copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 18:12 02-07-2026

ԱԱԾ-ն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կադրերի արտահոսքի խնդրին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, խախտելով տեղեկատվություն ստանալու՝ օրենքով նախատեսված հնգօրյա ժամկետը (կայքից լրացուցիչ ժամանակ չեն խնդրել), 18 օր անց պատասխանել է սահմանային անցակետում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող կադրերի արտահոսքի օրինականության մասին NEWS.am-ի գրավոր հարցմանը:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին զանգվածային լրատվության միջոցներով և համացանցում տեղեկատվություն ու տեսանյութ տարածվեց այն մասին, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային անցման կետում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաթղթերը ստուգվում են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից, և վերջինիս թույլ չի տրվել լքել ՀՀ տարածքը: Տարածված տեսանյութում հստակ երևում են օդանավակայանի սահմանային հսկողության անցման կետի տեսախցիկների տեսագրությունը և երկրորդ նախագահի անձնական տվյալների ստուգման գործընթացը։

Հաշվի առնելով, որ ՀՀ պետական սահմանի «Զվարթնոց» անցման կետում հսկողությունն իրականացնում են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը, նույն օրը NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ԱԱԾ-ին՝ խնդրելով օրենքով սահմանված ժամկետում տրամադրել տեղեկատվություն հետևյալ հարցերի վերաբերյալ.

1. Արդյո՞ք ՀՀ ԱԱԾ-ում հարուցվել է ծառայողական քննություն՝ պարզելու, թե ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի անցման կետի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները (որոնք պարունակում են անձնական տվյալներ) հայտնվել լրատվամիջոցների և երրորդ անձանց տրամադրության տակ: Եթե այո, ապա ի՞նչ փուլում է այն գտնվում, կամ ի՞նչ է պարզվել:

2. Տվյալ տեսանյութի հրապարակման և տեղեկատվության արտահոսքի համար պատասխանատու անձանց նկատմամբ արդյո՞ք կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ:

3. Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից՝ հետագայում սահմանային անցման կետերում քաղաքացիների անձնական տվյալների և տեսահսկման համակարգերի տվյալների անվտանգությունն ու գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ:

Մեր կողմից նախանշված հստակ հարցերին պատասխանելու փոխարեն, ԱԱԾ-ն պարզապես հղում է կատարել «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 15-րդ հոդվածին, որտեղ սահմանված են Ազգային անվտանգության մարմինների լիազորությունները և պատվիրակված գործառույթների իրականացումը: ԱԱԾ-ից, սակայն, չեն հստակեցրել, թե հոդվածում ամրագրված 66 կետերից ո՞րն է համապատասխանում տվյալ օրը ԱԱԾ-ի կողմից իրականացված գործառույթներին:

Եթե խոսքը վերաբերում է, օրինակ, օպերատիվ-հետախուզական նպատակներով իրականացված տեսագրմանը, ապա պատասխանում առնվազն պետք է հղում կատարվեր անձի՝ հնարավոր գտնվելու այլ վայրերում «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու մասին դատարանի որոշմանը:

Փոխարենը՝ ԱԱԾ-ի կողմից վկայակոչված «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածում հստակ ամրագրված է, որ Ազգային անվտանգության մարմինների գործունեության ընթացքում ստացված՝ անձի անձնական և ընտանեկան կյանքի մասին տեղեկությունները ազգային անվտանգության մարմինները, առանց քաղաքացու համաձայնության, իրավունք չունեն հավաքել, պահել, օգտագործել կամ տարածել:

Ամենաուշագրավը, թերևս, ԱԱԾ-ի կողմից տրամադրված պաշտոնական գրության մեջ տեղ գտած հետևյալ ձևակերպումն է:

«Միաժամանակ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իրավասու է որևէ նպատակով հրապարակել իր կողմից տնօրինվող տեղեկատվությունը»,- ասված է ԱԱԾ-ի պատասխանում՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ ի՞նչ նպատակով:

Այս պատասխանով ԱԱԾ-ն, ըստ էության, դե յուրե կրկնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեռևս հունիսի 18-ին արված հակասահմանադրական և հակաօրինակ որակված այն պարզաբանումը, թե «ԱԱԾ-ն ինչ կուզի կհրապարակի»:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կադրերի արտահոսքին, Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ այդ փաստով ծառայողական քննություն նշանակված չէ.
«ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան՝ արտահոսի, թե չարտահոսի, ի՞նչ պրոբլեմ կա էդտեղ։ Այսինքն՝ իր տիրապետած ինֆորմացիան է, կուզի՝ կարտահոսի, կուզի՝ չի արտահոսի։ Էն իրավասու անձինք, ովքեր ունեն իրավասություն էդ որոշումները կայացնելու, կարան կայացնեն, այ երբ որ էդ որոշումը կայացնեն մարդիկ, ովքեր դրա իրավասությունն ու հասանելիությունը չունեն, օրենքի խախտում է»,- ասել էր Փաշինյանը։

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ ԱԱԾ-ն իր պաշտոնական պատասխանով ստեղծում է վտանգավոր նախադեպ, որով այլևս չի երաշխավորվում ՀՀ քաղաքացիների անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը։ Ընդհակառակը՝ տպավորություն է ստեղծվում, թե կառույցն իրեն վերապահում է բացառիկ մենաշնորհ՝ սեփական հայեցողությամբ և քաղաքական նպատակահարմարությամբ տնօրինելու ու հանրայնացնելու պետական հսկողության տակ գտնվող տեսագրություններն ու անձնական տվյալները: