copy image url
Ներքին 2 ժամ առաջ - 14:58 05-09-2026

Ինչու սխալվեց Վահագն Խաչատուրյանը, և ինչու են կրկին սխալ թիվ ասում

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Արցախյան պատերազմի զոհերը հանգիստ չեն տալիս իշխանություններին։

Սխալ հայտարարությունն արել է նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 4-ին։ Պրահայի CEVRO համալսարանում ունեցած ելույթի ժամանակ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմում ունեցել ենք 4800 զոհ։ Իսկ սեպտեմբերի 5-ին Նախագահի աշխատակազմը հայտարարություն է արել և ներողություն խնդրել նախագահի սխալի համար։

«Ներողություն ենք խնդրում սխալի համար և ճշգրտում. 44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»,- հստակեցրել է նախագահ Խաչատուրյանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը։

Սա շատ ցավոտ թեմա է. խոսքը վերաբերում է պատերազմի զոհերին, որոնցից յուրաքանչյուրը անմոռանալի ողբերգություն է հարազատների համար։ ՔՊ-ական իշխանությունները պարբերաբար հանդիմանում են ընդդիմությանը, թե նրանք ուռճացնում են զոհերի թիվը։ Իսկ Քննչական կոմիտեն մի քանի անգամ տարբեր թվեր է տրամադրել լրատվամիջոցների հարցումներին՝ ի պատասխան։

2025-ի նոյեմբերին նախկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հղում անելով ՔԿ-ի տրամադրած տվյալներին, ասել էր. «2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ (այդ թվում՝ 78 քաղաքացիական անձ, 3755 զինծառայող)։ Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը (այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի)»։

Այս հայտարարությունից ակնհայտ է, որ Նախագահի աշխատակազմի ներկայացուցչի հրապարակած թիվը լիարժեք չէ։ 3755-ը զոհված զինծառայողների թիվն է։ Այնինչ՝ նրանցից զատ պատերազմում զոհվել են նաև խաղաղ բնակիչներ, որոնց հաշվարկից դուրս թողնելն ազնիվ չէ։

Ինչո՞վ է բացատրվում այսպիսի անլուրջ մոտեցումը։

Յուրաքանչյուր քաղաքացու համար էլ ամոթալի է, որ իր պետության նախագահն այսպիսի սխալ է արել։ Ուստի՝ ենթադրենք՝ Վահագն Խաչատուրյանը չի սխալվել, և իրականում 4800 զոհ է եղել։ Եթե համարենք, որ նախագահը պետության գլուխն է, շատ լուրջ մարդ է և չէր կարող սխալվել այսպիսի նուրբ հարցում, ապա նրա ասած 4800 թիվը ճիշտ է։ Հավանաբար, նա պարզապես մոռացել է, որ ՔՊ-ական գործընկերները զոհերի այլ թիվ են ներկայացնում։ Այսպիսի մոռացությունը բացատրվում է հետևյալ կերպ. Մարդիկ ձգտում են մոռանալ իրենց ու իրենց ընկերների սխալները, կեղծիքները, ազատվել այդ ծանրությունից։ Եվ նախագահ Խաչատուրյանը մոռացել է, որ գործընկերները 3833 թիվն են ներկայացնում, ու չեխ ուսանողների առաջ ասել է 4800։

Մեկ այլ ենթադրությամբ՝ Վահագն Խաչատուրյանը պարզապես մոռացել է զոհերի թվերը։ Այս մոռացությունը ևս բացատրելի է։ Խաղաղության մասին խոսույթում որոշ ՔՊ-ականներ այնպես են ներկայացնում իրավիճակը, կարծես պատերազմ չի էլ եղել։ Այսինքն՝ նրանցից շատերը, հավանաբար, մոռացել են, որ Ադրբեջանը անմարդկային պատերազմ է վարել, Արցախից բռնի տեղահանել 100 հազար հայերի։ ՔՊ-ականները ձգտում են ամենուր նվազագույնի հասցնել պատերազմի մասին հիշատակումները։ Կարծես ուզում են մոռացության տալ պատերազմի և կորուստների հետ կապված ամեն ինչ։ Վահագն Խաչատուրյանն էլ վարակվել է նրանցից ու մոռացել զոհերի թիվը, 3833-ի փոխարեն ասել է 4800։

Ոչ պակաս զարմանալի է, թե ինչու է Աղասի Մարգարյանը 3833-ի փոխարեն հնչեցնում 3755-ը։ Խաղաղ բնակչության զոհերին չենք հաշվո՞ւմ որպես պատերազմի զոհեր։ Այսպիսի տարբերակումն ազնիվ չէ զոհերի հիշատակի հանդեպ։ Այս դեպքում Նախագահ Խաչատուրյանը կարող է ներողություն խնդրել, որ իր աշխատակազմի պատասխանատու աշխատակիցն այսպիսի անազնիվ տարբերակում է արել։

Կարճ ասած՝ Վահագն Խաչատուրյանի սխալը միայն իր սխալը չէ։ Նա կարող է անկեղծորեն խոստովանել, թե ո՞վ էր մեղավոր իր սխալվելու մեջ՝ իր աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյա՞նը, Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ ՔՊ-ական անպատասխանատու մտածողությունը։ Գուցե նախագահ Խաչատուրյանի սխալը կսթափեցնի ՔՊ-ականներին, որ չստվերեն պատերազմի մասին պատմությունն ու վիճակագրությունը, չմոռանան մեր մեծ պատերազմների ու զոհերի մասին, որ այսպիսի սխալներ չանեն, ամոթալի վիճակում չհայտնվեն։


Ձեզ գուցե հետաքրքրի