«Իրականում մենք այս վերջին ժամանակահատվածում արեցինք հնարավորն ու անհնարինը, որպեսզի իրավիճակը նման հանգուցալուծում չունենա, որովհետև, իհարկե, տեղահանումից հետո, առանց ամբիցիաների, Արցախի ոչ մի պաշտոնյա չի կարողանում հանգիստ ապրել, և տարբեր տեսակի ճնշումներ, մեխանիզմներ էին գործադրվում՝ այդ մարդկանց շարքերից հանելու համար։ Բնականաբար, նաև այս դեպքը բացառություն չէ»,-
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով խորհրդարանի խոսնակի՝ Աշոտ Դանիելյանի հրաժարականի պատճառներին։
Հիշեցնենք՝ Աշոտ Դանիելյանը նախօրեին էր հրաժարական ներկայացրել։ Նա իր հրաժարականը հիմնավորում է այն հանգամանքով, որ իրեն ուղղվող անհիմն մեղադրանքներն ու զրպարտությունները ևս ազդել են այս որոշման կայացման վրա, նշում է՝ չի ցանկանում, որ դրանք ստվեր նետեն Արցախի Հանրապետության, նրա պետական ինստիտուտների և Ազգային ժողովի հեղինակության վրա։Հակոբյանը ափսոսանքով նշեց, որ իրենց չհաջողվեց կարգավորումներ իրականացնել, շատերը պարզապես կամք չդրսևորեցին, ինչն էլ բերեց նման հանգուցալուծման։
«Ես կարծում եմ՝ դեռևս շուտ է պատճառների մասին խոսելը, որովհետև կային պրոցեսներ, որոնք ընթանում էին, և այդ պրոցեսների կարգավորման համար ԱԺ հանձնաժողով ստեղծելու կարիք կար, ինչը, ցավոք սրտի, չձևավորվեց, որովհետև այս բոլոր խնդիրներն ավելի արագացրին նախագահի հրաժարականը։ Այդ հանձնաժողովն այդպես էլ չստեղծվեց, որը գուցե այնպիսի կարգավորումներ աներ, որ այսպիսի ավարտ չլիներ»,- նշում է նա։
Oragir.News-ի հարցին՝ Աշոտ Դանիելյանի նկատմամբ Հայաստանի իշխանությունների կողմից ճնշումներ եղե՞լ են, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց, որ ճնշումներ կան բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնց համար Արցախի հարցը փակված չէ։
«Իրականում ճնշումներ բոլորի նկատմամբ կան, բոլորի՝ այն առումով, ում համար Արցախի հարցը փակված չէ։ Բնականաբար, Արցախի Ազգային ժողովի, Արցախի պաշտոնյաների նկատմամբ այն ավելի արտահայտված էր, բայց նաև այն մարդկանց նկատմամբ, ովքեր, իրականում, որևէ անձնական շահ չունենալով, կամ անձնական շահ դիտարկելով հայրենիք վերադարձը, նետվել են պայքարի։ Բնականաբար, նաև Աշոտ Դանիելյանի նկատմամբ կային ճնշումներ»,- նշեց պատգամավորը։
Մետաքսե Հակոբյանից հետաքրքրվեցինք նաև, թե ե՞րբ է Արցախի ԱԺ-ն նիստ հրավիրելու և նոր նախագահ ընտրելու, ինչպես նաև կա՞ն արդյոք թեկնածություններ, որոնք այս պահին քննարկվում են։ Ի պատասխան՝ նա դժվարացավ հստակ ժամկետներ նշել․
«Իրականում դեռ հստակ չեմ կարող ասել՝ ե՞րբ հնարավոր կլինի նիստ հրավիրել ու կարգավորումներ անել, որովհետև նախևառաջ պետք է, որ թեկնածուներ առաջադրվեն։ Դուք հիշում եք, որ դեռևս 1 տարի մի քանի ամիս առաջ՝ 2025 թվականի մայիսի 21-ին, մենք ինչ դժվարությամբ կարողացանք իրականացնել ընտրությունները, որովհետև ճնշումները թե՛ Ադրբեջանի կողմից էին, թե՛ Հայաստանի իշխանությունների կողմից էին, թե՛, ցավոք սրտի, Արցախի ներքին քաղաքական դաշտից»։
Մետաքսե Հակոբյանը հավելեց, որ այժմ դեռ նախնական քննարկումների փուլում են, որը դեռ այնքան էլ տեմպ չի հավաքել։ «Այսպես նեղ շրջանակում փորձում ենք հասկանալ իրավիճակը և հանգուցալուծում գտնել»,- եզրափակեց նա։