copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 22:00 15-07-2026

Օրենսդրական բա՞ց, թե՞ սովորական խարդախություն. «Իդրամը» «Լիգա ինշուրանսի» և «ԱՊՊԱ բյուրոյի» հետ խաբել են քաղաքացուն

Մերի Հակոբյան

Լրագրող

ԱՊՊԱ պայմանագիր ձևակերպելիս քաղաքացին ակնկալում է, որ թվային համակարգը ոչ միայն արագ կսպասարկի իրեն, այլև կկանխի ակնհայտ սխալները։

Սակայն, երբ iDram հավելվածը նույն ավտոմեքենայի համար նույն ժամանակահատվածում թույլ է տալիս երկրորդ անգամ վճարել ԱՊՊԱ-ի համար՝ առանց որևէ նախազգուշացման, հարցեր են առաջանում համակարգի աշխատանքի արդյունավետության վերաբերյալ։

Արդյունքում քաղաքացիները կարող են կամա թե ակամա կատարել կրկնակի վճարումներ՝ վստահ լինելով, որ նախկին վճարումը որևէ պատճառով չի գրանցվել։

Թեև գործող օրենսդրությունը չի արգելում նույն ժամանակահատվածի համար մեկից ավելի ԱՊՊԱ պայմանագրերի կնքումը, դա չի վերացնում մեկ կարևոր հարց․ եթե համակարգը տեսնում է, որ նույն ավտոմեքենայի համար արդեն առկա է գործող ԱՊՊԱ պայմանագիր, ինչո՞ւ մինչև վճարման ավարտը չի զգուշացնում օգտատիրոջը։

Հենց այս հարցն է բարձրացնում Oragir.News-ին դիմած քաղաքացին։

«Մարտ ամսին iDram հավելվածի միջոցով արդեն ձևակերպել ու վճարել էի «Լիգա Ինշուրանս»-ի ԱՊՊԱ-ն։ Հետո Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից հաղորդագրություն ստացա, որ ապահովագրության ժամկետը սպառվում է, նույն օրը նաև զանգ ստացա ապահովագրական գործակալից։ Այդ պահին մտածեցի՝ գուցե առաջին վճարումը չի գրանցվել կամ փոխանցման հետ կապված խնդիր է եղել, դրա համար iDram-ով նույն ժամանակահատվածի համար նորից վճարեցի։ Ավելի ուշ պարզվեց, որ նույն ժամկետի համար երկու անգամ եմ վճարել»,- Oragir.News-ին պատմել է խմբագրությանը դիմած ընթերցողը։

Նրա խոսքով՝ միայն ավելի ուշ է նկատել, որ իր անունով նույն ժամանակահատվածի համար ձևակերպված են երկու գործող ԱՊՊԱ պայմանագրեր։

«Զանգեցի «Լիգա Ինշուրանս»՝ հասկանալու, թե ինչպես է հնարավոր նույն ժամանակահատվածի համար երկրորդ անգամ պայմանագիր կնքել, եթե առաջինն արդեն գործում էր։ Ինձ պատասխանեցին, որ օրենքը դա չի արգելում»,- նշել է նա։

Ընթերցողի խոսքով՝ իրեն նաև տեղեկացրել են, որ երկրորդ պայմանագիրը հնարավոր է դադարեցնել, սակայն գումարի վերադարձը կիրականացվի գործող կանոններով սահմանված կարգով։ Սակայն, նրա համոզմամբ, խնդիրը միայն գումարի վերադարձը չէ։

«Եթե համակարգում արդեն երևում է, որ մեքենան գործող ԱՊՊԱ ունի, ինչո՞ւ որևէ նախազգուշացում չի հայտնվում, որ նույն ժամանակահատվածի համար նորից պայմանագիր եմ ձևակերպում։ Եթե նման զգուշացում լիներ, երկրորդ անգամ հաստատ չէի վճարի»,- ասել է նա։

Քաղաքացին թեմայի վերաբերյալ գրավոր հարցմամբ դիմել է «Լիգա Ինշուրանս» ապահովագրական ընկերությանը։

Ընկերությունից հայտնել են, որ ԱՊՊԱ ոլորտը կարգավորվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կողմից հաստատված «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններով և գործող իրավական ակտերով, որոնցով սահմանված չէ որևէ դրույթ, որը կսահմանափակի կամ կարգելի նույն ապահովագրական ժամանակահատվածի համար մեկից ավելի ԱՊՊԱ պայմանագրի կնքումը։

