Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:40 28-02-2023

Հայերն ու ադրբեջանցիները միասին ապրել չեն կարող. ուսանողները ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց պահանջել են չանտեսել Սումգայիթի զոհերի հիշատակը

1988թ. փետրվարի 27-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանություններն սկսեցին հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ:

ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին, սպանվեցին, բռնաբարվեցին, տանջամահ արվեցին ու այրվեցին բազմաթիվ մարդիկ։

Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային բանակը, սակայն արդեն ուշ էր։ Այդ ջարդերն առաջին էթնիկ բռնություններ էին ԽՍՀՄ նոր պատմության մեջ և մեծ դեր ունեցան ինչպես նրա ամբողջական փլուզման, այնպես էլ ղարաբաղյան պատերազմի բռնկման գործում։

1988-1990թթ. Ադրբեջանական իշխանությունների իրականացրած հայերի զանգվածային ջարդերի հետևանքով վտարանդի դարձավ Ադրբեջանի ողջ հայկական համայնքը` առնվազն կես միլիոն մարդ:

Կոտորածները ոչ այլ ինչ էին, քան պատասխանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերին, որոնցով պահանջվում էր իրականացնել ինքնորոշման սահմանադրական իրավունքը:

Մինչ օրս Սումգայիթի ջարդերի զոհերի թիվը հստակեցված չէ. ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով՝ սպանվածների թիվը մի քանի տասնյակի է հասնում, իսկ ոչ պաշտոնականով՝ հազարից ավելի։

Այսօր, ի հիշատակ Սումգայիթ զոհերի, ուսանողները քայլերթ իրականացրեցին դեպի ՄԱԿ-ի գրասենյակ:

Նրանք մեջքով կանգնցին դեպի գրասենյակը և մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը: «Քայլերթը մեկ նպատակ ունի՝ աշխարհին ասել, որ մենք չենք մոռացել մեր զոհերին: Ուզում ենք աշխարհը ևս ընդունի այդ փաստը և Արցախյան շարժումների վերաբերյալ իրենց դիքորոշումը փոխեն»,- ասաց ուսանողներից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում։