latest_news
copy image url
Ներքին 5 часов назад - 18:02 05-09-2026

ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Արմավիրի մարզի ոստիկանությունն անցել է բարձր տեխնոլոգիական մեթոդների. այսուհետ տնամերձ հողամասերում «արգելված բույսերի» առկայությունը ստուգվում է ոչ թե հարևանների աչալուրջ հայացքով, այլ երկնքից:

Oragir.News-ի տեղեկություններով՝ իրավապահները դիմել են բավականին յուրահատուկ քայլի՝ ԱԹՍ-ով (դրոնով) նկարահանել են քաղաքացիներից մեկի սեփական տարածքը՝ կանեփի թփեր հայտնաբերելու նպատակով: Թիրախը հաջողությամբ ֆիքսելուց հետո ուժայիններն անցել են օպերատիվ գործողությունների և ձերբակալել տանտիրոջը:

Իհարկե, պատմությունը տպավորիչ է, բայց առաջանում է բնական մի հարց. իսկ որքանով է օրինական մարդու սեփական բակ թռչող սարք ուղարկելն ու այնտեղ նկարահանումներ անելը, նույնիսկ եթե կասկածներ կան: Մի՞թե սա անձնական կյանքի և սեփականության իրավունքի խախտում չէ:

Oragir.News-ի հետ զրույցում Ոստիկանության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալ Էրիկ Աստվածատրյանը նշեց, որ իրավապահներն ունեն նման հնարավորություն և եթե անհրաժեշտություն կա, դիմում են ցանկացած մեթոդի։

«Ոստիկանությունն իր ունեցած օպերատիվ-հետախուզական գործունեության շրջանակում կարող է կիրառել օրենքով ցանկացած գործիքներ, տեխնիկա և միջոցներ»,- հայտնեց Էրիկ Աստվածատրյանը՝ հավելելով, որ եթե դա արվում է կոնկրետ հանցագործություն բացահայտելու նպատակով, ապա կարող են նաև այդ մեթոդին դիմել:

Այն դիտարկմանը, թե արդյոք նմանատիպ օդային հետախուզությունը չի՞ դիտվում որպես օրենքի խախտում, մեր զրուցակիցը վստահեցրեց. «Եթե այդպիսի միջոցառում է իրականացվում, վստահաբար որոշումներն ու միջոցները օրինական են, և առկա է համապատասխան թույլտվություն: Տեսականորեն հնարավոր է, և օրենքի սահմաններում ամեն ինչ էլ կարող են անել, եթե խոսքը հանցագործության բացահայտման մասին է»:

Փաստորեն Արմավիրի մարզի բնակիչները պետք է ժամանակ առ ժամանակ աչքի պոչով հետևեն երկնքին: Իսկ եթե տեմպերն այսպես շարունակվեն չի բացառվում, որ մոտ ապագայում հայկական բակերում աճեցվող կանեփի դեմ պայքարի դուրս գան արդեն «Բայրաքթարները»:

Կանեփի սիրահարներին մնում է միայն զգոն լինել. տեխնոլոգիաները չեն քնում, նույնիսկ եթե դրանք Արմավիրի երկնքում են: