Լիբանանի հարավում գտնվող Նաբատիե շրջանի Քֆար Ռումման գյուղաքաղաքում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 11-ի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Ըստ տեղեկությունների՝ սեպտեմբերի 7-ի գիշերն իսրայելական ռազմական ինքնաթռիները ռմբակոծել ու ոչնչացրել են եռահարկ բնակելի շենք, որի հետևանքով զոհվել է ինը մարդ, այդ թվում՝ երկու նորածին, վիրավորվել է ևս հինգ մարդ։
Բացի այդ, գործակալության փոխանցմամբ՝ Քֆար Ռումմանում իսրայելական անօդաչու թռչող սարքը թիրախավորել է մեքենա, որի հետևանքով զոհվել են Իսլամական «Ռիսալա» սկաուտական ասոցիացիայի շտապօգնության երկու աշխատակից։
Իսրայելական ինքնաթիռները նաև մի շարք ռմբակոծություններ են իրականացրել Նաբատիեի շրջանի Նաբատիե ալ-Ֆաուկա և Արաբ Սալիմ գյուղերի ուղղությամբ։