Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով զորամասում զինծառայողի հետ տեղի ունեցած դեպքին, հայտարարեց, որ իր առանձնազրույցը զինվորի հետ եղել է վստահության սկզբունքով, ուստի չի կարող հրապարակել նրա փոխանցած մանրամասները։
«Ինձ համար կարևոր է պահպանել այն վստահությունը, որի պայմաններում տեղի է ունեցել առանձնազրույցը։ Զինծառայողին խոստացել եմ հրապարակային չդարձնել իր ներկայացրած հանգամանքները, քանի որ դրանց մի մասը վերաբերում է անձնական և առողջական հարցերին»,- ասաց Մանասյանը։
ՄԻՊ-ի խոսքով՝ այս պահին առաջնահերթ է զինծառայողի իրավունքների լիարժեք պաշտպանությունը, ինչպես նաև նրա առողջական վիճակի մասնագիտական գնահատումը։ «Գիտեք, որ նրա հոգեկան առողջության վիճակն այժմ գտնվում է դիտարկման փուլում։ Շատ կարևոր է, որ այդ հարցով մասնագիտական և պատշաճ որոշում կայացվի։ Միաժամանակ պետք է զգույշ լինել հրապարակային հաղորդակցության մեջ, քանի որ այդ անձը հետագայում շարունակելու է իր քաղաքացիական կյանքը»,- նշեց նա։
Անդրադառնալով զինվորի նկատմամբ բռնության մասին տեղեկություններին՝ Անահիտ Մանասյանը նշեց, որ ՄԻՊ աշխատակազմը դաժան ծեծի հետքեր չի արձանագրել։ «Մեր արձանագրումների համաձայն՝ դաժան ծեծի հետքեր, որպես այդպիսին, չեն հայտնաբերվել։ Սակայն ցանկացած ներկայացված տեղեկություն մանրամասն ուսումնասիրվում է, և իրավասու մարմիններից պահանջվել են պարզաբանումներ՝ հասկանալու, թե ինչ հիմքերով են իրականացվել տվյալ գործողությունները»,- ասաց նա։
ՄԻՊ-ը հավելեց, որ զինծառայողների միջավայրում ինտեգրման, հատկապես առանձնահատուկ կարիքներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերը նույնպես գտնվում են իր ուշադրության կենտրոնում, և այդ ուղղությամբ իրականացվում են լրացուցիչ ուսումնասիրություններ։
Անդրադառնալով նաև ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի շուրջ աղմկահարույց միջադեպին և այն հարցին, թե արդյոք ուսումնասիրվում է ընտանիքի անդամների նկատմամբ ենթադրյալ հոգեբանական ճնշման դեպքը, Մանասյանը պարզաբանեց, որ ՄԻՊ լիազորությունները վերաբերում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրավունքների հնարավոր խախտումներին։
«Եթե խոսքը վերաբերում է մասնավոր անձանց միջև հարաբերություններին, դա չի մտնում Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակ։ Միևնույն ժամանակ, բռնության ցանկացած դրսևորում և այնպիսի խոսքը, որը չի պաշտպանվում խոսքի ազատության իրավունքով, պետք է բացառված լինեն»,- ասաց Անահիտ Մանասյանը։