Խաղաղ պայմաններում բանակում գրանցված մահվան դեպքերը շարունակում են մտահոգել քաղաքացիներին։ Վերջին 10 օրում երեք զինծառայողի զոհվելուց հետո
Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ արդյոք պաշտպանության նախարարը պե՞տք է հրաժարական տա:
Հարցման մասնակիցներից մի քանիսը կարծում են, որ նման դեպքերից հետո պատասխանատվությունը պետք է լինի նաև բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով։
«Իհարկե պետք է։ Գլխավոր շտաբի պետն էլ պետք է։ Իրենք առաջնահերթ պետք է հրաժարական տան։ Եթե չեն կարողանում այսքան տարի այդ հարցը լուծել, այդքան զոհեր ենք տալիս, մնում են՝ ի՞նչ անեն։ Անիմաստ է։ Մեր այդ ջահել երեխեքին ուղարկում ենք բանակ… Ես չեմ պատկերացնում՝ այս խաղաղ պայմաններում երեխեք են այդքան զոհվում։ Ցավում եմ, շատ եմ ցավում»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի ընդգծեց, որ պաշտոնների նշանակման հարցում պետք է առաջնորդվել ոչ թե անձնական կապերով, այլ մասնագիտական կարողություններով։
«Ես համարյա 80 տարեկան եմ, ծառայել եմ սովետի ժամանակ, կարգ ու կանոն կար։ Ամեն պատահական մարդու չէին նշանակում պաշտոնի՝ ուղղակի ծանոթ, բարեկամ, խնամի կամ եսիմ ինչ»,- ասաց նա։
Քաղաքացիներից մեկը, սակայն, նշեց, որ պաշտպանության նախարարի հրաժարականի հարցը պետք է գնահատել՝ հաշվի առնելով կոնկրետ դեպքերի հանգամանքները։
«Դժվար հարց է։ Իհարկե, ինձ թվում է՝ հրամանատարները պիտի հրաժարական տան։ Պարտադիր, պարտադիր։ Որովհետև տեղեկություն չունի և դրա հետ մեկտեղ ասում են՝ ոչ մի բան չկա։ Պետք է հասկանալ՝ պատճառը որն է»,- ասաց նա։
Մեկ այլ հարցման մասնակից նշեց, որ միայն հրաժարականը բավարար չէ․ անհրաժեշտ է նաև պարզել տեղի ունեցածի պատճառները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
Քաղաքացիներից մեկն էլ հրաժարականի հարցին պատասխանելիս՝ շեշտը դրեց ոչ թե պաշտպանության նախարարի, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վրա։
«Պաշտպանության նախարարին չգիտենք, բայց Նիկոլին ուզում ենք հրաժարական տա, որ այս օրին գցեց ժողովրդին։ Պատերազմ՝ իրար հետևից, հողերը տալով՝ իրար հետևից։ Այս ի՞նչ է կատարվում։ Այդքան բան։ Մենակ ինքը հրաժարական տա, ուրիշ ոչ մի բան չենք ուզում, որ երկիրը չքանդվի, թե չէ՝ կործանման է գնում»,- ասաց նա։
Պատերազմի մասնակից քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ խաղաղ պայմաններում զինծառայողների զոհվելու դեպքերը հատկապես ծանր է տանում։
«Ես երեք պատերազմի մասնակից եմ։ Այս զոհերի մասին շատ ծանր եմ տանում։ Իսկ մնացած հարցերում՝ նախարարը, վարչապետը, իրենք պիտի այդ հարցերը լուծեն։ Ինձանից կախված բան չկա։ Ես քաղաքացի եմ, և ինչ պատասխանեմ՝ ինձանից ոչ մի բան չի փոխվելու։ Իրենց խնդիրն է»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։