«Հրապարակ» թերթը գրում է․ «Անցած շաբաթ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը մոտ 150 դիվանագետների ուղեկցել էր Լեռնային Ղարաբաղ, հայտարարել, թե Գանձասարն ու Դադիվանքն աղվանական եկեղեցիներ են, ինչը մեծ վրդովմունք առաջացրեց մեզանում։
Թերթի տեղեկություններով, վերջին օրերին Հաջիեւին արձագանքելու վերաբերյալ քննարկումներ են ընթացել նաեւ Արցախի խորհրդարանականների շրջանում, սակայն ընդհանուր համաձայնության չեն եկել, եւ որեւէ հայտարարություն չի կազմվել։ Թերթի աղբյուրներն ասում են, որ 5-6 արցախցի է պնդել, որ հարկավոր է արձագանքել` առանց Նիկոլ Փաշինյանից ու իր իշխանության ռեպրեսիաներից վախենալու, մյուսները զգուշավոր են դարձել եւ չեն ուզում սրել հարաբերությունները ՀՀ իշխանությունների հետ։
--
«Փաստ» թերթը գրում է. «Խորհրդարանական համակարգերում ընդդիմությանը վերապահված վերահսկողական լծակները՝ հանձնաժողովների նախագահների, փոխնախագահների և սահմանադրական այլ պաշտոնների տեսքով, ծառայում են ոչ միայն որպես զսպման համակարգ, այլև նախապատրաստում են ապագա իշխանափոխությանը։ Տարբեր երկրների, օրինակ՝ Գերմանիայի կամ Լեհաստանի պրակտիկան ցույց է տալիս, որ երբ խորհրդարանական ընդդիմությունն արդյունավետորեն ստանձնում է իրեն վերապահված լծակները, դա հնարավորություն է տալիս կանխել քաղաքական վակուումը և ապահովել պետական ապարատի անխափան աշխատանքը իշխանափոխության անցումային փուլում:
Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակում նույնպես տեսանելի է դառնում իշխանափոխության հասունացման ինստիտուցիոնալ տրամաբանությունը: Օրենսդիր մարմնում ընդդիմության կողմից Սահմանադրությամբ իրեն վերապահված պաշտոնների և հանձնաժողովների ղեկավարման ստանձնումը պետական կառավարման պատասխանատվության իր մասնաբաժինը ստանձնելու քայլ է։ Այս գործընթացն ընթանում է սոցիալ-տնտեսական խորացող ճգնաժամի ֆոնին, երբ անգամ ռուսական պատժամիջոցների ամբողջական փաթեթի ուժի մեջ չմտած հատվածում արդեն իսկ մեծ անկումներ էին գրանցվել, օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում։
Իսկ այժմ, երբ Ռուսաստանն արդեն ամբողջ թափով սկսել է պատժամիջոցներ կիրառել, ավելի քան պարզ է դառնում, թե ընթացիկ և առաջիկա եռամսյակներում ինչպիսի ապոկալիպտիկ պատկեր է սպասվում տնտեսության մեջ»:
--
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանի՝ Ազգային ժողովի ամբիոնից ունեցած առաջին ելույթը շարունակում է մնալ հանրային և լրատվական քննարկումների կենտրոնում։ Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, վերջին օրերին ստեղծված իրավիճակը բավական ծանր է անդրադարձել հենց պատգամավորի վրա։
Թերթի թղթակիցը ԱԺ-ում վերջին օրերին նկատել է, որ Արաքսյա Վարդանյանը բավական հուզված վիճակում է։ Արդեն շուրջ երկու օր է՝ պատգամավորը հաճախ արտասվում է ԱԺ միջանցքում և ակնհայտորեն ծանր է տանում սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում իր հասցեին հնչող քննադատությունը»։
--
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ խորհրդարանում լրագրողները նկատել-զգացել են, որ ՔՊ-ական պատգամավոր, փարաքարցի Լյուդվիգ Գյուլնազարյանը ոգելից խմիչքի ազդեցության տակ է գտնվում, այնպես, որ նույնիսկ հեռվից զգացվել է «բույրը»։ Ժամանակին ընդդիմադիր Փաշինյանը հաճախ էր բարձրաձայնում ՀՀԿ-ական օդիոզ դեմքերի խորհրդարանական գինարբուքների մասին:
Այս մի գործոնով էլ իր թիմակիցներն արդեն չեն զիջում նախկին քեֆչիներին, որոշ այլ նախասիրությունների հարցում նրանցից մի բան էլ առաջ են անցնում։ Գլուլնազարյանը, ի դեպ, միակը չէ իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում»։
--
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում, թերթի տեղեկություններով, շարունակում են ուշադիր հետեւել այլ երկրներում անօդաչու տեխնոլոգիաների զարգացմանը։ Չնայած արդեն համագործակցում են անօդաչու թռչող սարքերի հայրենական արտադրողների հետ, որոշել են ավելի զանգվածային մատակարարումներ ապահովել ՀՀ զինված ուժերի համար։ ՊՆ փորձագետների կարծիքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է հարվածային դրոնների (մինչեւ 500 կմ հեռահարությամբ) քանակը մեծացնել։
Այս կապակցությամբ ՊՆ-ում իրականացվել է միջին հեռահարության ԱԹՍ-ների առավել հեռանկարային արտասահմանյան նմուշների համեմատական վերլուծություն՝ գնումների հարմար տարբերակները գտնելու համար։ Դիտարկվել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իրանում, Ուկրաինայում, Իսրայելում, Հնդկաստանում, Չինաստանում եւ Ռուսաստանում արտադրվող անօդաչուները։ Ռազմական փորձագետներն առավել հարմար տարբերակ են համարել հնդկական Divyastra MK-1-ը։ Այն ռեկորդային ցածր արժեք ունի, արհեստական բանականության օգտագործման հնարավորություն եւ զանգվածային խմբերի կազմում կիրառում»։
--
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնախոստովանական ցուցմունք է տվել։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ցուցմունք տալուց հետո Աբրահամյանը նաև 26 միլիոն դրամ է վերականգնել՝ որպես վարույթով պատճառված վնասի մաս։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, հաշվի առնելով այս հանգամանքները, Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է բացակայելու արգելքը»։ ։
-