՞ ոչ։ Նրանց թվում էին ներկայիս պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը և ներկայիս ամբիոնի վարիչ Լուսինե Ներսիսյանը, որի դիրքորոշումն այսօր, փաստորեն, առնչվում է ինձ դասաժամ տրամադրելու հարցին։

Ես այդ ժամանակ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր էի։ Եվ շատ հեշտ կարող էի առաջնորդվել այսօրվա տրամաբանությամբ՝ «ռեկտորի հետ խնդիր ունեն, ուրեմն դասաժամ չտանք»։ Ավելին՝ եղել են նաև ռեկտորի բավական կոշտ դիրքորոշումներ նրանց նկատմամբ։ Բայց ես երբեք դա չեմ արել։

Ես երբեք նրանց չեմ զրկել դասաժամերից, որովհետև համարել եմ՝ անձնական կամ աշխատանքային տարաձայնությունը չի կարող տեղափոխվել լսարան։ Նրանք տարիներ շարունակ դասավանդել էին, մասնագետներ էին, ասելիք ունեին ուսանողին, և ես իրավունք չունեի ղեկավարի հետ նրանց ունեցած հակասությունը վերածելու մասնագիտական հաշվեհարդարի։

Ես այն ժամանակ պաշտոն ունեի և կարող էի օգտագործել այդ պաշտոնը։ Չօգտագործեցի։ Կարող էի անձնական հարաբերությունը վերածել կադրային որոշման։ Չարեցի։ Որովհետև համալսարանը երբեք չեմ ընկալել որպես անձնական հաշիվներ մաքրելու տարածք։
Եվ գուցե այս ամբողջ պատմության ամենադառը հակադրությունը հենց սա է․ ես իշխանություն ունենալու ժամանակ նրանց նկատմամբ չեմ արել այն, ինչ նրանք այսօր, իշխանություն ունենալով, անում են իմ նկատմամբ, և հանիրավի:

Սա, թերևս, նաև մարդկանց միջև տարբերությունը հասկանալու ամենապարզ չափանիշն է։ Մարդուն ճանաչում ես ոչ միայն այն ժամանակ, երբ նա անզոր է, այլ հատկապես այն ժամանակ, երբ իշխանություն է ստանում և հնարավորություն՝ ուրիշի ճակատագրի վրա ազդելու։
Այս պատմության մեջ ինձ համար մի դառը մարդկային հանգամանք էլ կա․ Տիգրան Վանդունցն իմ ազգականն է, մարդ, որին դեռ ուսանողական տարիներից ձեռք եմ մեկնել, քաջալերել ու հնարավորություններիս սահմաններում աջակցել նրա մասնագիտական ճանապարհին։ Եվ այսօր հարվածը գալիս է հենց այդ մարդուց։

Իսկ մնացածի համար ես համբերություն ունեմ։ Ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում։ Այսօր գուցե ինչ-որ մեկին թվում է, թե կարելի է պաշտոնեական դիրքն օգտագործել՝ մարդուն աշխատանքից զրկելու, նրա մասնագիտական ճանապարհը փակելու, նրա ընտանիքին զրկանքների մատնելու համար, իսկ հետո հանգիստ շարունակել վայելել պաշտոնն ու կյանքը։ Բայց կյանքն այդքան միակողմանի չէ։ Կյանքի արդարության օրենքը, վաղ թե ուշ իր գործն անում է։

Ես ոչ մեկին վատ բան չեմ ցանկանում։ Բայց նաև չեմ հավատում, որ ուրիշի ցավի, զրկանքի ու անարդարության հաշվին կառուցված բարեկեցությունը կարող է անվերջ ու անհետևանք լինել։ Պաշտոնները ժամանակավոր են, հանգամանքները՝ փոփոխական, և գալիս է ժամանակ, երբ յուրաքանչյուր մարդ մնում է իր արածի ու իր խղճի հետ։
Այնպես որ պետք չէ կարծել, թե ինձ աշխատանքից զրկելով, իմ ընտանիքին տարիներ շարունակ ծանր վիճակի մեջ դնելով՝ այս պատմությունն ավարտվել է։ Ժամանակը դեռ շատ հարցերի պատասխան է տալու։


Most Viewed

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
11:10 Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել
10:33 Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքից․ հայտնի է մասնակիցների, մահացածի և վիրավորների ինքնությունը
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին