Հուլիսի 17-ին խարդախության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին է դիմել Էդգար Ս․-ն և հայտնել, որ Խորենացի փողոցում գործող «Ոսկու աշխարհ»-ում տեղի է ունեցել կեղծ ոսկու իրացում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ խանութի վարձակալ, Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Վահան Դ․-ն մատնացույց է արել մի քաղաքացու, ով, ըստ նրա, խաբեությամբ վաճառել է կեղծ ոսկյա զարդեր։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված հասցեից խարդախություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել Երևանի բնակիչ 41-ամյա Սարգիս Մ․-ն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 2 հատ ոսկեգույն մատանի։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Էդգար Ս․-ն «Ոսկու աշխարհ»-ի անվտանգության պետի տեղակալն է։