Ընկերությունից նաև նշել են, որ գործող կանոնների համաձայն՝ ԱՊՊԱ պայմանագրի գործողության ժամկետն ընտրում է հենց ապահովադիրը, իսկ առցանց եղանակով պայմանագիր կնքելիս մուտքագրված տվյալների և ընտրված ժամանակահատվածի պատասխանատվությունը կրում է ապահովադիրը։

«Լիգա Ինշուրանս»-ից հայտնել են, որ ընթերցողն իրավունք ունի դադարեցնել երկրորդ պայմանագիրը՝ ստանալով պայմանագրի չօգտագործված ժամանակահատվածին համապատասխան ապահովագրավճարի վերադարձը։

Միաժամանակ, առաջնորդվելով հաճախորդամետ սպասարկման սկզբունքով, տվյալ դեպքում ընկերությունն առաջարկել է կիրառել օրենքով նախատեսված այլ հիմք, որի արդյունքում ապահովագրավճարի վերադարձը կհաշվարկվի 100 տոկոսի չափով, ինչը հաճախորդի համար առավել շահավետ տարբերակ է։

Ընկերությունը նաև շեշտել է, որ նույն ժամանակահատվածի համար մեկից ավելի ԱՊՊԱ պայմանագրերի կնքման հնարավորությունը պայմանավորված է ոչ թե առանձին ապահովագրական ընկերության գործունեությամբ, այլ ոլորտի միասնական կանոններով, որոնք կիրառվում են բոլոր ապահովագրական ընկերությունների նկատմամբ։ Եթե քաղաքացիները գործող կարգավորումների վերաբերյալ առաջարկներ ունեն, դրանք կարող են ներկայացնել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյին։

Սակայն պատմությունը մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր խնդիր է բացահայտում։ Եթե գործող կանոնները թույլ են տալիս նույն ժամանակահատվածի համար երկրորդ պայմանագիր կնքել, դա դեռ չի նշանակում, որ թվային համակարգը պետք է լռի և չկանխի ակնհայտ սխալը։

Ընդամենը մեկ նախազգուշացնող հաղորդագրությունը՝ «Տվյալ ավտոմեքենայի համար ընտրված ժամանակահատվածում արդեն առկա է գործող ԱՊՊԱ պայմանագիր», կարող էր կանխել կրկնակի վճարումը և խնայել քաղաքացու ժամանակն ու միջոցները։ Այս դեպքում հարցը միայն մեկ քաղաքացու պատմությունը չէ։

Խնդիրը վերաբերում է այն բոլոր օգտատերերին, որոնք կարող են ստանալ հիշեցնող հաղորդագրություն կամ զանգ, կարծել, թե նախկին վճարումը չի գրանցվել, և նույն ժամանակահատվածի համար կրկին վճարում կատարել՝ առանց համակարգի կողմից որևէ զգուշացում ստանալու։

Նշենք, որ գումարը պահանջից հետո հետ են փոխանցել` հանելով իբր արդեն օգտագործված օրերը:

Ամենից շատ դիտված

15:22 50 տարվա ամուսնությունից հետո բաժանված Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելիի հետ հրապարակում է արել
14:43 ՌԴ-ում արջը հոշոտել ու գլխատել է անտառում միայնակ խմող տղամարդուն
13:39 Անհասկանալի վարակ՝ արտերկրից վերադառնալուց հետո. դերասանուհի Մարիամ Ադամյանը տագնապալի հրապարակում է արել
15:00 Փաշինյանի իշխանությունը առերևույթ քայքայվում է
17:19 Սիրտս նորից նույն վախով է լցվում. Մարի Պետրոսյանի խոստովանությունը
11:34 Ուկրաինայի Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին և ամբողջ կառավարությանը
10:51 Դատարանը 19-ամյա երիտասարդի, ով Mercedes CLS-ով բախվել էր ավտոբուսին, խափանման միջոցը փոխել է
21:30 Փաշինյանը վախենում է արձակուրդն արտերկրում անցկացնելուց
11:32 Լավ բանը էժան չի լինում. մեր սրճարանները թանկ են, որովհետև սպասարկումը բարձր մակարդակի վրա է. Փաշինյան
10:12 ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի թիրախների ռմբակոծումը և հայտարարել իրանական նավահանգիստների շրջափակման մասին