«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այս փուլում չի հրապարակում, թե Ազգային ժողովի որ մշտական հանձնաժողովներում է պատրաստվում աշխատել՝ դա պայմանավորելով իր ընտրած մարտավարությամբ։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Մենք արդեն որոշակի պատկերացումներ ունենք, թե որ հանձնաժողովներն ենք ընտրելու, բայց այս փուլում չենք հրապարակելու՝ հաշվի առնելով մեր մարտավարությունը»,- նշեց նա։
Աբրահամյանի խոսքով՝ որոշումը պայմանավորված է նրանով, որ հանձնաժողովների նախագահների ընտրությունը տեղի է ունենալու ԱԺ փոխնախագահների ընտրությունից հետո, և վաղաժամ հայտարարությունը կարող է ազդեցություն ունենալ գործընթացի վրա։
«Եթե հիմա հրապարակենք, ապա ընտրության պրոցեսում կարող է որոշակիորեն ազդեցություն ունենալ՝ հաշվի առնելով, որ առաջին երկու հանձնաժողովների նախագահներին ընտրում է իշխող ուժը»,- ասաց նա։
Հարցին, թե խմբակցությունը նախապատվությունը տալու է արտաքին հարաբերությունների՞, թե՞ տնտեսական հարցերի հանձնաժողովին, Աբրահամյանը հրաժարվեց պատասխանել։
«Չեմ մեկնաբանի այս փուլում, բայց ընտրելու ենք այնպիսի հանձնաժողովներ, որտեղ առավել հնարավոր և առավել արդյունավետ կլինի իրականացնել խորհրդարանական վերահսկողություն»,- ընդգծեց նա։