21 երկրում, այդ թվում՝ ՀՀ-ում, յուրաքանչյուր 5 երեխայից 1-ը համացանցի միջոցով սեռական շահագործման և բռնության է ենթարկվել․ սա ՅՈւՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի տվյալն է։ Ըստ զեկույցի՝ այս սպառնալիքի տարածման հիմնական ուղիները՝ 60%-ը, խոշոր մեդիա հարթակներն են՝ հիմնականում Facebook-ը, WhatsApp-ը և Meta Holding-ի Instagram-ը, ինչպես նաև Snapchat-ը, TikTok-ը և YouTube-ը։
Հարցվածների 41%-ը նախընտրել է ոչ մեկին չպատմել իրենց փորձի մասին, մինչդեռ մյուսները հիմնականում դիմել են ընկերներին, քույրերին և եղբայրներին կամ մայրերին։ Հարցումն իրականացվել է պարբերաբար ինտերնետ օգտագործող 12-17 տարեկան մոտ 21 հազար դեռահասի շրջանում, 21 երկրում՝ այդ թվում և՝ Հայաստանում։
Սեռական բռնություն՝ հինգից մեկ երեխայի նկատմամբ․ սարսափելի է։ Առցանց տիրույթում դրա իրականացման համար կիրառվում է միջազգային Grooming տերմինը, որի հայերեն բացատրությունը «սեռական շահագործման նպատակով երեխայի մոտ վստահության ձևավորումն» է։ Այն ունի իր հիմնական ընթացքը՝ շփում, վստահության ձևավորում, սահմանների աստիճանական խախտում, զրույցի մեջ սեռական թեմայի ներմուծում, երեխայի ներգրավում, գաղտնիության պարտադրում՝ ինչ-որ կերպ վախեցնելով կամ խոստումներով, ձեռք բերված նյութի՝ լուսանկարների, տեսանյութերի, նամակների հրապարակման սպառնալիքով շանտաժ, և դրա միջոցով երեխայի նկատմամբ վերահսկողության հաստատում ու արատավոր շրջապտույտի մեջ պահելու ձգտում։ Եվ հարկ է ընդգծել, որ խոսքը «մանկական պոռնոգրաֆիայի» մասին չէ, այլ երևույթի, որ կարող ենք բնութագրել՝ որպես երեխայի նկատմամբ կատարված բռնության/շահագործման փաստի վիզուալ արձանագրում և շահարկում։
Խնդրի մասին Oragir.news-ի հարցերին է պատասխանել մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը․ նրա խոսքով՝ առաջինն, ինչի մասին պետք է մտահոգվել, այն մթնոլորտն է, որ ստիպում է բռնության ենթարկված երեխային խնդրի մասին մեծահասակների հետ չխոսել, և սա առհասարակ մնում է քողարկված թեմա։ Մինչդեռ եթե լիներ վստահության մթնոլորտ, և երեխան մեծերին դիմեր ավելի շուտ, ապա թերևս հնարավոր կլիներ կանխարգելիչ միջոցներ ձեռք առնել, և թույլ չտալ, որ խնդիրն այլ աստիճանի հասնի։
«Ինչպե՞ս է հանցագործ անծանոթը կարողանում հասնել երեխային»,- հարցին ի պատասխան՝ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ դեպքերի կեսից ավելին երեխային ծանոթ մարդիկ են լինում այս պայմանական անծանոթները․ «Անպայման չի, որ նա լինի մութ անկյունից մի դուրսպրծուկ․ նա մարդ է, ով ունի երեխայի նախնական վստահությունը, կարող է լինել համադասարանցի, շրջապատից մեկը, դա պետք է հաշվի առնել»։
Մասնագետի խոսքով՝ հիմնական հարցն է գրագիտության պակասը․ «Ոչ բոլոր երեխաներն են ծանոթ, թե ինչպես պիտի դնեն կարգավորումներն իրենց սոցցանցերում, որ հնարավորինս խուսափեն այդ խնդիրներից, ոչ էլ ծնողներն ունեն այդ գիտելիքը, որ օգնեն իրենց երեխաներին»։
Հաջորդ մեծ խնդիրը, ըստ Մարտիրոսյանի, հասարակության մոտեցումն է, որ հակված է մեղադրել զոհին․ «Երեխան վախենում է դիմել, քանի որ գիտի, և շատ դեպքերում դա էդպես էլ կա, որ մեծահասակներն իրեն են մեղադրելու»։
