Ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը նյարդային ջղաձգումներ է անում։ Հունիսի 17-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա ընդդիմադիր ուժերի վրա հոխորտացել է, հեղափոխություն անելու կոչ արել։
«Ես էլի ասում եմ այս ամբիոնից. ՀՀ քաղաքացինե՛ր, ես ասում եմ, քանի վարչապետ եմ, հասցեական ջախջախելու եմ դրանց: Այն քաղաքացիները, որոնք այս գծի հետ համաձայն չեն, կոչ եմ անում հեղափոխություն անել ՀՀ-ում և փոխել կառավարությունը։ … Ընդդիմությունը կոչ չի անում դուրս գալ փողոց, ես եմ կոչ անում՝ Կալուգացի՛ օլիգարխ, Ռոբե՛րտ Քոչարյան, Բելառուսացի՛, ջախջախելու եմ, անհատապես ջախջախելու եմ, ու իրենց շոշափուկներին և մետաստազներին ջախջախելու եմ հասցեական, բոլոր հնարավոր միջոցներով»,- ասել է նա։
Ո՞րն է այս ագրեսիվ ջղաձգման պատճառը։
Նախ՝ հեղափոխություն անելու, կառավարությունը փոխելու կոչեր արել են նաև այլ քաղաքացիներ։ Նրանց մի մասի դեմ հարուցվել են քրեական գործեր, ոմանք կալանքի տակ են այդպիսի կոչերի համար։ Դատախազությունը հեղափոխության կոչ անող Փաշինյանի դեմ մեղադրանք առաջադրելո՞ւ է։ Եթե ոչ, ապա դատախազությունը լուրջ չի ընդունում Փաշինյանի ասածը՝ կարծելով, թե նա ձևացնում է կամ դերի մեջ է։
Ի՞նչ կերպարի մեջ է մտել Փաշինյանը։
Հիշենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2018-ին հանգստանում էր արտերկրում։ Նրան բերեցին, բռնեցին, ստիպեցին մտնել քաղաքականություն և ընդդիմադիրի դեր խաղալ։ Նա քաղաքականություն վերադառնալու պլաններ չուներ։ Հայտնի ձայնագրության մեջ էլ ուզում էր «պլավնի» դուրս գալ։ Նա հասուն, փորձառու քաղաքական գործիչ է և շատերից լավ էր հասկանում, որ Փաշինյանն ամեն գնով փորձելու է հաղթել հունիսի 7-ին։ Եվ դրանից հետո Քոչարյանը, որպես ընդդիմադիր, անելիք չունի։ Ու եթե իրեն թողնեն, ապա հենց հիմա կուզենա դուրս գալ այս խաղից։
Սամվել Կարապետյանը մեկ տարի առաջ չէր մտածում քաղաքականություն մտնելու մասին։ Նա հաջողակ գործարար էր, բարերար, միլիարդատեր, քաղաքական հավակնություն չէր ցուցաբերում։ Բայց նրան բռնեցին, ստիպեցին քաղաքականություն մտնել, ընդդիմադիրի դեր խաղալ։ Նա դժվարանում է քաղաքական խոսք ասել, քանի որ քաղաքական աշխարհն իրեն խորթ է։ Որպես հաջողակ գործարար՝ նա լավ հասկանում էր, որ Փաշինյանն ամեն գնով փորձելու է հաղթել։ Իսկ հունիսի 7-ից հետո Սամվել Կարապետյանը, որպես ընդդիմադիր, ի՞նչ է անելու։ Ենթադրաբար, կուզենա բիզնես անել, քաղաքականությունից հեռու լինել։
Նույնը Գագիկ Ծառուկյանի պարագայում է։ Նա հաջողակ գործարար ու բարերար է, քաղաքականություն է մտել դարձյալ իր կամքին հակառակ։ Նա նույնպես քաղաքականության մեջ իր ափսեում չէ։ Նա քաղաքական հետաքրքրություններ ու հավակնություններ չի ցուցաբերել, միայն սպորտի ասպարեզն է վստահվել նրան։ Նախընթաց տարիների դառը փորձը նրան, հավանաբար, հուշում է, որ որպես ընդդիմադիր գործիչ այսօր անելիք չունի։
Տարածված կարծիք կա, թե հնարամիտ իդալգո Դոն Քիխոտը գիտեր, որ իր դիմաց հողմաղաց է, բայց ձևացրեց, թե չար հրեշ է։ Եվ Սերվանտեսի հորինած կերպարը պայքարեց ու հաղթեց չարին, ինչպես վայել է ռոմանտիկ հերոսին։
Փաշինյանի թիրախում հայտնված երեք առաջնորդները քաղաքական ռեալ մրցակիցներ չեն, հարկադրաբար են հայտնվել այդ դերում։ Եվ ողջամիտ կասկած կա, որ Փաշինյանը Դոն Քիխոտի պես ձևացնում է, թե եռագլուխ հրեշ է իր դիմաց կանգնած, և ինքը, որպես ռոմանտիկ հերոս, կռվելու է այդ եռագլուխ վիշապի դեմ, ազատելու է թագավորի աղջկան, որը հեքիաթներում խորհրդանշում է ժողովրդին։ Բնական է՝ դոնքիխոտյան այս տեսարանը հետաքրքիր է երեխաների համար։ Եվ զարմանալի չի լինի, որ այս պայքարը կոչվի երեխաների հեղափոխություն։
Կարճ ասած՝ եթե Փաշինյանը Դոն Քիխոտի կերպարի մեջ չէ, և իսկապես մտադիր է անկախության ու ժողովրդավարության պաշտպանությանն ուղղված քայլեր անել, ապա 64-ից մեկն արդեն պետք է հայտարարեր, որ ՀՀ-ից ռուսական զորքերը դուրս հրավիրելու, լյուստրացիայի և դեսովետիզացման մասին օրենքների նախագծեր է մշակում։ Քանի որ այդպիսի հայտարարություն չկա, ապա ողջամիտ կասկած է առաջանում, որ Փաշինյանը ձևական է նյարդայնանում ու ջղաձգվում, որ նրանից շատ բան չպահանջեն քաղաքացիներն ու ազատ աշխարհի երկրները, որոնք երեխայի պես հավատացել են, թե նա անկախության ու ժողովրդավարության ջատագով է, ձգտում է, որ ՀՀ-ն քաղաքակիրթ աշխարհի ներդաշնակ մաս դառնա։
Փաշինյանի ջղաձգման երկրորդային թիրախն էլ ընդդիմության առաջնորդ կարգվածներն են, որոնցից նա պահանջում է մնալ ռուսամետ եռագլուխ չարության կերպարի մեջ, որ աշխարհում բոլորը հավատան, թե իսկապես լուրջ պայքար կա նրանց ու Փաշինյանի միջև, և ոչ ոք չկասկածի, որ եռագլուխ կոչվածն իրականում հողմաղաց է՝ մարդկանց, տնտեսության համար անհրաժեշտ տեխնիկա։
Սերվանտեսի վեպում հողմաղացի դեմ կռվող հերոսը պնդում է, որ կախարդ Ֆրեստոնը չար հսկաներին վերածեց հողմաղացների, որ հաղթանակի փառքից իրեն զրկի։ Տակավին կանխատեսելի չէ, թե ինչ արդարացում կհորինի Փաշինյանը, երբ բոլորը կհասկանան, որ ոչ մի եռագլուխ վիշապ էլ չկա, և այդ առաջնորդներին Փաշինյանն է ստիպել ընդդիմադիր դառնալ ու քաղաքականությամբ զբաղվել։