Ադրբեջանցի պաշտոնյայի արածն անընդունելի է։ Այս մասին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունների մասին։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը ուղիղ հարց հնչեցրեց, թե ըստ վարչապետ՝ Գանձասարը հայկակա՞ն է, թե ոչ։
«Մատենադարանի տնօրենն արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը։ Ես անիմաստ եմ համարում այդ թեմայով խոսակցությունը, բայց նաև անիմաստ եմ համարում նպատակադրումը, եթե մենք մեր առաջ պետք է խնդիր դնենք, որ դա պետք է ապացուցենք Ադրբեջանին։ Դա անիմաստ և անիրագործելի խնդիր է։ Դա մեզ համար որևէ բան չի փոխել և չի փոխելու։ Մենք պետք է հարցերը հստակ տարանջատենք»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, հաստատված խաղաղությունը արժեք է թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար, պետք է խնամքով վերաբերվել դրան․ «Այն, ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է ու անհասկանալի։ Մյուս կողմից պետք է արձանագրեմ, որ պետք է խնամք տանենք խաղաղության նկատմամբ»,- նշեց նա։