2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ գործող իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության առանցքային թեմաներից մեկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն էր։
Ընտրողներին ներկայացվեց թեզ, ըստ որի՝ երկրի տնտեսական խնդիրների ու «դժբախտությունների» զգալի մասի պատասխանատուն կոմբինատի գերմանացի տերերն են՝ Պիլարսկիների ընտանիքը և նրանց պատկանող «Քրոնիմետ Մայնինգ» (Cronimet Mining) ընկերությունը, որը տնօրինում էր բաժնեմասերի 75 տոկոսը։
Լրատվամիջոցները լայնորեն լուսաբանում էին Փաշինյանի նախընտրական ելույթները Սյունիքում, որտեղ նա հայտարարում էր կոմբինատում առկա «ապօրինությունների», «կոռուպցիոն սխեմաների» և այն մասին, որ կոմբինատը «կոպեկ-կոպեկ» հետ է վերադարձվելու ժողովրդին։ Այդ օրերին քննադատության հիմնական թիրախում հենց նախկին գերմանացի սեփականատերերն ու նրանց հայաստանյան գործընկերներն էին։
Հայտարարություններին հաջորդեցին իրավական և վարչական առերևույթ հետապնդումներ։ Ի վերջո, «Քրոնիմետի» բաժնետոմսերն անցան «Արդյունաբերական ընկերություն» անվամբ կառույցին, որից հետո ոլորտում տեղի ունեցան հետագա կոսմետիկ և սեփականատիրական փոփոխություններ։
Խնդրի հիմնական պարադոքսը այն է, որ եթե 2021 թվականին հնչեցված մեղադրանքներն ու իրականացված գործընթացները կրում էին իրական և ոչ թե ձևական բնույթ, ապա անհասկանալի է մնում դիվանագիտական կարգավիճակի հարցը։
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում (Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում) Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսը շարունակում է մնալ նույն Գյունտեր Պիլարսկին։ Ստացվում է մի իրավիճակ, երբ ներքին լսարանի համար «չարագործ» կամ «թալանչի» որակված անձը պաշտոնական ԱԳՆ-ի համար շարունակում է ներկայացնել Հայաստանի դիվանագիտական շահերը արտերկրում։
Նշված հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով
Oragir.News-ը պաշտոնական հարցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ ԱԳՆ պաշտոնական պատասխանը կհրապարակվի այն ստանալուն պես։