Ի՞նչ անել երեխաներին պաշտպանելու համար․ մասնագետի խորհուրդը հստակ է՝ անել ամեն ինչ կանխարգելելու համար։
«Ձեր հոդվածներից մեկում նշել եք, որ եթե մեծահասակը հասել է այն կետին, որ իր սեփական, իր ուղարկած լուսանկարներով իրեն շանտաժ են անում, ապա ավելի լավ է, որ ոչ թե շարունակաբար վճարի խարդախին կամ շարունակի խճճվել խարդախության ցանցում, այլ՝ հրաժարվի համագործակցությունից ու համակերպվի մտերիմների շրջանակում այդ չափով խայտառակվելու հետ։ Բայց երեխաների պարագայում այդ խորհուրդը, թերևս, գործուն չէ, հետևաբար այս կետում ի՞նչ կարելի է անել»․ այս հարցին ի պատասխան Սամվել Մարտիրոսյանը կարևորեց մեծահասակների կողմից վստահության ու մտերմիկ հարաբերությունների հաստատումն ու տեխնիկապես խնդրի կանխարգելումը։ «Երեխան շատ ավելի խոցելի է, և այստեղ պիտի աշխատեն նախ կանխարգելիչ գործոնները․ օրինակ, հենց դպրոցներում ծնողների հետ պիտի աշխատեն, երեխաները պիտի հասկանան, թե ինչ խնդիրներ կարող են ունենալ, պիտի իմանան՝ ինչպես պաշտպանեն իրենց անձնական տվյալները, հաղորդագրությունները։ Ամեն դեպքում, կանխարգելիչն ամենակարևորն է։ Երկրորդը՝ պիտի այնպիսի վստահության մթնոլորտ ձևավորվի դպրոցում ուսուցչի հետ, որ երեխան առաջին փուլերում, երբ դեռ հնարավոր է կանգնեցնել պրոցեսը, չվախենա ասել մեծահասակներին»։
Մեդիափորձագետը խորհուրդ է տալիս սարքերի մեջ միացնել ծնողական վերահսկողության ծրագրեր․ «Դա տեխնիկապես հեշտ լուծվող է, եթե ծնողը պատրաստակամ է․ այսօր բոլոր սարքերում՝ և համակարգիչներում, և հեռախոսներում կա անվճար ներդրված ծնողական վերահսկողության ծրագիր։ Ծնողին մնում է ուղղակի ուսումնասիրել դա ու միացնել»։ Ուսումնասիրել ու միացնել կարելի է, օրինակ, արհեստական բանականության օգնությամբ՝ քայլ առ քայլ հետևելով ցուցումներին։
ՅՈւՆԻՍԵՖ-ի զեկույցում նշված էր նաև, որ «հարցվածների 14%-ը որպես բռնության ակտերի վայր նշել է նաև առցանց խաղերը»։ Oragir.news-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Կիբեռոստիկանությունից, քանի որ օրեր առաջ Տելեգրամ հարթակում Կիբեռոստիկանությունը հրապարակել էր զգուշացում ծնողներին։ «Անմեղ թվացող խաղերում թաքնված են բազմաթիվ ռիսկեր, օրինակ`
անձնական տվյալների արտահոսք՝ երեխաները հավատում են առցանց «ընկերներին» և փոխանցում լուսանկարներ, հեռախոսահամարներ կամ այլ զգայուն տեղեկություններ,
ծաղր և բուլինգ՝ լուսանկարներն ու տվյալները հաճախ տարածվում են այլ սոցիալական ցանցերում (օրինակ՝ Telegram-ի փակ կամ բաց խմբերում)՝ երեխային ծաղրի ենթարկելու նպատակով։
հոգեբանական ծանր հետևանքներ՝ երկարատև ճնշումը կարող է հասցնել երեխային ուժեղ սթրեսի, ագրեսիայի կամ ինքնավնասման մտքերի»։
Կիբեռոստիկանությունից մեզ խնդրեցին հարցերը գրավոր փոխանցել։ Սիրելի ընթերցողներ, պաշտոնական պատասխանը երբ ստանանք, մենք այն ևս կհրապարակենք։ Առայժմ հաշվի առնենք, որ խելացի տեխնիկական միջոցները՝ մեր ձեռքում ու գրասեղաններին, պահանջում են խելացի մոտեցում։
Կարմեն Մարտիրոսյան