Johnson & Johnson ընկերությունն առաջարկել է վճարել 5.5 միլիարդ դոլար՝ ԱՄՆ-ում իր դեմ ներկայացված շուրջ 76.000 դատական հայցերը կարգավորելու համար։ Հայցվորները պնդում են, որ ընկերության մանկական փոշին քաղցկեղ է առաջացնում։
Ինչպես հայտնում է DW-ն, չնայած այս առաջարկին՝ ընկերության դատական գործերով փոխնախագահ Էրիկ Հաասը մեղադրանքներն անվանել է անհիմն: Նա վստահություն է հայտնել, որ Johnson & Johnson-ն ի վերջո կհաղթեր դատարանում, սակայն համաձայնությունը թույլ է տալիս ընկերությանը թողնել այս հարցն անցյալում։ Ընկերությունը նախատեսում է ևս 3 միլիարդ դոլար հատկացնել դատական հայցերի կարգավորմանը 2027 թվականին։
Ինչու է փոշին վտանգավոր համարվում. այն իր մեջ պարունակում է բնական հանքանյութ, որը լայնորեն կիրառվում է կոսմետիկայում։ Սակայն այն հանքավայրերը, որտեղից արդյունահանվում է այդ հանքանյութը, հաճախ պարունակում են ասբեստ՝ քաղցկեղածին հանքանյութ, որը կարող է առաջացնել չարորակ ուռուցքներ:
Ընկերության դեմ դատական գործընթացները սկսվել են դեռևս 2009 թվականին։ Johnson & Johnson-ը շարունակում է պնդել, որ իր արտադրանքն անվտանգ է, սակայն 2023 թվականին դադարեցրեց 1894 թվականից արտադրվող մանկական փոշու վաճառքը՝ պատճառաբանելով առևտրային խնդիրները։ Այժմ ընկերությունն արտադրում է եգիպտացորենի օսլայի հիմքով փոշի։