copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 18:17 29-07-2026

Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է խոր անկում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-հունիս ամիսներին։

Այսպես.
2026թ. հունիսին նկատվել է տնտեսական ակտիվության աճի տեմպի դանդաղում՝ մայիսի 11.7%-ից հասնելով 7.7%-ի։ Հունվար-հունիս ամիսներին տնտեսական ակտիվության աճը կազմել է 7.9%, որի հիմնական աղբյուրներն են եղել ծառայությունները, արդյունաբերությունը և շինարարությունը՝ համապատասխանաբար 3.8, 3.0 և 1.7 տոկոսային կետ նպաստումներով։ Միաժամանակ, աճի կառուցվածքի վերաբերյալ մտահոգությունները շարունակում են արդիական մնալ: Մասնավորապես՝ հունիսին արդյունաբերության ամսական աճը դանդաղել է մինչև 4.0%, իսկ հունվար–մայիսի կառուցվածքային տվյալներով աճը շարունակել է կենտրոնացած մնալ հանքարդյունաբերության և մի քանի առանձին ենթաճյուղերի վրա։

Գյուղատնտեսության ոլորտում հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է 11.9% անկում՝ տնտեսական ակտիվության աճին հակազդելով շուրջ 1.1 տոկոսային կետով։ Անկման խորացման վրա կարող են ազդեցություն ունենալ նաև ՌԴ-ի կողմից կիրառվող արտահանման սահմանափակումները. պատճառահետևանքային կապը հնարավոր կլինի գնահատել մանրամասն ոլորտային և արտաքին առևտրի տվյալների հրապարակումից հետո։ Եթե այս կապը հաստատվի, և սահմանափակումները պահպանվեն, բացասական ազդեցությունը կարող է տարածվել նաև սննդի վերամշակման, տրանսպորտի, առևտրի և հարակից ծառայությունների վրա։

Արտաքին առևտրի դինամիկան հունիսին վատթարացել է և շարունակում է մնալ անկայուն։ Հունիսին արտահանումը նվազել է 20.5%-ով, և կուտակային անկումը խորացել է մինչև 6.7%, մինչդեռ ներմուծումն աճել է 8.6%-ով, իսկ կուտակային աճը հասել է 4.0%-ի։ Այս հակադիր դինամիկան մեծացնում է արտաքին առևտրային հաշվեկշռի վատթարացման ռիսկերը: ՌԴ-ի կողմից սահմանափակումների կիրառման պայմաններում առևտրի դինամիկան կարող է շարունակել վատթարանալ։

Հարկաբյուջետային հատվածում եկամուտների բարձր աճը պահպանվել է, սակայն ծախսերի կառուցվածքի և դրանց կատարման վերաբերյալ մտահոգություններն ավելի են ընդգծվել։ Հունվար-հունիս ամիսներին բյուջեի եկամուտներն աճել են 14.7%-ով, իսկ ծախսերը՝ 7.0%-ով՝ ձևավորելով 67.3 մլրդ դրամ հավելուրդ։ Ընթացիկ ծախսերն աճել են 16.1%-ով, մինչդեռ կապիտալ ծախսերը նվազել են 28.3%-ով, իսկ դրանց թերակատարումը կազմել է 146.4 մլրդ դրամ կամ կիսամյակի պլանի 40.8%-ը։ Նախատեսված 316.4 մլրդ դրամ պակասուրդի փոխարեն արձանագրված հավելուրդի հետևանքով պլանային և փաստացի հաշվեկշիռների շեղումը հասել է 383.7 մլրդ դրամի։ Հետևաբար հավելուրդը մեծապես արտացոլում է հատկապես կապիտալ ծրագրերի թերակատարումը և ինքնին վկայում է իրականացվող ծախսերի անարդյունավետ քաղաքականության մասին։

Գնաճային և վարկային զարգացումները ևս պահանջում են շարունակական ուշադրություն։ Հունիսին 12-ամսյա գնաճն արագացել է մինչև 5.1%՝ գերազանցելով Կենտրոնական բանկի 3±1% թիրախային միջակայքը։ Միաժամանակ, ավանդների և վարկերի տարեկան աճերը կազմել են համապատասխանաբար 20.6% և 24.4%։ Վարկավորման բարձր աճը մի կողմից աջակցում է տնտեսական ակտիվությանը և ներքին պահանջարկին, մյուս կողմից կարող է պահպանել գնաճային ճնշումները և մեծացնել վարկերի որակի ու տնային տնտեսությունների պարտքային բեռի հետ կապված ռիսկերը

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/IGctS։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով
22:20 Ինչու ոչ ոք չի մասնակցում Հրազդանի թանկարժեք մայթերի շինմրցույթին․ պարզաբանում
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև
09:05 ՊՆ-ն ընդդեմ «Զինապահի». քանի զոհված ու անհետ կորած զինվոր է թաքցվել