copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 21:47 06-08-2026

Քաղաքական հակասությունների պատճառով Արդենիսում 20 ընտանիք ճանապարհային խնդրի առաջ է կանգնել

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Oragir.News-ը հաճախ է անդրադառնում Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերի իրավիճակին՝ բարձրաձայնելով այդ գյուղերում ապրող մարդկանց խնդիրները։ Օրերս անդրադարձել էինք սահմանամերձ Արդենիս գյուղի ենթակառուցվածքների և կենսական նշանակության այլ հարցերի, որոնց չլուծման դեպքում գյուղը կարող է դատարկվել։

Սահմանամերձ Արդենիս գյուղը Ամասիայից 17 կմ, իսկ Գյումրիից՝ 46 կմ հեռավորության վրա է։ Այս հեռավոր գյուղում խնդիրներն այնքան շատ են, որ գյուղացիները խոսում են միայն ամենակարևորի՝ ճանապարհների մասին, ապա սրտնեղում, որ ամեն ինչ ապարդյուն է, քանի որ ղեկավարությունը մոռացել է իրենց գյուղի տեղը։



Արդենիսցիները դարձյալ ահազանգում են, որ Ամասիա համայնքի մյուս բնակավայրերում ճանապարհները հարթեցվել և կարգի են բերվել, մինչդեռ իրենց գյուղը, ինչպես միշտ, ուշադրությունից դուրս է մնացել։ Գյուղացիները պնդում են, որ այս վերաբերմունքը քաղաքական խորը արմատներ ունի։ Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը իշխանական չէ։

Ըստ գյուղացիների՝ նա տարբերակված վերաբերմունք ունի այն բնակավայրերի նկատմամբ, որոնց վարչական ղեկավարները ՔՊ-ական են։ Այսինքն՝ այդ համայնքները կարող են բառի բուն իմաստով ուշադրությունից դուրս մնալ։



Նշենք, որ ձմռան ամիսներին ևս Oragir.News-ը ստացել էր ահազանգեր այն մասին, որ Արդենիսում ձնամաքրման աշխատանքներ չեն կատարվում, և ճանապարհը օրերով փակ է մնում։

Այսպիսով, ըստ գյուղացիների, ստացվում է, որ քաղաքական հակասությունների պատճառով Արդենիսում 20 ընտանիք ճանապարհային խնդրի առաջ է կանգնել։