copy image url
Ներքին Արտաքին 1 ժամ առաջ - 19:12 06-08-2026

Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ հակամարտության սրման ֆոնին. Reuters

Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, ինչպես նաև ևս յոթ բարձրաստիճան հոգևորականների, ուրբաթ կներկայացնեն դատարան՝ քաղաքացիական դատարանի որոշումը չկատարելու մեղադրանքով, ըst News.am-ի՝ գրում է Reuters-ը։

Գործը դարձավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության և երկրի ամենաազդեցիկ կրոնական կառույցներից մեկի միջև հակամարտության սրման հերթական փուլը։ Գարեգին Երկրորդը, որը եկեղեցին գլխավորում է 1999 թվականից, մյուս ամբաստանյալների հետ միասին մեղադրվում է նախկինում կարգալույծ արված եպիսկոպոսին պաշտոնում ժամանակավորապես վերականգնելու վերաբերյալ դատարանի որոշումը խախտելու մեջ։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց կարող է սպառնալ մինչև երկու տարվա ազատազրկում։

Ինչպես ընդգծում է գործակալությունը, դատավարությունը տեղի է ունենում եկեղեցու և իշխանությունների միջև հարաբերությունների սրման ֆոնին՝ Փաշինյանի քաղաքականության, դրանց թվում՝ բազմամյա հակամարտությունից հետո Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունների նկատմամբ կաթողիկոսի մոտեցման պատճառով։

Հունիսին կրկին վարչապետ ընտրված Փաշինյանը Եվրամիության աջակցությունն է ստացել Արևմուտքի հետ մերձեցման և Ռուսաստանից կախվածության նվազեցման իր քաղաքականության շրջանակում։ Սակայն ընդդիմադիր քաղաքական գործիչները, եկեղեցու ներկայացուցիչները և մի շարք հասարակական կազմակերպություններ Գարեգին Բ-ի հետապնդումը համարում են քաղաքականապես մոտիվացված և կառավարության քննադատների վրա ճնշման մի մաս։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Աննա Մելիքյանը հայտարարել է, որ գործը խախտում է եկեղեցու անկախության սկզբունքը։

«Սա գործադիր իշխանության ակնհայտ միջամտություն է եկեղեցու գործերին»,- ասել է նա։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանում պահպանվում են մտահոգությունները դատական համակարգի անկախության վերաբերյալ, հատկապես քաղաքականապես զգայուն գործերում, որոնք առնչվում են եկեղեցուն և հոգևորականությանը։

Փաշինյանի աշխատակազմում և դատախազությունում չեն պատասխանել Reuters-ի մեկնաբանության հարցումներին։ Ինքը՝ վարչապետը, նախկինում Գարեգին Բ-ին բազմիցս կոչ էր արել հրաժարական տալ և, առանց ապացույցներ ներկայացնելու, մեղադրել էր Հայ Առաքելական եկեղեցուն օտար ուժերի, մասնավորապես Ռուսաստանի շահերից գործելու մեջ։ Եկեղեցին հերքում է այդ մեղադրանքները։

Գործի առիթը եղավ եպիսկոպոս Գևորգ Սարոյանի շուրջ դատական վեճը, որին եկեղեցին կարգալույծ էր արել՝ լիազորությունները գերազանցելու և պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեղադրանքով։ Սարոյանը նախկինում հրապարակավ պահանջել էր Գարեգին Բ-ի հրաժարականը և աջակցում էր Փաշինյանի դիրքորոշմանը։

Ավելի վաղ մեկ այլ հայտնի հոգևորական՝ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը, որն առաջնորդում էր Փաշինյանի դեմ բողոքի ցույցերը՝ Ադրբեջանի օգտին տարածքային զիջումների պատճառով, տնային կալանքի էր ենթարկվել և սպասում է դատավարությանը։ Ինքը՝ Գարեգին Բ-ը, նույնպես կոչերով էր հանդես եկել վարչապետի հրաժարականի օգտին։

Երևանի Տարածաշրջանային ժողովրդավարության և անվտանգության կենտրոնի տնօրեն Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ իշխանությունները սկսել են եկեղեցին որպես քաղաքական սպառնալիք ընկալել։

«Փաշինյանը սկսել է եկեղեցին դիտարկել որպես քաղաքական սպառնալիք, որպես մի ինստիտուտ, որը կարող է աջակցել ընդդիմությանը և օգնել տարբեր քաղաքական ուժերի գալ իշխանության»,- ասել է նա։

Գրիգորյանը կարծում է, որ հոգևորականների դեմ գործը ընտրովի արդարադատության ավելի լայն միտման մաս է, որի շրջանակում իշխանությունները հետապնդում են ընդդիմադիր գործիչներին և միջոցներ կիրառում նրանց գույքի նկատմամբ։