ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ:
«Մատենադարանում» հյուրը ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը, ինչպես նաև հին ձեռագրերի պահպանման, մշակման և թանգարանային ցուցադրության նպատակով կրկնօրինակների պատրաստման ավանդույթներին: Ընդգծվել է հայկական և համաշխարհային մշակութային ժառանգության, այդ թվում՝ հին ձեռագրերի պահպանման հարցում Հայաստանի կողմից ցուցաբերվող օրինակելի և միջազգայնորեն ճանաչված ներդրումը:
Հաջորդիվ «Մատենադարանում» ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը զրույց է ունեցել Մագդալենա Գրոնոյի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները, անդրադարձ է կատարվել վերջին շրջանում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում կատարված գործողություններին և դրանց արդյունավետությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման համատեքստում:
Հիշեցնենք, որ Գրոնոն այն պատվիրակության կազմում էր, որն այցելել էր Գանձասար։ Այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայկական մշակութային ժառանգությունը ներկայացրել էր որպես աղվանական, Գանձասարի Մատենադարանում ցույց էր տվել գրքերի դատարակ էջեր, ինչին ներկա պաշտոնյաները արձագանքել էին ծիծաղով: