Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և իշխանությունների հարաբերություններում վերջին տարիներին ուշագրավ փոփոխություն է տեղի ունեցել։ Երբեմնի կոշտ ընդդիմադիրը, որը 44-օրյա պատերազմից հետո քննադատում էր Նիկոլ Փաշինյանին և պահանջում նրա հրաժարականը, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ դաշինքով մասնակցելու է հոկտեմբերի 25-ին կայանալիք Գորիսի ավագանու ընտրություններին։
Առուշանյանն ինքը հայտարարել է, որ ՔՊ-ի հետ ունեն կառուցողական հարաբերություններ, իսկ վերջին տարիները, իր գնահատմամբ, ցույց են տվել, որ համատեղ աշխատանքը ստացվում է՝ հօգուտ ժողովրդի։
Այս քաղաքական վերադասավորումների ֆոնին
Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս են գնահատում Առուշ Առուշանյանի և Նիկոլ Փաշինյանի համագործակցությունը, ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել նրանց հարաբերություններում, և արդյո՞ք նախկինում իշխանությանը կոշտ քննադատող քաղաքական գործչի՝ ՔՊ-ի հետ դաշինքով հանդես գալը քաղաքական դիրքորոշման փոփոխություն կարելի է համարել։
Քաղաքացիներից մեկը նշեց, որ համագործակցության մեջ որևէ խնդիր չի տեսնում։
«Ես նոր լսեցի, ինչքան հասկացա՝ համերաշխության կոչ էր այդ բոլորը, ու իրենք համերաշխության ձևով պիտի իրար հետ լեզու գտնեն։ Թող գտնեն, ես դեմ չեմ»,– ասաց նա։
Մեկ այլ քաղաքացի նշեց, որ Առուշանյանին անձամբ չի ճանաչում, սակայն, իր կարծիքով, կողմերը պարզապես ընդհանուր լեզու են գտել։
«Առաջ ընդդիմադիր էր, չէ՞, ոնց որ թե։ Ընդունենք, որ գործող իշխանության հետ լեզու են գտել, հաշտվել են իրենց անհաշտ հարցերի շուրջ։ Թե ինչ հարցերի շուրջ՝ չեմ կարող ասել, դա իմ իրավասություններից էլ, ինֆորմացիայից էլ դուրս է»,– նշեց քաղաքացին։
Մեկ այլ քաղաքացի համագործակցությունը պայմանավորեց քաղաքական և ֆինանսական շահերով։
«Դե, տեսան, որ Նիկոլը պիտի ղեկավարի, անցան իր կողմը, էլի։ Պարզ չի՞։ Փողին մնաց, ընկել են Նիկոլի հետևից, սաղին փող է բաժանում, որ իր մեջքը պինդ լինի։ Ես այդ կարծիքին եմ, որ մեր ժողովուրդը ընկել է փողի հետևից, ամեն ինչը կորցրել է՝ մարդկություն, կրթություն, դաստիարակություն, ամոթ։ Ոչ մի բան չի մնացել, մենակ փողն է հիմա իշխում մարդկանց գաղափարների վրա»,– ասաց նա։
Մեկ այլ քաղաքացի, անդրադառնալով Առուշանյանի դիրքորոշմանը, ընդգծեց, որ նախկին ընդդիմադիր լինելը չի նշանակում պետության դեմ լինել։
«Առուշ Առուշանյանը մեր գորիսեցի, հայրենասեր տղա է։ Իրենք պետական մարդիկ են։ Ընդդիմադիրն էլ պետք է պետականամետ լինի։ Ճիշտը դա է՝ քո պետությանը պետք է պաշտպանես»,– նշեց նա։
Քաղաքացին նաև ասաց, որ քաղաքական գործիչներին գնահատում է ոչ թե նրանց կուսակցական պատկանելությամբ, այլ կատարած աշխատանքով։
«Վաղը կարող է Փաշինյանը չլինի, Ալեն Սիմոնյանը չլինի։ Ամեն մեկը պետականամետ մարդ պետք է լինի։ Ես ընդունում եմ նրանց, ովքեր իրենց երկրի համար, իրենց քաղաքի համար մեծ գործեր են անում։ Իրենց պետք է գլխների վրա պահեն»,– ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: