«Էրեբունի» պատմահնագիտական ամրոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանը գրել է.
«Իմ կյանքը, գործունեությունը, անկասկած, կապված է Ուրարտուի՝ Արարատի թագավորության հետ: Ուրարտուն մեր ինքնության, մեր ընկալման, մեր հոգևոր արժեհամակարգի համար չափազանց կարևոր նշանակություն ունի: Ես չեմ սիրել ասել վերամբարձ խոսքեր, ես փորձել և փորձում եմ Ուրարտուն պահել գիտության և հայկական ծիրում:
Վերջին օրերին համացանցում, հատկապես ադրբեջանական տարբեր մեդիա հարթակների կողմից տարածվում է այն լուրը, որ Նախիջևանի Օձասար լեռան վրա գտել կամ վերագտել են ուրարտական Իշպուինի և Մենուայի համատեղ գահակալությանը վերաբերող սեպագիր արձանագրություն:
Իրականում Օձասարի ուրարտական արձանագրությունը հայտնաբերվել է 1988 թվականին՝ Հայաստանի հանրապետության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմոքիմիայի և անալիտիկ կենտրոնի տնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու Վ. Իգումնովը: 1996 թվականի Վ. Իգումնովի, Հ. Կարագյոզյանի և Ս. Հմայակյանի կողմից «Պատմաբանասիրական հանդես»-ում տպագրվել է հոդված Օձասարի արձանագրության և դրա ընթերցման վերաբերյալ: Հետագայում նշանավոր ուրարտագետներ Ն. Հարությունյանը և Մ. Սալվինին ևս հրատարակել են այդ արձանագրության վերաբերյալ հոդվածներ՝ որոշակի ճշտումներ մտցնելով դրա ընթերցման համար: Վերջին տարիներին Օձասարի արձանագրությանը անդրադարձել է նաև հայտնի ուրարտագետ Ռ. Դանը, իսկ դրա տեքստում հիշատակվող պաշտամունքային ասպեկտներին՝ նաև տողերիս հեղինակը:
Արձանգրությունում նշվում է Իշպուինիի և Մենուայի կողմից Արծինի և Անիանի քաղաքների երկրները նվաճելու, Խալդի աստծո պատվին կոթող կագնեցնելու, ինչպես նաև՝ Խալդիին և Խալդիի կնոջը կենդանական զոհաբերություններ մատուցելու մասին:
Օձասարը գտնվում է պատմական Հայաստանի Խոշակունիք բնակավայրի մոտ:
Ինչու հենց այս ժամանակաշրջանում ադրբեջանցիների սկսեցին տարածել Օձասարի արձանագրությունը գտնելու լուրերը: Բացի այդ, նրանք արդեն խոսում են, որ արձանագրությունը փաստում է Նախիջևանում ուրարտական տերության ներկայության մասին և նաև նշում են, որ եղել է նաև frontier: Սա շատ նուրբ եզրույթ է և կարող է ունենալ հեռուն գնացող նպատակներ:
Մինչև վերջերս ադրբեջանցիները պաշտոնական մակարդակով արգելվում էին նշել, գրել, որ Նախիջևանում եղել է ուրարտական տերության ներկայություն: Նույնիսկ Օղլան կալայից գտնված սեպագիր արձանագրությամբ մատնանշված տիպիկ ուրարտական կարասի բեկորը համարում էին տեղական գրի դրսևերում: Նրանք նույնիսկ Նախիջևանում աշխատող օտարերկրացի գիտնականներին էին փորձում ստիպել, որ իրենց աշխատանքներում նշեն, որ Նախիջևանում ուրարտական ներկայության հետքեր չկան: Դրա վառ ապացույցներից մեկն է ամերիկացի նշանավոր հնագետ, Բրեդլի Փարքերի “Azeri Nationalism and the Silencing of the Past”, «Ադրբեջանական ազգայնականությունը և անցյալի ձայնազրկումը» որը իր զեկուցման տեքստն է, որտեղ հայտնի գիտնականը դրել է իր և ադրբեջանցիներից իրեն ուղղված նամակի հաղորդագրությունը, որտեղ վերջինս Փարքերին փորձում է համոզել, որ Նախիջևանի ամրոցներն ուրարտական չեն :
Սակայն, ըստ երևույթին այժմ լուրջ փոփոխություն է տեղի ուենում:
Սակայն, այժմ մեկ էլ տեսնում ենք, որ Նախիջևանում վերագտել են Օձասարի արձանագրությունը:
Հարց է առաջանում. Եթե նրանք շատ ուզենային, կարող էին ավելի վաղ գտնել այդ արձանագրությունը: Կարծում եմ, որ, իհարկե, կարող էին: Մյուս հարցն է առաջանում, իսկ ինչու՞ են հենց հիմա սկսել ներկայացնել այդ արձանագրության մասին, խոսել Նախիջևանում ուրարտական ժառանգության մասին:
Ներկայումս ադրբեջանցիները սկսել են քարոզել, որ հայերն Ուրարտուի հետ որևէ կապ չունեն: Իմ անձնական կարծիքով, այս հանգամանքները կարող են վկայել այն մասին, որ սկսել է մի գործընթաց, ընդ որում, պլանավորված գործընթաց, երբ մեզնից փորձ են անում խլել Ուրարտուն:
Ընդ որում, եթե առաջ Ուրարտուին՝ Արարատի թագավորությանը հավակնում էր Թուրքիան, հիմա հայտ է ներկայացնում նաև Ադրբեջանը…
Շատ հետաքրքիր է, որ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի Ուրարտուի խայտառակ, սխալաշատ քարտեզում ներկայիս Հայաստանի Հանրապետությունը չկա, ներառված Էրեբունին չկա, բայց այ Նախիջևանը ներառված է…»:
