latest_news
copy image url
Ներքին 4 часа назад - 19:18 05-09-2026

ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսը, որին ներկա է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ողջ էլիտան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Ուշագրավ է, որ 2018 թվականի համաժողովրդական շարժման և «Մերժիր Սերժին» նախաձեռնության ակունքներում կանգնած առանցքային դեմքերից շատերը, այդ թվում՝ Շահեն Հարությունյանը, ներկա չէին միջոցառմանը։

Oragir.News-ի հետ զրույցում «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Շահեն Հարությունյանը՝ անդրադառնալով շնորհանդեսին իրեն չհրավիրելու պատճառներին, նշեց, որ հրավեր ընդհանրապես չի ստացել, սակայն ստանալու դեպքում էլ կմերժեր։

«Էնպես չի՝ հրավիրել են, հրաժարվել եմ. չեն էլ հրավիրել։ Եթե հրավիրեին՝ կմերժեի, հենց այդ նույն քաղաքական հայացքների համար։ Բնականաբար, կարծում եմ, որ իրենք էլ՝ քաղաքական հայացքներով պայմանավորված, չեն հրավիրել։ Նորմալ է, որ չեն հրավիրել»,-ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ իրենք վաղուց են այդ շարժումը վերածել, այսպես ասած, նեղ կուսակցական շարժման։

«Երկրորդ՝ իրենք էն ինչի համար որ մենք պայքարում էինք, շեղվել են ճիշտ ճանապարհից կամ հռչակված արժեքներից, գաղափարներից։ Եվ շատ նորմալ եմ համարում, որ իրենց այդ նեղ կուսակցական միջոցառմանը ինձ պետք է չհրավիրեին։ Դա համաժողովրդական շարժման մասին չէ, որի ակունքներում ես կանգնած էի»։

Այսպիսով, Արմեն Գրիգորյանի հեղինակած գիրքը, որը ներկայացվում է որպես 2018 թվականի թավշյա հեղափոխության պատմություն, ըստ շարժման ակտիվիստների, իրականում արտացոլում է միայն իշխող քաղաքական թիմի նեղ շահերն ու տեսակետը՝ դուրս թողնելով նրանց, ովքեր կերտել են այդ շարժումը փողոցում, սակայն այսօր չեն կիսում ՔՊ-ի վարած քաղաքական հայացքները։