Ներքին Խոսք Տեսանյութ 6 ժամ առաջ - 14:46 21-07-2026

Ութ ամիս նամակ գրես, մեկը չբացի՞, նայի․ եկեք՝ Ալիևին գրենք․ ձկնաբույծ

Մերի Հակոբյան

Լրագրող

«25 տարի աշխատել ենք ռուսական շուկայի համար, դա մեկ օրում հնարավոր չէ փոխել». լրագրողների հետ զրույցում հայտարարեց ձկնաբույծներից մեկը՝ անդրադառնալով ոլորտում ստեղծված իրավիճակին և արտահանման խնդիրներին։ Նրա խոսքով՝ տարիներ շարունակ փորձել են այլընտրանքային շուկաներ գտնել, այդ թվում՝ ԱՄՆ-ում, սակայն արդյունքները չեն արդարացրել սպասելիքները։

«Մի քանի տարի փորձել ենք արտահանել Ամերիկա։ Երեք տարվա ընթացքում ամեն ամիս ինքնաթիռով մոտ երկու տոննա ձուկ ենք ուղարկել, բայց այդ ծավալը նույնիսկ երկուսուկես տոննայի չի հասել։ Մեր հիմնական գնորդներն այնտեղ հայկական համայնքի ներկայացուցիչներն էին։ Փորձել ենք նաև այլ շուկաներ մտնել, բայց արդյունք չի եղել»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ եթե այսօր տնտեսություններն օրական արտադրում են շուրջ 70 տոննա ձուկ, ապա ամսական երկու տոննա արտահանումը որևէ ազդեցություն ունենալ չի կարող։ «25 տարի աշխատել ենք ռուսական շուկայի համար։ Դա մեկ օրում հնարավոր չէ փոխել։ Եթե 25 տարի ջութակ ես նվագել, չեն կարող ասել՝ վաղվանից մեկ այլ գործիք նվագիր և նույն արդյունքը տուր։ Նույնը նաև արտահանման շուկաների դեպքում է. նոր շուկա ստեղծելու համար տարիներ են պետք»,- նշեց նա։

Ձկնաբույծը նաև դժգոհեց, որ, չնայած եվրոպական շուկաների մասին հնչող հայտարարություններին, ոլորտը որևէ իրական աջակցություն չի ստացել։ «Ասում են՝ Եվրոպան պատրաստ է օգնել։ Բայց երեք ամիս է՝ ոչ մի աջակցություն չկա։ Թող ասեն՝ թեկուզ մեկ դրամ է հասել ոլորտին։ Մենք չենք ասում՝ անվճար օգնեն, գոնե վարկային միջոցներ տրամադրեն։ Ես արդեն գրեթե ամբողջ գույքս գրավադրել եմ, էլ գրավ դնելու բան չունեմ»,- ասաց նա։

Անդրադառնալով ներքին շուկային՝ նա նշեց, որ խոշոր արտադրողները փաստացի չեն կարող ամբողջ արտադրանքը վաճառել Հայաստանում, քանի որ դա կվնասի փոքր տնտեսություններին։ «Եթե խոշոր տնտեսությունները ամբողջ արտադրանքը բերեն ներքին շուկա, հարյուրավոր փոքր տնտեսություններ կփակվեն։ Այդ պատճառով հիմնական հույսը միշտ եղել է արտահանումը»,- ընդգծեց նա։

Ձկնաբույծը խոսեց նաև ջրօգտագործման սահմանափակումների մասին՝ նշելով, որ իշխանությունների պահանջով տնտեսությունների մեծ մասը 30 տոկոսով կրճատել է ջրի օգտագործումը։ «Մեզ ասել են՝ ջրի օգտագործումը 30 տոկոսով պետք է կրճատեք։ Բոլորս կատարել ենք այդ պահանջը, բացի մեկ-երկու տնտեսությունից։ Բայց հիմա մեզ ասում են՝ նորից փակեք։ Ես հարց եմ տալիս՝ ինչպե՞ս փակեմ, եթե ձուկը կենդանի օրգանիզմ է, ունի իր կենսաբանական պահանջները»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ բողոքի ակցիան շարունակվելու է, և իրենք պատրաստ են անհրաժեշտության դեպքում օրեր շարունակ հերթափոխով մնալ հավաքի վայրում։ «Մենք համբերատար ենք։ Եթե պետք լինի, մեկ շաբաթ էլ կսպասենք։ Մարդիկ հերթափոխով կմնան այստեղ՝ մեկը կհանգստանա, մյուսը կշարունակի բողոքի ակցիան։ Մենք չենք պատրաստվում նահանջել»,- եզրափակեց նա։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել