Այս պահին մենք ունենք կյանքի և առողջության համար առաջացած լրջագույն վտանգ, որ առաջացել է կալանքի պատճառով, այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
«Մենք կարծում ենք, որ այս իրավիճակում կոնկրետ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է տեղի ունենում, որը խոշտանգումների, դաժան անմարդկային վերաբերմունքի արգելքն է»,-ընդգծել է պաշտպանը:
Հարցին՝ ինչու Գագիկ Խաչատրյանն ՄՌՏ հետազոտություն չի անցնում, Երեմ Սարգսյանը պատասխանեց, որ իր պաշտպանյալն առնվազ 6-7 ՄՌՏ հետազոտություն է անցել: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարության Գագիկ Խաչատրյանի մասին, ըստ որի՝ Խաչատրյանը սիմուլյանտություն է անում, Սարգսյանը նշեց, որ սիմուլյանտության մասին խոսք լինել չի կարող, քանի որ իր պաշտպանյալը բազմաթիվ հիվանդություններ ունի: Ըստ նրա՝ բոլոր փորձաքննությունները փաստում են Գագիկ Խաչատրյանի առողջական խնդիրների մասին:
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ, տեղի է ունեցել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատալսումները։ 71-ամյա Գագիկ Խաչատրյանին շտապօգնությա մեքենայով պատգարակով են տեղափոխել դատարան, նա ինքնուրույն չի կարողանում տեղաշարժել:
Հիշեցնենք, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան սեպտեմբերի 2-ից պահվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում և, պաշտպանական կողմի տեղեկությունների համաձայն, մինչ օրս բժշկի այցելություն չի ունեցել։ Փաստաբանները նրան տեսակցել են խցում։ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է խնամող անձ, որը սահմանափակ այցելությունների ընթացքում օգնում է նրան սնունդ ընդունել։