latest_news
copy image url
Ներքին 13 часов назад - 09:00 16-06-2026

ՊԵԿ-ից՝ «Արդշինբանկ» և սեփական ՍՊԸ-ներ. Բադասյանը «քամում է» հնարավորինը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Ռուստամ Բադասյանի վերջին տեղաշարժերը պետական համակարգից դեպի բանկային և խորհրդատվական ոլորտներ դասական օրինակ են այն բանի, թե ինչպես է պետական լծակներով կուտակված կապիտալն ու ներքին տեղեկատվությունը ակնթարթորեն ծառայեցվում սեփական մասնավոր բիզնեսում։

2024 թվականի նոյեմբերի 18-ին ՊԵԿ նախագահի պաշտոնից հեռանալուց գրեթե օրեր հետո նոյեմբերի 26-ին Ռուստամ Բադասյանը տեղավորվեց երկրի խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկում՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում, որպես իրավական հարցերի գծով տնօրեն։

«Արդշինբանկ» ՓԲԸ-ում բարձր պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ՝ Ռուստամ Բադասյանը ծավալում է նաև մասնավոր ձեռնարկատիրական գործունեություն։ Նա իր հիմնադրած «Բադասյան Քնսալթինգ» ՍՊԸ-ի միջոցով, որի 51% բաժնեմասի սեփականատերն է, համագործակցում է Հայաստանի բանկերի միության հետ՝ իրականացնելով մասնագիտական դասընթացներ ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչների համար։



Առավել ուշագրավ է, որ Բադասյանն իր հետ մասնավոր սեկտոր է տեղափոխել ՊԵԿ նախկին փոխնախագահ Արթուր Մանուկյանին, ով այժմ ընկերության հարկային պրակտիկայի ղեկավարն է։



Ստեղծվել է մի իրավիճակ, երբ երկրի հարկային և մաքսային քաղաքականությունը տարիներ շարունակ գծած ու վերահսկած բարձրաստիճան պաշտոնյաները հիմա մասնավոր ընկերություններին «խորհրդատվություն» են վաճառում այն մասին, թե ինչպես շրջանցել կամ օպտիմալացնել հենց իրենց ստեղծած հարկային մեխանիզմները։ Հայաստանի բանկերի միության հարթակում նրանց կողմից իրականացվող դասընթացները՝ «Տրանսֆերային գնագոյացման կարգավորումներ. կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր» թեմայով, փաստում են, որ նախկին պաշտոնյաները թիրախավորել են հենց ֆինանսաբանկային խոշոր կապիտալը։



Ի դեպ, «Բադասյան Քնսալթինգ» ՍՊԸ-ի իրական շահառուների հայտարարագրի համաձայն՝ ընկերության 49% բաժնեմասի անուղղակի սեփականատեր է հանդիսանում ոմն Կարեն Սաֆարյանը։

Հարկ է նշել, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահը հայտնի խոշոր գործարար Կարեն Սաֆարյանն է, ով բանկը ղեկավարում է 2003 թվականից։

Զարմանալի զուգադիպությամբ առկա է անվանական համընկնում․ եթե խորհրդատվական ընկերության 49%-ի տերը հենց բանկիր Կարեն Սաֆարյանն է, ապա ստացվում է, որ խոշորագույն բանկի տերը սեփական բիզնես է հիմնում ՊԵԿ նախկին նախագահի հետ, ում աշխատանքի է վերցրել իր բանկում։



Ի դեպ, Ռուստամ Բադասյանի սրընթաց կարիերան մշտապես ուղեկցվել է աղմկոտ պատմություններով, որոնք հեղափոխական պաշտոնյայի կերպարի հետ դժվարությամբ են համադրվում, դրանցից մեկը զինծառայությունից ազատվելու պատմությունն է. դեռևս Արդարադատության նախարար նշանակվելու շրջանում մամուլում մեծ աղմուկ բարձրացավ նրա՝ ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերի վերաբերյալ։

Բացի այդ, ՊԵԿ նախագահ եղած տարիներին Բադասյանը հաճախ մեղադրվում էր ընտրողական արդարադատության և գործարարների նկատմամբ հարկային տեռոր կիրառելու մեջ։ Այսօր, սակայն, նա հայտնվել է բարիկադների հակառակ կողմում և պաշտպանում է խոշոր կապիտալի շահերը։

ՊԵԿ-ում նրա պաշտոնավարման շրջանը հիշվում է նաև մերձավորների և հավատարիմ մարդկանց բարձր պաշտոնների նշանակումներով (ինչպես Արթուր Մանուկյանի դեպքում), որոնք, ինչպես պարզվեց, պետական համակարգից հեռանալուց հետո էլ շարունակում են գործել որպես մեկ միասնական բիզնես-թիմ։

Այսպիսով, մինչ Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը փորձում է գոյատևել բանկային բարձր տոկոսադրույքների և հարկային բեռի տակ, պետական համակարգի նախկին կառավարիչները վայելում են իրենց «անհոգ կյանքը»։ Ռուստամ Բադասյանի օրինակը ցույց է տալիս, որ հեղափոխական արժեքների մասին հայտարարությունները ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են մասնավոր բանկերի վիթխարի աշխատավարձերն ու սեփական խորհրդատվական ընկերությունների միլիոնանոց շահույթները։

Most Viewed

17:13 Մայրը շատ ուշադիր ծնող է, միայնակ ու տանջանքով է մեծացրել երեխաներին. ընտանիքը Գյումրիից է. ինչ են պատմում անչափահաս քույրերի ընտանիքի մասին
18:00 Ընտանիքը Գյումրիից է. Վանաձորում վարձով էին ապրում. մայրը միայնակ ու մեծ դժվարությամբ է մեծացրել երեխաներին. նոր մանրամասներ՝ 2 քույրերի առեղծվածային դեպքից
09:00 ՊԵԿ-ից՝ «Արդշինբանկ» և սեփական ՍՊԸ-ներ. Բադասյանը «քամում է» հնարավորինը
14:50 Թռնում եմ, որ մոռանամ՝ Նիկոլը ևս 5 տարի վարչապետ է լինելու. Էվելինա Խանոյան
23:25 Փամբակ գետում որոնվող քույրերը Արցախից են. նրանց դեռ չեն գտել
19:30 Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից
23:30 Հայ մարդը դեմ է քվեարկել Հայաստանի ադրբեջանացման ծրագրին` նույնիսկ անասելի ռեպրեuիաների, ստի ու կեղծիքի պայմաններում. Շարմազանով
22:22 Ադրբեջանի տարածքով Հայաստան է առաքվել 490 տոննա ռուսական ցորեն
20:42 Քյարթու տղա չեմ սիրում. ինչու է Էլեն Սաֆարյանը ստիպել նշանածին վաճառել իր Niva-ն
17:02 Մտածում էի՝ գուցե գետը չեն ընկել, շներից վախեցել, թաքնվել են ինչ-որ տեղ. կորած քույրերի մորաքույրն առաջ է քաշում իր վարկածը