latest_news
copy image url
Ներքին 3 часа назад - 18:00 12-09-2026

Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի վերջին գործողությունների արդյունքում կալանավորվել է Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը և բնապահպանական ոլորտի մի շարք պաշտոնյաներ։

Ըստ քննության վարկածի՝ պաշտոնյաները կաշառք են ստացել՝ աչք փակելու համար Մեղրիի տարածքում գտնվող Տերտերասարի ոսկու հանքի երկամյա ապօրինի շահագործման վրա։ Այս հանքի շահագործման իրավունքը պատկանում է Սիլվա Համբարձումյանի «Սիփան-1» ընկերությանը, ինչն էլ մամուլում բարձրացրեց հարցերի նոր ալիք։

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Սիլվա Համբարձումյանի անունը կապվում է պաշտոնյաներին կաշառելու հետ։ Դեռևս 2008 թվականի հայտնի գործով նրա տված ցուցմունքների հիման վրա առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանք էր առաջադրվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Նույն գործով գլխավոր մեղադրյալ, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը տարիներ շարունակ գտնվում են միջազգային հետախուզման մեջ։

Օրենքով պատժելի է թե՛ կաշառք ստացողը, թե՛ տվողը։ Ըստ մամուլի հրապարկուների՝ Համբարձումյանը ոչ մի անգամ որպես կասկածյալ կամ մեղադրյալ չի հայտնվել իրավապահների տեսադաշտում՝ մնալով բացառապես վկայի կամ տուժողի կարգավիճակում։

Մեղրիի վերջին դեպքերի հետ կապված՝ գործարարը Oragir.News-ի հետ զրույցում, կտրուկ հերքեց իր որևէ մեղսակցություն և նոր մեղադրանքները որակեց որպես քաղաքական պատվեր։ Նա կոշտ արձագանքեց մամուլի հրապարակումներին՝ ասելով․

«Ես արդեն զանգել եմ իրենց ու ասել՝ դատի եմ տալու։ Դուք նախքան գրելը պետք է ինձ հետ խոսեիք։ Գիտեք, դա Քոչարյանի թևն է, պարզ է, թե ինչու են փորձում ինձ ներքաշել։ Բայց ես ազատության մեջ եմ, ինձ ոչ մեկ չի անհանգստացրել, ես ընդհանրապես կապ չունեմ այդ ամենի հետ»,- հայտարարեց Համբարձումյանը։

Գործարարի պնդմամբ՝ «Սիփան-1» ընկերությունն ինքը տարել է սնանկացման, իսկ 2024 թվականին լիցենզիայի ժամկետն ավարտվելուց հետո հանքի տարածքին մոտ չի գնացել և սպասում է նոր օրինական թույլտվության։

Ավելին, ըստ նրա, ինքն այս պատմության մեջ ոչ թե կաշառք տվող է, այլ տուժող, քանի որ անձամբ է պարեկների օգնությամբ կանխել իր տարածքից ոսկեբեր քարերի գողությունը։

«Այնտեղ գողեր էին մտել, իրեղեն ապացույցներ էին թողել՝ մեքենա, 13 պարկ ոսկեբեր քար...

Բայց մինչև այսօր Քննչական կոմիտեն այդ գործով չի զբաղվում։ Պատկերացնո՞ւմ եք՝ իրեղեն ապացույցն ու մեքենան կան, բայց հանցագործին չեն գտնում»,- ասաց նա։

Եզրափակելով խոսքը՝ գործարարը ևս մեկ անգամ շեշտեց, որ ներկայիս իշխանության օրոք կոռուպցիոն որևէ գործարքի մեջ ներքաշված չէ․ «2018 թվականից հետո ես չգիտեմ էլ, թե կաշառքն ինչ է։ Ես այս նոր գործի հետ ընդհանրապես կապ չունեմ, խնդրում եմ սա ֆիքսեք։ Այդտեղ վարդենիսցիներն են, վարդենիսցիներին են կալանավորել, ես կապ չունեմ»։


Most Viewed

12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
09:03 Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
22:24 Գյումրիի Չարենցի փողոցը միշտ «մառախլապատ» է․ քանդված ճանապարհի փոշին անսպառ է ու անվերջ
23:20 Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին
22:00 Անազատ բուհերով և քաղաքական հալածանքներով արևմուտք չեն գնում. Լիլիթ Գալստյան
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան