Սիրված երգիչ Վաչե Ամարյանը, ով արդեն 5 տարի է՝ բնակվում է ԱՄՆ-ում, հանդես է եկել հայտարարությամբ: Արտերկրում ապահով ապրող արտիստը որոշել է թողնել ԱՄՆ-ն և վերջնականապես վերադառնալ հայրենիք: Ինստագրամյան իր էջում երգիչը բացահայտել է այս որոշման դրդապատճառներն ու կնոջ հետ ունեցած վճռորոշ զրույցը:
Վաչեն անկեղծացել է, որ ԱՄՆ-ն իրեն շատ լավ է ընդունել, և այս տարիների ընթացքում ինքը չափազանց լավ կյանքով է ապրել, սակայն ընտանիքից հեռու լինելն իր հետքն է թողել:
«Ես արդեն 5 տարի է, տանից դուրս եմ եկել ու չեմ վերադարձել, շատ լավ կյանքով եմ ապրել այս տարիների ընթացքում, ինձ մոտ ամեն ինչ շատ լավ է, ԱՄՆ-ն ինձ շատ լավ է ընդունել և ընդունում, բայց վերջերս կինս ինձ ասաց, որ արդեն 5 տարի հանգստացար, բավական չի՞: Վերջին ամիսներին ամեն օր մտածում եմ ետ գալու մասին: Ինչպես ասում են՝ իսկական տղամարդը պետք է տանը լինի»,- խոստովանել է երգիչը:
Երգիչն հատուկ ընդգծել է, որ իր այս քայլը որևէ խնդրի կամ ձախողման հետևանք չէ: Պարզապես եկել է պահը, երբ ընտանիքի կողքին լինելը դարձել է առաջնահերթություն:
Միևնույն ժամանակ, Վաչեն նշել է, որ հայրենիք վերադառնալուց հետո այլևս չի կարողանա հետ վերադառնալ ԱՄՆ. «Ուզում եմ շեշտել, որ ոչ մի խնդիր չի եղել, ուղղակի ժամանակն է ընտանիքին մոտ լինել»,- պարզաբանել է նա:
Վաչե Ամարյանն արդեն հստակեցրել է իր վերադարձի ժամկետներն ու առաջիկա ստեղծագործական պլանները: Նա խոստացել է հայաստանաբնակ երկրպագուներին, որ շատ շուտով նրանց ներկայանալու է նորովի. «2027 թվականին ուզում եմ գալ հայրենիք: Ձեզ հետ կլինեմ, նոր երգացանկ կստեղծեմ»,- եզրափակել է երգիչը: