Հունիսի 25-ին Նիդերլանդներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ կլոր-սեղան քննարկմանը, որը կազմակերպվել էր Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կողմից: Քննարկմանը ներկա էին Նիդերլանդների ԱԳ և գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչներ, հայկական և նիդերլանդական ծաղիկ արտադրող, լոգիստիկ և բրոկերային ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև նիդերլանդական «Royal Flora Holland» ծաղիկների աճուրդի ներկայացուցիչներ։
Քննարկման մասնակիցները կարևորել են երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության ձևավորումը, ինչպես նաև հնարավորինս մեծ թվով ջերմոցային տնտեսությունների ներգրավումը արտահանման գործընթացներում։ Անդրադարձ է կատարվել ոլորտի զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերին և կառավարության կողմից տրամադրվող օժանդակության հնարավորություններին։
Հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը այցելել են նաև «Royal Flora Holland»-ի գլխամաս և Նիդերլանդների երկու խոշոր ծաղիկ արտադրող ընկերություններ՝ տեղում աճուրդի ընթացակարգերին ծանոթանալու և Հայաստանի ընկերությունների հետ համագործակցությունը ընդլայնելու հնարավորությունները քննարկելու նպատակով։