Վենեսուելայում տեղի է ունեցել վերջին մեկ դարի ընթացքում ամենահզոր կրկնակի երկրաշարժը, որի հետևանքով մայրաքաղաք Կարակասում և մի քանի այլ նահանգներում արձանագրվել են շենք-շինությունների մասշտաբային փլուզումներ ու համատարած խուճապ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, չորեքշաբթի երեկոյան տեղի ունեցած աղետի առաջին ցնցման ուժգնությունը կազմել է 7.2 մագնիտուդ, որից ընդամենը 39 վայրկյան անց նույն էպիկենտրոնային գոտում հաջորդել է էլ ավելի հզոր՝ 7.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրորդ հարվածը: Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է երկրի հյուսիսային ափամերձ գոտում՝ Մորոն և Սան Ֆելիպե քաղաքների մոտակայքում, սակայն ավերիչ ալիքը վայրկյանների ընթացքում հասել է մայրաքաղաք՝ փողոցներ դուրս բերելով հազարավոր ցնցված բնակիչների։
Ցնցումների առաջին իսկ րոպեներին տարածաշրջանում հայտարարվել էր նաև ցունամիի վտանգ, որը, բարեբախտաբար, կարճ ժամանակ անց չեղարկվել է: Երկրի ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելյոն կոչ է արել քաղաքացիներին անվտանգության նկատառումներից ելնելով լքել վնասված տներն ու բնակարանները, քանի որ բազմաթիվ թաղամասերում հրդեհներից խուսափելու նպատակով հրատապ կերպով անջատվել է գազամատակարարումը: Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը, երկրում հայտարարելով արտակարգ դրություն, շտապել է դիմել ժողովրդին՝ փաստելով մի քանի նահանգներում առկա լուրջ ավերածությունների մասին, մինչդեռ սեյսմոլոգները զգուշացնում են հնարավոր նոր ուժգին հետցնցումների մեծ հավանականության մասին։