Ճամբարակի զորամասում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Աշխատանքային գործունեությանս ընթացքում, ցավոք, մեծ թվով նման միջադեպերի եմ առնչվել, և յուրաքանչյուր զինծառայողի մահ ինձ խոր ցավ է պատճառել։
Նարեկը լավ մարդ էր՝ մեղմ բնավորությամբ և մարդկային բարձր հատկանիշներով օժտված տղա, ով վայելում էր ուսանողական շրջապատի և դասախոսական կազմի սերն ու հարգանքը։
Դեպքի նրբությունից և առանձնահատկություններից ելնելով՝ չեմ ուզում խոսել վարկածների կամ ինձ հայտնի հանգամանքների մասին։
Սակայն մեկ բան հստակ է. պետությունը պատշաճ մոտեցում չի ցուցաբերում կարգապահական խնդիրների, զորքերում բարոյահոգեբանական վիճակի և վերահսկողության ապահովման ուղղությամբ, ինչը, որպես ծանր հետևանք, հանգեցնում է նմանօրինակ միջադեպերի։
Պահանջը օբյեկտիվ, բազմակողմանի քննությունն է և, որպես դրա հետևանք, նմանօրինակ դեպքերի կանխումը։
Ցավակցություններս Նարեկի ընտանիքին, հարազատներին և ընկերներին»,- գրել է Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին քննչական կոմիտեն էր հայտնել զինծառայողի մահվան մասին, չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ հոդվածով է քրեական վարույթ հարուցվել, իսկ պաշտպանության նախարարությունը մինչ այս պահը որևէ տեղեկատվություն չի հայտնել դեպքի վերաբերյալ։