Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ արդյոք համաձա՞յն են վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդման հետ, որ Հայաստանի տարածքում կան անկլավներ, որոնք պետք է վերադարձվեն Ադրբեջանին։
Հարցման մասնակիցների մեծ մասը բացասական պատասխան է տվել։ Քաղաքացիները նշել են, որ համաձայն չեն այդ մոտեցման հետ և չեն կարծում, որ նման տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին։
«Միանշանակ՝ ոչ։ Համաձայն չեմ»,– ասել է քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի նշել է․ «Իհարկե՝ ոչ»։
«Լավ կլինի, որ չվերադարձնենք»,– պատասխանել է հարցման մասնակիցներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի էլ ընդգծել է․ «Ոչ, իհարկե՝ ոչ։ Ա՛յ մարդ, մեր տուժվածներս եք»։
Հարցման ընթացքում քաղաքացիներից ոմանք նշել են, որ սահմանային և տարածքային հարցերին մանրամասն չեն տիրապետում և չեն ցանկանում գնահատականներ հնչեցնել։
«Ընդհանրապես ես նման բաներով չեմ զբաղվում, հարցերի մեջ չկամ»,– ասել է քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, նշել է, որ համաձայն չէ նրա դիրքորոշմանը և պնդել, որ հասարակության մի հատվածը նույնպես չի ընդունում այդ մոտեցումը։
«Չէ, ջանիկս, բոլորը 100 տոկոսով համոզված են, որ Փաշինյանը իրենից ինչեր է հնարում»,– ասել է նա։
Քաղաքացին քննադատել է նաև վարչապետի՝ սահմանային և տարածքային հարցերի վերաբերյալ հայտարարությունները՝ նշելով, որ իր համար դրանք անհասկանալի են։
«Ես չգիտեմ, այդպիսի բառեր չեմ գտնում՝ ասեմ։ Չեմ ուզում ոչ եթերային բաներ հնչեն, բայց դե նա շատ սխալ է, շատ, չափից ավելի»,– ասել է հարցման մասնակիցը։
Նրա խոսքով՝ հատկապես պատերազմից հետո իշխանության վարած քաղաքականությունն իրեն զարմացնում է։
«Ես ապշած ու զարմացած եմ, որ պատերազմից հետո նա նորից շարունակեց մեր ժողովրդի հետ… Ես չգիտեմ՝ ինչ է կատարվում։ Ես արդեն 80 տարեկան եմ, նման բան չեմ տեսել։ Հազար ու մի բանի միջով անցել ենք, բայց այսպիսի բան՝ որ ժողովուրդը տոն չտա, ռեակցիա չտա, որ Փաշինյանն էլ հասկանա, որ ինքը շատ սխալ է, նման բան չեմ տեսել»,– նշել է քաղաքացին։
Մանրամասները` տեսանյութում: