Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ուկրաինա։ Այցի ընթացքում Ֆիդանը հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։
Թուրքական դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ բանակցությունների առանցքում լինելու են խաղաղության նախաձեռնությունները, երկկողմ հարաբերությունները և Սև ծովի անվտանգության հարցերը։
Սպասվում է, որ Ֆիդանը կվերահաստատի Անկարայի աջակցությունն Ուկրաինայի անկախությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ընդգծելու է, որ Թուրքիան պատրաստ է կրկին հյուրընկալել Ռուսաստանին և Ուկրաինային բանակցությունների սեղանի շուրջ:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը խոսելու է նաև ռուս-ուկրաինական պատերազմի դեպի Սև ծով տարածումը կանխելու, նավագնացության անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև շեշտելու է քաղաքացիական նավերի թիրախավորման անթույլատրելիությունը:
Երկրի գլխավոր դիվանագետի շուրթերով Անկարան վերահաստատելու է իր դիրքորոշումը Ղրիմի վերաբերյալ, այն է. Թուրքիան չի ճանաչում Ղրիմը որպես ՌԴ-ի մաս:
Աղբյուր՝ Ermenihaber