Հայկական կինոյի ամենահայտնի ու սիրված զույգերից մեկի՝ Ալեքսանդր Խաչատրյանի և Ալիս Կապլանջյանի ամուսնալուծության լուրը ամիսներ առաջ ցնցեց համանցանցը:
Տևական ժամանակ լռություն պահպանելուց հետո, հանրահայտ դերասանն առաջին անգամ անկեղծացել է բաժանման դժվարին ընթացքի, միայնության և իր կյանքում հայտնված նոր սիրո մասին, որն իրեն օգնել է կրկին երջանկություն գտնել:
Ալեքսանդր Խաչատրյանը չի թաքցրել, որ 50 տարվա ամուսնությունից հետո առանձին ապրելն ու ամուսնալուծությունը հեշտ որոշումներից չեն եղել, հատկապես, որ դրան հաջորդել է միայնության բավականին ծանր շրջան.
«Բաժանումից հետո մոտ մեկ տարի ես մենակ էի ապրում։ Իհարկե, մի քիչ ծանր է մենակ լինելը։ Չգիտեմ՝ կնոջ համար ինչպես է, բայց հատկապես տղամարդու համար շատ դժվար է։ Բայց կարծում եմ՝ մենք ճիշտ որոշում ենք կայացրել, որովհետև անընդհատ վիճելն էլ մի կյանք չէ, էլի»,- նշել է դերասանը։ Այս դժվարին փուլից հետո, սակայն, դերասանի կյանքում նոր լույս է բացվել: Նա խոստովանել է, որ այժմ նոր սիրելի ունի, ում հետ հարաբերությունները ձևավորվել են ամուսնալուծությունից բավական ժամանակ անց:
Ըստ դերասանի՝ իրենց կապն այսօր հիմնված է փոխադարձ հարգանքի ու ազատության վրա. «Մեր հարաբերությունները շատ հետո սկսվեցին։ Կարծում եմ՝ գոնե առայժմ մենք լրացնում ենք իրար։ Երկուսս էլ ազատ մարդիկ ենք. այնպես չէ, որ պարտավորություններով ծանրաբեռնված ենք։ Ինքն իր երեխաներին է նվիրված, ես՝ իմ երեխաներին, և մենք բավական համերաշխ ենք»,- պատմել է նա։
Ալեքսանդր Խաչատրյանը հատուկ շեշտել է, թե որքան կարևոր է հասուն տարիքում գտնել այնպիսի մեկին, ով կիսում է քո աշխարհընկալումը. «Շատ կարևոր է կողքիդ ունենալ մի մարդու, որը քեզ հասկանում է, և որին դու ես հասկանում։ Մենք լրացնում ենք իրար»,- ամփոփել է դերասանը: