Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 16:31 23-08-2026

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Ամբեր Կապիտալի կողմից կառավարվող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամ»-ին պատկանող «Սոլիս» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX):

«Սոլիս»-ի մուտքը կապիտալի շուկա պաշտոնապես ազդարարվել է Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի ունեցած ավանդական զանգի հնչեցման արարողությամբ՝ նշանավորելով ընկերության համար զարգացման նոր փուլի մեկնարկը։

«Սոլիս» ՓԲԸ-ի` 2,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական ծավալով պարտատոմսերը ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական՝ Abond ցուցակում։ Ցուցակվել է 20,000 հատ պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 8% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 48 ամիս շրջանառության ժամկետով։ Այս պարտատոմսերով հնարավոր է նաև իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։


«Սոլիս ընկերության մուտքը կապիտալի շուկա նշանակալի քայլ է ոչ միայն ընկերության հետագա զարգացման, այլև կապիտալի շուկայում ոլորտային դիվերսիֆիկացման տեսանկյունից։ Այս ցուցակմամբ ներդրողների համար հասանելի է դառնում նոր ոլորտ և ներդրումային նոր հնարավորություն, իսկ բորսան, իր հերթին, ընդլայնում է ցուցակված ընկերությունների ոլորտային բազմազանությունը։

Վստահ ենք, որ «Սոլիս»-ի ցուցակումը ոչ միայն կնպաստի ընկերության հետագա աճին, այլև օրինակ կծառայի այլ բիզնեսների համար՝ խթանելով նրանց հետաքրքրությունը կապիտալի շուկայի նկատմամբ և նպաստելով ներդրումային միջավայրի ակտիվացմանը», - նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:

«Սոլիսի համար կապիտալի շուկա մուտք գործելը կարևոր քայլ է ընկերության զարգացման ճանապարհին։ Այսօր վերականգնվող էներգետիկայի ոլորտը կարող է ոչ միայն նպաստել Հայաստանի էներգետիկ անկախությանն ու կայուն զարգացմանը, այլև դառնալ կապիտալի շուկայի համար երկարաժամկետ և ինստիտուցիոնալ ներդրումային ուղղություն։

Մեր պարտատոմսերի նկատմամբ ներդրողների բարձր հետաքրքրությունը և թողարկման նախատեսված ժամկետից շուտ ամբողջական տեղաբաշխումը վստահության կարևոր ազդակ է մեզ համար։ Վստահ ենք, որ Հայաստանի կապիտալի շուկայի հետագա զարգացումը կարող է նոր ֆինանսավորման հնարավորություններ ստեղծել իրական տնտեսության, այդ թվում՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտի համար և աջակցել նոր ներդրումային ծրագրերի իրականացմանը», - նշել է «Սոլիս» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Արաբյանը:



Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացրել է Ամերիաբանկը 2026 թվականի հունիսի 4-ից 29-ն ընկած ժամանակահատվածում։ Ներդրողներն օգոստոսի 18-ից արդեն հնարավորություն ունեն «Սոլիս» ՓԲԸ-ի պարտատոմսերը գնել կամ վաճառել բորսայի անդամ բանկերի կամ ներդրումային ընկերությունների միջոցով, ինչպես նաև առցանց` Ամերիաբանկի MyInvest ներդրումային հարթակի միջոցով:

Նշենք, որ երկրորդային շուկայում Ամերիաբանկը լինելու է այս պարտատոմսերի շուկա ստեղծողը:

«Սոլիսի պարտատոմսերի թողարկումը կարևոր իրադարձություն է Հայաստանի կապիտալի շուկայում դիվերսիֆիկացիայի և նոր ներդրումային հնարավորությունների ձևավորման տեսանկյունից, քանի որ արևային էներգիայի արտադրության ոլորտը դեռևս բավարար չափով ներկայացված չէ կապիտալի շուկայում։ Ոլորտն առանձնանում է ֆինանսական հոսքերի կայունությամբ և կանխատեսելիությամբ և շատ գրավիչ է հատկապես ֆիքսված եկամուտով գործիքների շուկայի համար: Կարծում ենք՝ երկրորդային շուկայում ևս Սոլիսի պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը բարձր կլինի, հատկապես ցածր ռիսկայնությամբ ներդրումային հնարավորություններ փնտրող ներդրողների շրջանում»,- նշել է Ամերիաբանկի Կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանը:

Սոլիսը վերականգնվող էներգետիկայի ոլորտում գործող ընկերություն է, որի հիմնական գործունեությունը ֆոտովոլտային արևային էլեկտրակայաններում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքն է։ «Սոլիս» ընկերության արևային էլեկտրակայանները տեղակայված են Հայաստանի տարբեր մարզերում՝ ձևավորելով աշխարհագրորեն հավասարակշռված պորտֆել և նպաստելով երկրի տարբեր հատվածներում կայուն ու մաքուր էներգիայի արտադրությանը։

Ընկերության գործունեությունն ուղղված է Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը՝ ինստիտուցիոնալ վերահսկողության, մասնագիտական կառավարման և երկարաժամկետ ներդրումային մոտեցման միջոցով։ Ժամանակակից տեխնոլոգիաների և առաջադեմ սարքավորումների կիրառմամբ ընկերությունը կառուցում, տնօրինում և երկարաժամկետ շահագործում է արևային էլեկտրակայաններ, որոնք ապահովում են արդյունավետ, հուսալի և էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիայի արտադրություն

Պարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավված միջոցների շուրջ 75%-ը ընկերությունը նախատեսում է ուղղել գործող վարկերի վերաֆինանսավորմանը, իսկ 25%-ը՝ կապիտալ ծախսերին և գործունեության ընդլայնմանը։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
12:01 Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան
22:06 Ո՞վ է ստիպել. գործարարը հրաժարվել է ՔՊ պատգամավորի դեմ հայցից, որով գումար էր պահանջում