«Այո, այդպիսի հանդիպում եղել է, բայց կոնկրետ այդ հանդիպումն այդ թղթերի մասին չի եղել, այլ՝ ուրիշ թեմաներով»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի այն ժամանակվա խորհրդական Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Վերջինս ճեպազրույցի ժամանակ պնդել էր, թե Պողոսյանի հետ միասին է տեսել Սարգսյանի՝ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու փաստաթղթերը։
«Եթե ձեզ հետաքրքրում է՝ Արմեն Սարգսյանը նամակ գրե՞լ է, որ հրաժարվում է, այո, տեսել եմ այդպիսի նամակ։ Այդ ժամանակ սենյակում ես ու Արմեն Սարգսյանն ենք եղել, նախագահականում է եղել, ոչ թե «Մարիոթ»-ում։ Ուզե՞լ է Արմեն Սարգսյանն իրեն ցույց տա, այո՝ ուզել է։ Դրանից հետո ես մեկնել եմ Արցախ։ 2018 թվականի ապրիլի 24-25-ին Արցախում էի, դա իմ պապիկիս մահանալու օրն է։ 2002 թվականից ի վեր ես միշտ Արցախ էի մեկնում․․․մտեք «Ֆեյսբուք» նկարները տեսեք»,- վրդովված ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ եթե ինքն Արցախում է եղել, ինչպե՞ս կարող էր այդ հանդիպմանը լինել։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 20-ի ճեպազրույցում հայտարարել էր, որ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ փաստաթղթերը տեսել է «Մարիոթ» հյուրանոցում՝ Թևան Պողոսյանի ներկայությամբ։
«Ես այդ թուղթը չեմ վերցրել, սակայն տեսել եմ վկայի ներկայությամբ։ Դա տեղի է ունեցել «Մարիոթ» հյուրանոցում, Թևան Պողոսյանի հետ ենք եղել։ Նա այն ժամանակ Արմեն Սարգսյանի կամ խորհրդականն էր, կամ օգնականը»,- ասել էր Փաշինյանը։