Ուղիղ եթեր
Օրակարգ 2 ժամ առաջ - 21:00 07-07-2026

Օրակարգ․ Գագիկ Ծառուկյանը սահմաններ է անցել․ Փաշինյանը չի ներելու նրան․ Արմեն Վարդանյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Արմեն Վարդանյանն է։

Հարցազրույցի շրջանակում Արմեն Վարդանյանի հետ զրուցել ենք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության, վերջինիս շուրջ ծավալվող զարգացումների, հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքների, ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելու, նոր խորհրդարանի լեգիտիմության, սպասվող սահմանադրական փոփոխությունների, դրանք կյանքի կոչելու ճանապարհների, հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված իրավիճակի և այն հանգուցալուծելու հնարավորությունների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի շուրջ։

Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանը խախտել է պայմանավորվածությունները, ինչի համար Նիկոլ Փաշինյանը նրան չի ների։

«Կարծում եմ՝ այո՛, քաղաքական ենթատեքստ կա Ծառուկյանի հետապնդման մեջ, որովհետև ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանը կա՛մ ինչ-ինչ պայմանավորվածություններ է խախտել, կա՛մ ինչ-ինչ սահմաններ է անցել, ինչի համար իշխանությունը նրան չի ներում և փորձում է պատժել։ Պատճառը, կարծում եմ, պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում։ Նախընտրական շրջանում Ռուսաստանն իր բոլոր ջանքերը ներդրեց՝ մի քանի քաղաքական ուժերի միջոցով հասնելու լայն կոնսոլիդացիայի և Նիկոլ Փաշինյանին իշխանազրկելու, սակայն դա նրանց չհաջողվեց, և, ինչպես իշխանությունն էր ասում, ընդդիմության այն երեք գլուխներից մեկը, որը փորձում էր իշխանությունը խլել Փաշինյանից, Գագիկ Ծառուկյանն էր։

Բացի դրանից, նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը մի քանի անգամ ակնարկներ արեց Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ։ Նա ասաց, կարծեմ, բառացի չեմ հիշում, բայց մոտավորապես նշեց, որ Գագիկ Ծառուկյանը խաղում է Կրեմլի խաղը, նույնիսկ չի հասկանում, որ Կրեմլի գործակալներին բերել և ընդգրկել է իր ցուցակում, և այլն։ Կարծում եմ՝ հենց սրա հետ են կապված Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։

Իրականում պետք է իրավիճակը դիտարկել ավելի լայն համատեքստում։ Պուտինի և Փաշինյանի միջև շատ լուրջ հակասություններ և լարվածություն կան։ Այն, որ Պուտինը մինչ այժմ չի շնորհավորել Փաշինյանին, խոսուն փաստ է, և դա իսկապես շատ բան է ասում։ Պուտինը բոլոր ջանքերը գործադրեց, որպեսզի Հայաստանում իշխանափոխություն իրականացվի, և այն հենասյուներից մեկը, որի միջոցով նա փորձում էր իշխանությունը վերցնել Նիկոլ Փաշինյանից, Գագիկ Ծառուկյանն էր»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը նաև նկատեց, որ 9-րդ գումարման Ազգային ժողովի հիմքում «ական» է դրված։

Մանրամասները՝ հարցազրույցում.


Ամենից շատ դիտված

13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
23:26 ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն Մոսկվային բողոքի նոտա է հանձնել