Կառավարությունը 2024 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ հաստատել է Գյումրիում գտնվող «Վառեմ-մարեմ» պատմական շենքի վերականգնման վերաբերյալ Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացրած նախագիծը։
Շենքը նախատեսվում էր վերականգնել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Սակայն կառավարության այդ որոշումից շուրջ երկու տարի անց շենքը շարունակում է քանդվել, իսկ վերականգնման աշխատանքները տարբեր պատճառներով դեռևս չեն մեկնարկել։
Նշենք, որ շենքի վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականի հունիսի 1-ը։
Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի տեղակալ, ճարտարապետ Հովիկ Ղազարյանը
Oragir.News-ի հետ զրույցում հայտնել է, որ այս պահին իրականացվում են նախագծային աշխատանքներ։
«Քանի որ շենքը պատմամշակութային հուշարձան է, անհրաժեշտ է նաև ԿԳՄՍ նախարարության համաձայնությունը։ Հիմնական խոչընդոտն այնտեղից է։ 2025 թվականին մենք տվել ենք ամրակայման թույլտվություն, քանի որ շենքը խիստ վթարային էր, և ցանկացած պահի քարերը կարող էին պոկվել ու ընկնել անցորդների վրա։ Այդ պատճառով հրատապ կարգով տրամադրել ենք ամրակայման թույլտվությունը՝ փլուզման վտանգը նվազեցնելու համար, որից հետո սկսվել է նախարարության հետ համաձայնեցման գործընթացը»,- նշել է ճարտարապետը։
Հովիկ Ղազարյանի փոխանցմամբ՝ շենքը վերականգնումից հետո կգործի որպես թանգարան և պատկերասրահ։
Նա ընդգծել է, որ շենքի ճարտարապետական տեսքը չի փոխվելու։ Ղազարյանի խոսքով՝ նախնական էսքիզներն քննարկվում են Գյումրիի քաղաքապետարանի համապատասխան բաժնում, իսկ ԿԳՄՍ նախարարության համաձայնությունից հետո քաղաքապետարանը կտրամադրի շինարարության թույլտվությունը։
Հիշեցնենք, որ մի քանի անգամ ձեռքից ձեռք անցնելով՝ շենքը ներկա պահին գտնվում է ԿԳՄՍ նախարարության հաշվեկշռում։ Հայտնի ֆիլմի, հայտնի շենքը 2009 թվականից քաղաքային գույք չի հանդիսանում։
Տեսանյութ։