copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 14:37 28-07-2026

Ռուսաստանցիների հետաքրքրությունը Հայաստանի անշարժ գույքի նկատմամբ կրկին աճել է․ Երևանում վարձակալության գները բարձրացել են

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հայաստանում, հատկապես Երևանում, ռուսաստանցիների շրջանում բնակարանների պահանջարկը վերջին ամիսներին զգալիորեն աճել է։

Ինչպես հայտնում է Meduza-ն, անշարժ գույքի գործակալների խոսքով՝ վերջին երեք ամիսների ընթացքում Երևանում վարձակալության բնակարանների գներն աճել են շուրջ 30 տոկոսով։ Նրանք ներկայիս իրավիճակը համեմատում են 2022 թվականի հետ, երբ Ուկրաինայում պատերազմի և Ռուսաստանում մասնակի զորահավաքի ֆոնին հազարավոր ռուսաստանցիներ տեղափոխվեցին Հայաստան։

Ռուսական Telegram-ի անշարժ գույքի որոնման խոշոր ալիքներում ամեն օր տասնյակ նոր հայտարարություններ են հրապարակվում այն մարդկանց կողմից, ովքեր արդեն տեղափոխվել են Հայաստան կամ ծրագրում են դա անել առաջիկա ամիսներին։

Միևնույն ժամանակ, Yandex Wordstat ծառայության տվյալներով՝ Երևանում բնակարաններ որոնողական հարցումների թիվը հուլիսին հասել է 5200-ի։ Համեմատության համար՝ 2022 թվականի փետրվարի վերջին այդ ցուցանիշը կազմել էր շուրջ 5000, իսկ նույն տարվա սեպտեմբերին՝ Ռուսաստանում մասնակի զորահավաքի օրերին, այն մոտեցել էր 10 000-ին։