copy image url
Արտաքին 2 ժամ առաջ - 23:58 12-07-2026

Սենատոր Բլումենթալը կոչ է արել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանել՝ ի հիշատակ Լինդսի Գրեմի

Դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենթալը կոչ է արել ԱՄՆ Սենատին հնարավորինս շուտ ընդունել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ երկկուսակցական օրինագիծը՝ հայտարարելով, որ դա «հարգանքի տուրք» կդառնա դրա համահեղինակ, հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեմի հիշատակին, հաղորդում է CNN հեռուստաալիքը։

Բլումենթալը պատմել է, որ մահից քիչ առաջ Գրեմը ոգևորությամբ քննարկում էր Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ ձեռք բերված համաձայնությունը՝ առաջ մղելու այն օրինագիծը, որի վրա նրանք աշխատել էին ավելի քան մեկ տարի։

«Սա անասելի մեծ գործ է. մենք բոլորս հիանալի աշխատեցինք»,- Գրեմի խոսքն է մեջբերել Բլումենթալը։

Սենատորի վկայությամբ, իրենց վերջին զրույցի ընթացքում Գրեմը «երբևէ եղածից առավել լեցուն էր ոգևորությամբ», ուստի օրինագծի հնարավորինս շուտ ընդունումը կլինի նրա հիշատակը հարգելու լավագույն միջոցը։

Փաստաթուղթը, որը վայելում է սենատորների մեծամասնության աջակցությունը, նախատեսում է խիստ մաքսատուրքերի սահմանում այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են ներմուծել ռուսաստանյան նավթ, բնական գազ և ուրան։